• Latest news

Կինը դատի է տվել առանց անհրաժեշտության իր կուրծքն ու ձվարանները հեռացրած բժիշկներին (ֆոտո)

27 հոկտեմբերի, 2017  19:55

36-ամյա Էլիշա Կուկ-Մուրը՝ Օրեգոնից, դատի է տվել բժիշկներին, որոնք, իր խոսքով, առանց անհրաժեշտության հեռացրել են կուրծքը, ձվարանները, արգանդը ու ֆալոպյան փողերը։ Նա բժիշկներից պահանջում է 1․8 մլն դոլար՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում։

Էլիշայի ընտանիքում եղել են կրծքագեղձի քաղցկեղի մի քանի դեպքեր, դրա համար էլ նա որոշել էր ստուգվել ու պարզել՝ արդյոք ունի գենետիկ մարկերներ, որոնք պատասխանատու են քաղցկեղի այդ տեսակի զարգացման համար։ Նա հանձնել է անալիզներ՝ BRCA1, BRCA2 եւ MLH1 մուտացիաները ստուգելու համար։ Ստանալով անալիզների արդյունքները՝ բժիշկները նրան խորհուրդ են տվել հիստերէկտոմիա ու կրկնակի մաստէկտոմիա անել, քանի որ նրանց խոսքով՝ կնոջ մոտ բարձր էր կրծքագեղձի, արգանդի ու ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Արդեն երկու վիրահատություններից հետո Էլիշան ուսումնասիրել է իր փաստաթղթերը ու հայտնաբերել, որ քաղցկեղի հետ կապված որեւէ մուտացիա իրականում չի եղել։

Նրա խոսքով՝ իրեն վիրահատել են առանց որեւէ անհրաժեշտության՝ իսկական դժոխքի վերածելով իր կյանքը։ Ձվարանների հեռացումից երեք օր անց Էլիշայի մոտ սկսվել է դաշտանադադար, չնայած նա ընդամենը 35 տարեկան էր ու մինչեւ բնական դաշտանադադարը դեռ մոտ 20 տարի ժամանակ կար։ Կրծքի հետ կապված խնդիրներ էլ են առաջացել՝ չնայած նրան ի սկզբանե խոստացել էին հեռացնել կրծքագեղձը ու միանգամից ռեկոնստրուկցիա անել՝ պահպանելով նրա պտուկները, բայց իրականում ամեն ինչ այլ կերպ է արվել։ Առաջին վիրահատության ընթացքում հեռացրել են նրա կուրծքը, հետո եւս մի քանի վիրահատություն է պահանջվել, ու նույնիսկ դրանցից հետո նրա կուրծքը վատ տեսք ունի, իսկ պտուկները անգամ չեն երեւում հսկայական սպիների պատճառով։

Էլիշայի փաստաբան Քրիստոֆեր Քոբլի խոսքով՝ նրա բժիշկներն ասել էին, որ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը 50 տոկոս է, արգանդի քաղցկեղի զարգացման հավանականությունը՝ 80 տոկոս, իսկ ձվարանների քաղցկեղի զարգացմանը՝ 60-70 տոկոս՝  չնայած BRCA1 ու BRCA2 գեների մուտացիաների անալիզների արդյունքները բացասական էին։ Ինչպես կարող էին նրանք այդքան սխալ մեկնաբանել անալիզների արդյունքները՝ հայտնի չէ։

«Անկեղծ ասած՝ մենք մտահոգված ենք ու չենք հասկանում, թե ինչպես կարող էին նրանք նման սխալ գործել»,- ասել է փաստաբանը։

«Ես վստահում էի նրանց»,- ասել է Էլիշան, որի մոտ այդ ամբողջ պատմությունից հետո սկսվել են ճնշման հետ կապված խնդիրներ, նաեւ հետտրավմատիկ սթրեսային խանգարում։ «Ինչ կարող են նրանք ինձ վերադարձնել։ Ոչինչ։ Նրանք ինձնից խլել են ամեն ինչ։ Նրանք խլել են այն, ինչով Աստված ինձ օժտել էր որպես կին։ Հիմա ես ինձ նույնիսկ կին չեմ զգում»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել