• Latest news

Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները 

13 հոկտեմբերի, 2017  12:08

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվում է կրծքագեղձի հետազոտություն նոր թվային մամոգրաֆով եւ տոմոսինթեզով՝ HOLOGIC Selenia Dimensions, Digital mammography system, Digital Tomosynthesis system։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամոգրաֆիայի բաժանմունքի ղեկավար Հասմիկ Դավթյանը։ 

Նրա խոսքով՝ թվային մամոգրաֆիան աշխարհում բոլորովին վերջերս է հայտնվել, իսկ իրենց կենտրոնում այն տեղադրվել է 2016-ի հուլիսից։ Դրա հիմնական առավելություններն այն են, որ ճառագայթման չափաբաժինը նվազագույնի է հասցվում, իսկ հետազոտության արդյունքներն ավելի հավաստի են լինում։ 

«Տոմոսինթեզով թվային մամոգրաֆիա հետազոտության առանձնահատկություններն են փոքր քաղցկեղների հայտնաբերումը, գոյացությունների եզրերի, չափի, տեղակայման ավելի ստույգ որոշումը, ինչպես նաեւ բոլոր ուռուցքների հայտնաբերումը՝ քաղցկեղի բազմաօջախային աճի դեպքում», – ասաց նա։ 

Ըստ մասնագետի՝ թվային մամոգրաֆիայի շնորհիվ մեծացել է հետազոտությունների արագությունը, ռենտգեն պատկերները ստացվում են համակարգչի էկրանին, կրճատվել է հետազոտության ժամանակը, հեշտացել է կրծքագեղձի ռենտգեն պատկերների պահպանումը։ Մասնագետը կարող է աշխատել էկրանին ռենտգեն պատկերների վրա, մեծացնելով դրանց չափսը ու ինտենսիվությունը, նաեւ կարող է համեմատության համար էկրանի վրա նոր պատկերների կողքին հին պատկերները դիտել։ 

Հասմիկ Դավթյանը նշեց, որ տվյալ մեթոդի եւս մեկ կարեւոր առավելություն է ավելորդ բիոպսիաների կրճատումը։ Փոքր, չշոշափվող նորագոյացությունների հայտնաբերման դեպքում թվային մամոգրաֆիան թույլ է տալիս ասեղային ուղեցուցային տեղայնացում կատարել. կրծքագեղձի կասկածելի օջախի մեջ մտցվում է շատ բարակ ասեղ` լարով, ու այդ լարով վիրաբույժը գտնում է ուռուցքը վիրահատության ժամանակ։ Վիրաբույժը հեռացնում է կրծքագեղձի ամբողջ կասկածելի օջախը, որը նորից ուղարկվում է ռադիոլոգին` նախավիրահատական նկարների հետ համեմատության համար, որից հետո կտորը ուղարկվում է լաբորատորիա՝ հետազոության։

Կատարվում են նաեւ բիոպսիաներ` ուռուցքների հյուսվածաբանական հետազոտությամբ: Ստացվում են չարորակ գոյացությունների լիարժեք իմունոհիստոլոգիական տվյալներ` չարորակ գոյացության տիպը, էստրոգեն/պրոգեստերոն ER, PR ստատուսը, HER2, ki67 եւ այլն: Որոշվում են ուռուցքի լյումինալ A, լյումինալ B եւ եռակի նեգատիվ ձեւերը: Չարորակ ուռուցների այս տվյալները շատ կարեւոր են հիվանդության բուժման եւ ելքի կողմնորոշման հարցում:  

Հասմիկ Դավթյանի խոսքով՝ դեպքերի 80 տոկոսում կրծքագեղձի նորագոյացությունները կանանց մոտ բարորակ են լինում: Երբեմն լինում են կասկածներ քաղցեղի վերաբերյալ կամ էլ այդ ուռուցքները քաղցկեղային են լինում։ Ամենից հաճախ հանդիպող գոյացություններից են կիստաները, որոնց խոշոր չափերի դեպքում կատարվում է ասպիրացիա եւ հիվանդը մնում է հսկողության տակ։ Երիտասարդ տարիքում, մասնագետի խոսքով, հաճախ են հանդիպում ֆիբրոադենոմաներ, ադոնեմաներ, կերակրող մայրերի մոտ լինում է գալակտոցելե։ Հանդիպում են նաեւ ինտրակիստոզ պապիլոմաներ, որոնք խորհուրդ է տրվում հեռացնել։ 

Բժիշկը հավելել է, որ կան ֆիբրոադենոմաների տեսակներ, օրինակ տերեւանման ֆիբրոադենոմաները, որոնց հանդեպ պետք է ծայրաստիճան ուշադիր լինել, քանի որ դրանք չարորակ գոյացությունների՝ սարկոմայի ու կարցինոմայի վերածվելու ներուժ ունեն։ «Դրա համար էլ մենք խորհուրդ ենք տալիս դրանք շտապ հեռացնել»,- ասել է նա։

Հասմիկ Դավթյանի խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում կանխատեսումները շատ լավն են, ուստի ինքը կանանց խորհուրդ է տալիս մշտապես ուշադիր լինել կրծքագեղձի նկատմամբ։ «Պետք է ամեն ամիս՝ դաշտանի ցիկլից հետո, շոշափել կուրծքը եւ ուշադրություն դարձնել դրա ձեւին, հասկանալ, թե կուրծքն ու պտուկը ներքաշված են, թե ոչ։ Եթե շոշափելիս կինն ինչ–որ նոր բան է նկատում, պետք է անհապաղ դիմել բժշկի», – ասել է նա։

Բժիշկը նաեւ հիշեցրել է, որ մինչեւ 35 տարեկան կանանց խորհուրդ է տրվում կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն անցնել տարին մեկ անգամ։ 35-40 տարեկանում խորհուրդ է տրվում մեկ անգամ մամոգրաֆիա անել բազային մամոգրամա ունենալու համար։ 40-50 տարեկան հասակում կանայք պետք է 2 տարին մեկ անգամ մամոգրաֆիա անցնեն, իսկ 50-ից հետո՝ տարին մեկ անգամ։

«Այսինքն՝ մամոգրաֆիան առողջ կանանց հետազոտություն է։ Պարտադիր չէ, որ կինը բողոքներ ունենա, գոյացություններ շոշափի, արնահոսություն ունենա պտուկից, որ գնա մամոգրաֆիայի։ Միակ ցուցումն այստեղ տարիքն է»,– ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել