• Latest news

Հայ եւ եվրոպացի մասնագետները քննարկում են միելոիդ լեյկոզների բուժման ժամանակակից մոտեցումները

20 հոկտեմբերի, 2017  12:10

Սուր եւ քրոնիկ միելոիդ լեյկոզները արյան լուրջ հիվանդություններ են, որոնք դժվարությամբ են բուժվում։ Լրագրողների հետ զրույցի ընթացքում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ հոկտեմբերի 20-ին մեկնարկած «Կենսաբանությունն ու միելոիդ հիվանդությունների բուժումը» գիտաժողովի ժամանակ մի շարք եվրոպական երկրներից ժամանած մասնագետները հայ գործընկերներին կփոխանցեն իրենց փորձը ու կներկայացնեն ժամանակակից մոտեցումներն այդ հիվանդությունների ախտորոշման ու բուժման բնագավառում։

Երկօրյա գիտաժողովը կազմակերպվել է Հայկական ու Եվրոպական արյունաբանական ասոցիացիաների համատեղ ջանքերով ու, ինչպես նշեց բժիշկ Դաղբաշյանը, նպատակ ունի Հայաստանում արյունաբանությունը նոր մակարդակ բարձրացնել։

«Արյունաբանությունն առավել արագ զարգացող ոլորտներից մեկն է ժամանակակից բժշկության մեջ, ու մեր մասնագետները պարզապես իրավունք չունեն հետ մնալ ժամանակակից տեխնոլոգիաներից՝ նրանք պետք է իրենց հիվանդների համար նորագույն բուժում ապահովեն»,- նշեց բժիշկը։

Գիտաժողովի կազմակերպիչներից մեկը, արյունաբան Ժան-Ժակ Կիլաջյանը (Ֆրանսիա), իր հերթին նշեց, որ Հայաստանում արյունաբանությունն ակտիվ զարգանում է ու վերջերս այստեղ արդեն իրականացրել են ոսկրածուծի առաջին փոխպատվաստումները, ինչը կարելի է լուրջ առաջխաղացում համարել։

«Ոսկրածուծի առաջին փոխպատվաստումներն արդեն հաջողությամբ իրականացվել են (Հայաստանում), եւ մենք հպարտանում ենք նրանով, որ հայ հիվանդներն արդեն կարող են այդ բուժումն իրենց երկրում ստանալ»,- ասել է նա։

Պրոֆեսոր Կիլաջյանը նաեւ հավելել է, որ գիտաժողովին մասնակցելու համար Երեւան են ժամանել 3 արյունաբաններ Ֆրանսիայից, 2-ը՝ Մեծ Բրիտանիայից ու եւս 2-ը՝ Իտալիայից։

Սուր միելոիդ լեյկոզը արյան չարորակ հիվանդություն է, որի դեպքում ակտիվ բազմանում են արյան փոխված սպիտակ բջիջները ու կուտակվելով ոսկրածուծի մեջ՝ ճնշում են արյան նորմալ բջիջների աճը, ինչի հետեւանքով նվազում է էրիթրոցիտների, թրոմբոցիտների ու նորմալ լեյկոցիտների քանակը։

Հիվանդության հիմնական ախտանշաններն են շուտ եւ հաճախ հոգնելը, հեւոցը, մաշկի հաճախակի մանր վնասվածքները, արյունահոսության հակումը ու մաշկի վրա կապտուկների արագ առաջացումը։

ՍՄԼ-ն որպես կանոն արագ է զարգանում ու առանց բուժման հանգեցնում է հիվանդի մահվան ընդամենը մի քանի ամսում, երբեմն էլ՝ շաբաթում։ Իսկ բուժման դեպքում կանխատեսումները տարբեր են՝ կախված հիվանդության տեսակներից, որոնք մի քանիսն են։ 5-ամյա ապրելիության մակարդակը տատանվում է 15-70 տոկոսի միջակայքում, իսկ ռեմիսիայի հաճախությունը՝ 78-33 տոկոսի միջակայքում՝ ըստ հիվանդության ենթատեսակի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել