• Latest news

ԱՄՆ դեսպանը Մարտունիում մասնակցել է ԱՆ մարզային լաբորատորիայի բացմանը

16 հոկտեմբերի, 2017  15:10

2017 թ.-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ միասին բացեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Առողջապահության նախարարության մարզային լաբորատորիան: Գեղարքունիքի լաբորատորիան, որն  այս տարի ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության(ՊՎՆԳ) կողմից կառուցված երեք լաբորատորիաներից մեկն է, կայուն լաբորատորիա է, որը բարձրացնում է կենսաապահովության եւ կենսաանվտանգության Հայաստանի կարողությունները՝ պաշտպանելով մարդկանց եւ կենդանիներին հիվանդություններից:

«Այս նոր կառույցը թույլ կտա հայ գիտնականներին անվտանգ եւ արդյունավետորեն կատարել իրենց աշխատանքը, արձագանքել ցանկացած տեսակի հնարավոր վարակիչ հիվանդությունների բռնկումներին, որոնք կարող են սպառնալ Հայաստանի քաղաքացիներին, գյուղատնտեսական կենդանիներին, տնտեսությանը կամ ազգային անվտանգությանը»,- ասաց դեսպան Միլսը բացման արարողության ժամանակ:

Մարտունու լաբորատորիայից զատ վերջերս  ավարտվել է Առողջապահության նախարարության երկու նոր մարզային լաբորատորիաների կառուցումը, որոնցից մեկը՝ Կապանում, իսկ մյուսը՝ Վանաձորում: Այս շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու այդ երկու լաբորատորիաների բացումը, որին մասնակցելու են բաձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ-ից:

Այս ժամանակակից լաբորատորիաները սեյսմակայուն են եւ փոխարինում են խորհրդային միության ժամանակների հնամաշ կառույցներին, որոնք չունեն ժամանակակից սեյսմիկ պաշտպանվածություն: Ծրագրի շրջանակներում նախարարության աշխատակիցների համար գնվել են նաեւ ժամանակակից սարքավորումներ՝ հիվանդություններն ախտորոշելու եւ հետազոտելու համար: ԱՄՆ կառավարությունը ներդրել է 9 մլն. ԱՄՆ դոլար լաբորատորիաների կառուցման, սարքավորումներով վերազինման եւ Առողջապահության, Գյուղատնտեսության ու Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների վերապատրաստման համար, որպեսզի ապահովի նոր լաբորատորիաների համապատասխանությունը կենսաապահովության միջազգային պահանջներին:

Վերջերս բացված լաբորատորիաները կազմում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջանային լաբորատոր ցանցի մասը: Ամբողջ երկրում ժամանակակից ցանցի առկայությունը հնարավորություն է տալիս ոլորտի աշխատակիցներին արդյունավետ կերպով կատարել հիվանդությունների տարածվածության մշտադիտարկում եւ ապահովում է բռնկումների վաղ հայտնաբերումն ու արագ արձագանքումը:

Այս լաբորատորիաների կառուցման ավարտը ՊՎՆԳ-ի եւ Առողջապահության նախարարության միջեւ համագործակցության կարեւոր փուլանիշ է: ՊՎՆԳ-ի աջակցությամբ Հայաստանը տարածաշրջանային առաջատար է դառնում կենսաանվտանգության, կենսաապահովության եւ հետազոտությունների ոլորտներում: Այս նախագիծն ավարտին հասցնելը ցույց է տալիս ՊՎՆԳ-ի շարունակական ներդրումները Հայաստանի հանրային առողջապահության ոլորտում:

«Հայաստանի կենսաապահովության կարողությունների բարելավման նպատակով Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ շարունակական համագործակցությունը մեկ այլ օրինակ է մեր երկու ազգերի միջեւ համագործակցության, որն ուղղված է Հայաստանում ավելի լավ առողջապահական արդյունքների հասնելուն», - ասաց դեսպան Միլսը: «21-րդ դարում, աճող ճանապարհորդության եւ գլոբալիզացիայի հետ մեկտեղ, մի երկրի կենսաանվտանգության բացթողումը կարող է անմիջական սպառնալիք դառնալ այլ երկրների առողջապահության եւ տնտեսության համար: Այսպիսով, շարունակական համագործակցության, թիմային աշխատանքի եւ միջազգային համագործակցության անհրաժեշտությունն այս ոլորտում կարեւոր է»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ