• Latest news

Պլաստիկ սպասքը վտանգավոր է երեխաների առողջության համար. գիտնականներ

13 հոկտեմբերի, 2017  16:20

Պլաստիկ սպասքը վտանգավոր է երեխաների առողջության համար։ Դրա բաղադրության մեջ առկա բիսֆենոլ Ա-ն մեծացնում է երեխաների մոտ աղեստամոքսային տրակտի խնդիրների ռիսկը։ Դրա բացասական ազդեցությունը կարող է սկսվել դեռեւս հղիության ժամանակ։ Այս մասին հայտնում են American Society for Microbiology–ի գիտնականները։

Նրանց խոսքով՝ այդ միացությունը կարող է խախտել երեխայի աղեստամոքսային տրակտում միկրոֆլորայի բալանսը, ինչն իր հերթին կարող է հանգեցնել առողջական խնդիրների։

American Society for Microbiology–ի  հետազոտողները in vitro փորձերի ժամանակ պարզել են, որ բիսֆենոլ Ա–ն ճնշում է որոշ մանրէների, այդ թվում՝ Oscillospira–ի եւ  Ruminococcaceae–ի բազմացումը։ Այս արդյունքների ապացուցման համար գիտնականները որոշել են փորձ կատարել ճագարների վրա եւ պարզել, թե արդյոք այդ նյութն ազդում է աղեստամոքսային տրակտի վիճակի վրա։

Փորձին մասնակցել է 10  հղի ճագար, որոնց կերակրել են նրանց համար սովորական ուտելիքով։ Ճագարների մի խմբին ենթարկել են բիսֆենոլ Ա–ի ազդեցությանը, իսկ մյուս մասին՝ ոչ։ Պարզվել է, որ այն ձագերը, որոնց մայրերը հղիության ժամանակ այդ նյութի ազդեցությանն են ենթարկվել,  ծնվելուց հետո առաջին շաբաթների ընթացքում աղիքային դիսբիոզ են ունեցել. փոփոխվել է նորմալ միկրոֆլորայի բաղադրությունն ու քանակական հարաբերակցությունը։

Մասնագետներն եկել են այն եզրակացության, որ բիսֆենոլ Ա–ի պատճառով առաջացած դիսբիոզը ի վերջո կարող է լյարդի եւ հաստ աղու քրոնիկ բորբոքման պատճառ դառնալ։ Այդ պատճառով մասնագետները կանանց խորհուրդ են տալիս խուսափել հղիության ժամանակ բիսֆենոլ Ա–ի ազդեցությունից եւ երեխաներին նույնպես պաշտպանել դրանից հատկապես կյանքի առաջին ամիսներին։

Գիտնականները խորհուրդ են տալիս սննդամթերքը չպահել պլաստիկ կոնտեյներների մեջ։ Շատ ավելի ապահով է դրա համար օգտագործել ապակյա կամ ճենապակյա սպասք։

Բիսֆենոլ Ա–ն արդյունաբերության մեջ կիրառվող քիմիական  նյութ է, որը 1960-ական թվականներից օգտագործվում է պլաստմասսայից առարկաներ պատրաստելու համար։ Այդ նյութի ազդեցությունն արդեն վաղուց են կապում առողջական խնդիրների հետ։

Դեռեւս 2010 թվականին ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը պաշտոնապես հայտնել էր, որ բիսֆենոլ Ա–ն կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար։ Այդ կարծիքը պաշտպանեց նաեւ ԱՀԿ–ն։ Չնայած այդ հանգամանքին՝ բիսֆենոլ Ա–ն նախկինի պես օգտագործում են պլաստիկից փաթեթավորումների, սպասքի, մարզական գույքի, բժշկական սարքավորումների, կոնտակտային ոսպնյակների, ատամի պլոմբի, հերմետիկ նյութերի արտադրության մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել