• Latest news

Ռուսաստանի ԱՆ-ն մշակել է հեռաբժշկական օգնություն ցուցաբերելու կարգը

12 հոկտեմբերի, 2017  18:41

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը պատրաստել է հեռաբժշկական օգնություն տրամադրելու մասին հրամանագրի նախագիծը։ Փաստաթուղթը որոշում է հիվանդներին հեռակա օգնություն տրամադրելու ու բուժաշխատողների փոխգործողությունների կանոնները, գրում է ՌԲԿ-ն։

Նախագծի վերջնական տարբերակը կարող է ուժի մեջ մտնել 2018-ի հունվարի 1-ից։ Ընդ որում, փաստաթուղթը չի թույլատրում ախտորոշում դնել։ Ըստ նախագծի՝ հեռաբժշկությունը կարելի է օգտագործել միայն կանխարգելման, հիվանդների գանգատների, անամնեզի տվյալների հավաքման ու վերլուծության, նրանց առողջական վիճակին հետեւելու, առերես ընդունելության ժամանակ ավելի վաղ նշանակված բուժման ճշգրտումների, նաեւ անձնական ընդունելության անհրաժեշտության մասին որոշումներ կայացնելու համար։

Հեռաբժշկության կիրառման ժամանակ երկու բուժաշխատողների փոխգործողությունների դեպքում ախտորոշում անելը թույլատրվում է։ Բժիշկները կարող են հեռակա գնահատել հիվանդի վիճակը, ճշգրտել բուժման մարտավարությունը եւ այլն։

Հեռաբժշկական ծառայություններ մատուցող բժիշկները պետք է գրանցվեն առողջապահության ոլորտի միասնական պետական լրատվական համակարգում։ Ըստ ՌԲԿ-ի կողմից հարցման ենթարկված փորձագետների՝ նախագծի լուրջ բացթողումներից է հեռաբժշկական ծառայությունների օպերատորի պատասխանատվության նորմայի բացակայությունը, եթե, օրինակ, նրա աշխատանքում խափանում տեղի ունենա։ Փոխանցվող տեղեկությունների հավաստիության համար ամբողջ պատասխանատվությունը միայն բժշկին ու հիվանդին է վերագրվում։

Անհասկանալի է մնում նաեւ նախարարության դիրքորոշումը աուդիոսարքավորումների ու հաղորդագրությունների օգնությամբ շփման վերաբերյալ։ Ըստ փաստաթղթի կետերից մեկի՝ հիվանդներն ու բժիշկները կարող են կապվել վիդեոկապի, նաեւ էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով։ Մեկ այլ կետում ասվում է, որ իրական ժամանակի ռեժիմում խորհրդատվությունները հնարավոր են միայն հեռաբժշկական սարքավորումների ու տեսակապի գործածման դեպքում։

Փաստաթուղթը նաեւ չի պարզաբանում անանուն խորհրդատվությունների հարցը, որոնց իրավունքը հիվանդն ունի որոշ դեպքերում, քանի որ հեռաբժշկական ծառայություններ ստանալու համար պետք է գրանցվել պետական ծառայությունների պորտալի միջոցով, այսինքն հաստատել անձը։

Ռուսաստանի ԱՆ-ից ճշգրտում են, որ հեռաբժշկական օգնությունը երկրորդական գործիք է բժշկական օգնություն տրամադրելիս ու հիվանդի համար բուժող բժիշկն է ամբողջ պատասխանատվությունը կրելու։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել