• Latest news

«Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկները Մոսկվայից ժամանած գործընկերոջ հետ պրոթեզավորել են ռեւմատոիդ արթրիտով հիվանդի ծնկահոդը (ֆոտո)

13 նոյեմբերի, 2017  13:09

«Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկները Մոսկվայից ժամանած գործընկերոջ հետ միասին իրականացրել են քառասունամյա կնոջ ծնկի հոդի էնդոպրոթեզավորման բարդ վիրահատությունը։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում 31-րդ Մոսկովյան հիվանդանոցի օրթոպեդիկ ծառայության ղեկավար,  ծնկահոդի էնդոպրոթեզավորման փորձառու մասնագետ Նորայր Զաքարյանը պարզաբանել է, որ տվյալ վիրահատության բարդությունն այն էր, որ ռեւմատոիդ արթրիտի ֆոնին կնոջ մոտ կապանային անկայունություն էր զարգացել ու ձեւավորվել էր մեծ ոլոքի դեֆիցիտ։ Դեֆիցիտը ծածկել են կնոջ սեփական ոսկրի օգնությամբ, նշել է նա։

«Իզմիրլյան» ԲԿ-ի օրթոպեդիայի եւ սպորտային վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Սահակ Սարիբեկյանը հայտնել է, որ Նորայր Զաքարյանը ծնկահոդի պրոթեզավորման մեծ փորձ ունի, որը հիմա նա փոխանցում է «Իզմիրլյան» ԲԿ-ի իր գործընկերներին։ «Մենք փոխայցելություններ ենք կատարել, որպեսզի Հայաստանում այդ վիրահատությունը դառնա ստանդարտ պլանային վիրահատություն, այլ ոչ թե ամեն անգամ մեծ իրադարձություն լինի։ Աշխարհում ծնկան հոդի պրոթեզավորում իրականացվում է նույն քանակությամբ, ինչ կոնքազդրային հոդի պրոթեզավորումը։ Իսկ Հայաստանում այդ պաթոլոգիան սովորաբար բացիթողի է, եւ վիրաբույժին դիմում են խիստ բարդացած դեպքերում ու այդ պատճառով էլ մեր բոլոր վիրահատական դեպքերը շատ բարդ են լինում։ Մենք նման վիրահատություն իրականացնելու փորձի պակաս ունենք ու մեր օտարերկացի գործընկերների աջակցությունը շատ կարեւոր է»,- ասաց նա։

Նախ, մոսկվայից ժամանած բժշկի խոսքով, Ռուսաստանում նման վիրահատությունների մի մասը պլանային է իրականացվում, պարտադիր բուժապահովագրության շրջանակում, իսկ Հայաստանում պետպատվերը չի փակում իմպլանտի արժեքը։ Երկրորդ, Հայաստանում, Սահակ Սարիբեկյանի խոսքով, ծնկի հոդի հիվանդությունների բուժումով զբաղվում են տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկներ՝ ոչ միայն վնասվածքաբանները, այլեւ ռեւմատոլոգները, մանուալ թերապեւտները եւ այլն։

«Ծնկան հոդի խնդիրը որպես հիվանդի մոտ գանգատ առաջացնող ախտ ունի բազմաթիվ կիսաբուժման ձեւեր, որոնք ունեն գանգատը ժամանակավորապես մեղմացնելու հնարավորություն, բայց բուն պաթոլոգիան գնալով հնարավորինս խորանում է», - ասաց նա։

Սարիբեկյանի խոսքով, երբ մարդուն վիրահատության փոխարեն առաջարկում են բուժման թերապեւտիկ մեթոդներ՝ ներհոդային  ներարկումներ,  թրջոցներ, ֆիզիոթերապիա, բնականաբար նրա մոտ կարծես բթանում է այն գիտակցումը, որ իրականում ինքը վիրահատության կարիք ունի։ Ու դրա հետեւանքով մարդիկ բժշկի են դիմում արդեն շատ բարցիթողի վիճակում՝ հոդի կրիտիկական մաշվածությամբ, կապանային բալանսի խախտումով, արտահայտված ցավային ախտանիշով։ Այդ պատճառով էլ ավելանում է վիրահատության ծավալը ու նվազում դրանից ակնկալվող էֆեկտը, նաեւ կրճատվում է պրոթեզի ծառայության իրական ժամկետը։  Հենց այդ պատճառով էլ Հայաստանում իրականացվող ծնկահոդի էնդոպրոթեզավորման հազվադեպ վիրահատություններից յուրաքանչյուրը իրադարձություն է, որը բարդացումների մեծ հավանականություն ունի, այլ ոչ թե ռուտին վիրահատություն, ինչպես զարգացած երկրներում։  

Սահակ Սարիբեկյանը նաեւ հայտնեց, որ Նորայր Զաքարյանի հետ միասին «Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկները կիրականացնեն ծնկահոդի եւս մի քանի պրոթեզավորում, ու այդ բոլոր դեպքերը եզակի են իրենց բարդությամբ։ Ծրագրվում է նաեւ իրականացնել կոնքազդրային հոդի 16 տարի առաջ տեղադրված իմպլանտի ռեվիզիա։ Այս դեպքը բարդ է նրանով, որ ազդրի խոռոչում գոյացել է այսպես կոչված կեղծ ուռուցք՝ ոսկորի ռեակցիան էնդոպրոթեզի մաշված մասերի հետ շփմանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է