• Latest news

Ամիշիները ավելի դանդաղ են ծերանում ու ավելի երկար ապրում՝ գենային մուտացիայի պատճառով

16 նոյեմբերի, 2017  23:47

Ամիշ համայնքի անդամներից շատերն ունեն գենային մուտացիա, որը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը ու երկարացնում նրանց կյանքը միջինը 10 տարով։ Նման եզրակացության են հանգել ամերիկյան Հյուսիս-Արեւմտյան համալսարանի գիտնականները (Իլինոյս նահանգ)։ SERPINE1 գենում այս հազվագյուտ մուտացիան այն կրողներին պաշտպանում է 2-րդ տիպի դիաբետից, որի զարգացման հավանականությունը տարիքի հետ բարձրանում է։

Ամիշ համայնքի անդամներից շատերի մոտ հայտնաբերված այս գենային մուտացիան ազդում է PAI-1 սպիտակուցի վրա, որն ավելի վաղ հայտնի էր որպես արյան մակարդելիություն ապահովող գործոններից մեկը։

Պարզվել է, որ ամիշ համայնքի յուրաքանչյուր չորրորդ ներկայացուցչի SERPINE1 գենում մուտացիան հանգեցնում է արյան մեջ PAI-1 սպիտակուցի ավելի ցածր մակարդակին։

Հյուսիս-Արեւմտյան համալսարանի սրտաբան Դուգլաս Վոգանը հայտնել է, որ PAI-1 սպիտակուցի «կողմնակի» գործողությունը բացահայտվել է մկների վրա կատարված փորձի ժամանակ։ Այն կրծողները, որոնց արյան մեջ ավելի շատ է եղել PAI-1 սպիտակուցը, ծերանում ու մահանում էին սրտանոթային համակարգի խնդիրներից բավականին երիտասարդ տարիքում։ Մինչդեռ արյան մեջ այդ սպիտակուցի ավելի ցածր պարունակությամբ մկները ավելի երկար էին ապրում։

 Գիտնականի խոսքով՝ այս կախումն արդարացի էր նաեւ մարդու համար։ Մարդիկ, որոնց արյան մեջ նկատվում է PAI-1-ի ավելի բարձր մակարդակ, ավելի հաճախ են հիվանդանում 2-րդ տիպի դիաբետով, նրանք ավելի հաճախ են ունենում նյութափոխանակության խնդիրներ ու ավելի երիտասարդ տարիքում են մահանում՝ որպես կանոն սրտանոթային հիվանդություններից։

Հետազոտությանը մասնակցել է Ինդիանա նահանգի գյուղական տեղանքում ապրող ամիշ համայնքի 177 նեկայացուցիչ։ Վոգանը ու նրա թիմը ապշել էր իրենց հայտնագործությունից։ Այն ամիշները, որոնք ունեին գենային մուտացիա, ապրում էին միջինը մինչեւ 85 տարեկան՝ այսինքն 10 տարով երկար, քան նույն համայնքի մյուս ներկայացուցիչները, որոնք չունեին այդ մուտացիան։ Նաեւ նրանց շրջանում չի գտնվել 2-րդ տիպի դիաբետով հիվանդ թեկուզ մեկը։ Մինչդեռ այդ գենային մուտացիան չունեցողների շրջանում դիաբետով հիվանդացությունը 7 տոկոս էր կազմում։

Գիտնականները նաեւ պարզել են, որ գենային մուտացիա կրողների տելոմերները միջինը 10 տոկոսով ավելի երկար էին, քան մնացած ամիշների տելոմերները։ Հենց տելոմերների երկարությունն է որոշում մարդու կենսաբանական տարիքը։

 Հետազոտողները արդեն մշակում են դեղամիջոց, որը օրգանիզմի վրա կթողնի այնպիսի ազդեցություն, որը նման է մուտացված գենի էֆեկտին։ Գիտնականները հույս ունեն, որ իրենց մշակումները կարող են երկարացնել մարդկանց կյանքի տեւողությունը ու օգնել հաղթահարել մի շարք հիվանդություններ, այդ թվում շաքարային դիաբետն ու Ալցհեյմերի հիվանդությունը։

 Ամիշների կենսակերպն աչքի է ընկնում իր պարզությամբ՝ նրանք հիմնականում ապրում են գյուղերում, զբաղվում գյուղատնտեսությամբ ու հրաժարվում ժամանակակից տեխնոլոգիաների գործածումից։ Ամիշների քանակը հասնում է շուրջ 200 000-ի։ Նրանք սերնդեսերունդ ամուսնանում են միայն իրենց համայնքի ներկայացուցիչների հետ։ Ամիշների ընտանիքները բազմազավակ են, համայնքի թվաքանակը բավականին արագ է աճում՝ բարձր ծնելիության պայմաններում համայնքում նորածնային մահացությունը շատ ցածր մակարդակի վրա է։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է