• Latest news

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը կարեւոր ուղերձ է ժողովրդին․ ՄԱԿ

17 հոկտեմբերի, 2017  15:37

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծը հասարակ, բայց շատ կարեւոր ուղերձ է ժողովրդին այն մասին, որ ընտանեկան բռնությունը չարիք է։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ՄԱԿ ազգաբնակչության հիմնադրամի հայկական գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։

Նույնպիսի ուղերձ, նրա խոսքով, պարունակում էին այն փոփոխությունները, որոնք անցած տարի արվել են «Վերարտադրողական առողջության մասին» օրենքում եւ արգելում էին սեռով պայմանավորված աբորտները։ Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ օրենքն ինքնին չի կարող վերացնել սելեկտիվ աբորտները երկրում․ օրենքի արժեքն այն է, որ դրա միջոցով ժողովուրդը ստանա ուղերձ այն մասին, որ սելեկտիվ աբորտները սխալ ու անառողջ երեւույթ են ու չարժե դրանք անել։

«Օրենքը կարող է որոշակի ազդեցություն ունենալ մարդկանց վարքագծի վրա։ Այդ օրինագծի ընդդիմախոսներն ասում են, որ այն չունի հասարակական պահանջարկ, բայց գուցե հենց օրե՞նքը կարող է ստեղծել այդ պահանջարկը, եթե այն առայսօր չկա։ Չէ՞ որ մենք տեսնում ենք վիճակագրությունը՝ 50 կին 5 տարվա ընթացքում ընտանեկան բռնության զոհ է դարձել, դա քի՞չ է, թե՞շատ։ Մեկ մահը քի՞չ է, թե՞ շատ։ Այդ օրենքի ամբողջ իմաստը բռնության կանխարգելումն է»,- ասել է Գարիկ Հայրապետյանը։

Նա հավելել է, որ եթե մարդն ապրում է սիրո մեջ, եթե նա լավ հարաբերություններ ունի ընտանիքի մյուս անդամների հետ, ինչ էլ գրված լինի բռնության կանխարգելման մասին օրենքում, դա նրան չի վերաբերի։

«Մենք ինքներս պետք է լուծենք այդ խնդիրը, օրենքը մեզ չի ստիպում, այն ընդամենը ուղղություն է ցույց տալիս։ Եթե մարդկանց մտածելակերպը չփոխվի, օրենքն ինքնին քիչ բան կփոխի։ Բայց այս օրենքի կարեւորությունն ուղերձն է ժողովրդին այն մասին, որ ընտանեկան բռնությունը վատ է, ինչպես եւ սելեկտիվ աբորտները»,- նշել է Գարիկ Հայրապետյանը։

Նշենք, որ այսօր «Ընտանեկան բռնությունների կանխարգելման ու ընտանեկան բռնության ենթարկվող անձանց պաշտպանության մասին» օրինագծի խորհրդարանական լսումներ են անցկացվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է