• Latest news

Զիպրեքսայի եւ տեղական օլանզապինի կենսահամարժեքության փորձաքննություն կանցկացվի. բողոքները շարունակվում են

9 հոկտեմբերի, 2017  13:17

Հոգեկան խնդիրներ ունեցող խմբի կողմից տեղական արտադրության օլանզապին դեղի որակից շարունակվող դժգոհության  եւ դրա փոխարեն միայն ամերիկյան արտադրության զիպրեքսա դեղի պահանջ բարձրացնելու կապակցությամբ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հանձնարարել է Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին իրականացնել նշված երկու դեղի կենսահամարժեքության փորձաքննություն։

Փորձաքննությունը կիրականացվի շահառուների երկու տարբեր խմբի շրջանում։ Տեղական արտադրության բաղադրության կամ որակի դույզն ինչ շեղման հայտնաբերման դեպքում արտադրող կազմակերպությանը կպարտադրվի ապահովել պահանջված որակը եւ արդյունավետությունը։

Նշենք, որ օլանզապինը նշված երկու դեղի ազդող նյութն է։ 

Նախարարության կողմից կենտրոնացված գնումներով հայտարարված մրցույթում, ՀՀ­ում գործող «Գնումների մասին» օրենքի պահանջով, հաղթող է ճանաչվել 10 անգամ ավելի ցածր գին ունեցող տեղական արտադրության օլանզապինը։

Նաեւ հավելենք, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում  դիսպանսեր հսկողության տակ գտնվող հայկական օլանզապին ստացող 198 հիվանդների շրջանում երբեւէ որեւէ դժգոհություն չի եղել։ Մինչդեռ դժգոհողների փոքրաթիվ խումբը մերժողական վերաբերմունք է դրսեւորում նաեւ հումանիտար ճանապարհով ձեռք բերված կանադական օլանզապինի նկատմամբ։

Փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացվի։

Հիշեցնենք, որ մի խումբ պացիենտներ եւ նրանց շահերը ներկայացնող «Հոգեկան առողջության վերականգնման ասոցիացիա» ՀԿ–ն արդեն մեկ տարի փորձում են հասնել Զիպրեքսա դեղամիջոցով բուժման ծրագրի վերականգնմանը։ Զիպրեքսայի գնումը դադարեցվել էր նաեւ նախկինում, սակայն 2016-ի սկզբին՝ մեկ տարվա ընդմիջումից հետո, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը որոշում էր ընդունել հօգուտ այդ պացիենտների։

Առողջապահության նոր  նախարար Լեւոն Ալթունյանը 2016-ի վերջին հասկացնել տվեց, որ Առողջապահության նախարարությունը չի պատրաստվում գնել թանկ դեղամիջոցը, քանի որ կա տեղական էժան ջեներիկը։ ԱՆ–ն որոշեց այդ խմբին ապահովել կանադական արտադրության օլանզապինով, որը որպես մարդասիրական օգնություն էր ստացվել, սակայն խումբը դժգոհ էր մնացել նաեւ այդ դեղամիջոցի որակից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է