• Latest news

Թրոմբոֆիլիայի անալիզները հնարավորություն են տալիս ընտրել ճիշտ բուժում վիժումների դեմ. մասնագետ

18 հոկտեմբերի, 2017  22:36

Վիժումների կարեւոր պատճառներից մեկը համարվում է թրոմբոֆիլիան՝ թրոմբերի առաջացման հանդեպ օրգանիզմի հակումը: Թրոմբոֆիլիայի ու դրա գենետիկ պատճառների ախտորոշումը նոր հնարավորություններ է բացում բժիշկների համար ու օգնում է ընտրել անհատական բուժում յուրաքանչյուր հիվանդի համար։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի Դատական փորձաքննության ազգային բյուրոյի մասնագետ Նինո Կոչիաշվիլին:

Վիժումները կարող են բազմաթիվ պատճառներ ունենալ, եւ յուրաքանչյուր պատճառի դեմ առանձին բուժում կա։ Եթե կա բժշկական հստակ եզրակացություն, որ հիվանդը թրոմբոֆիլիա ունի, ապա նրան անհրաժեշտ է նշանակել հակակոագուլյանտներ (դեղորայք, որը հեղուկացնում է արյունը), այլ ոչ թե հորմոններ կամ այլ բուժում»,- նշեց մասնագետը։

Թրոմբոֆիլիան հիվանդություն է, որը դրսեւորվում է արյան մակարդելիության խախտման ու թրոմբերի առաջացման հանդեպ հակման ձեւով։ Տարբերակում են թրոմբոֆիլիայի երկու հիմնական տեսակ՝ ձեռքբերովի եւ բնածին (ժառանգական): Ձեռքբերովի թրոմբոֆիլիան դրսեւորվում է զանազան վնասվածքների կամ վիրահատությունների հետեւանքով, իսկ բնածինը կա՛մ ժառանգաբար է փոխանցվում, կա՛մ առաջանում է որոշակի մուտացիաների արդյունքում։

Թրոմբոֆիլիայով հիվանդների արյան ընդհանուր անալիզում կարելի է նկատել էրիթրոցիտների ու թրոմբոցիտների բարձր քանակություն։ Սակայն կան նաեւ հատուկ անալիզներ, որոնք թույլ են տալիս թրոմբոֆիլիան տարբերակել այլ հիվանդություններից, դրանցից մեկը գենետիկ հետազոտություններն են։

Նինո Կոչիաշվիլին նշեց, որ թրոմբոֆիլիայի ու որոշ այլ հիվանդությունների գենետիկ անալիզները Վրաստանում կատարվում են Դատական փորձաքննության ազգային բյուրոյին առընթեր բժշկական գենետիկայի լաբորատորիայում։

Լաբորատորիայի գոյության տարիներին կատարվել է թրոմբոֆիլիայի հետ կապակցված մուտացիաների ավելի քան 1500 հետազոտություն։ Մասնագետի խոսքով՝ տարեկան միջինը 300 փորձաքննություն է իրականացվում, իսկ ստացված արդյունքները բժիշկներին օգնում են կողմնորոշվել հետագա բուժման հարցում։

Հիշեցնենք, որ Հայաստանում թրոմբոֆիլիան հայտնաբերելու համար անալիզներ, այդ թվում՝ գենետիկ, կարելի է կատարել մի քանի լաբորատորիայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել