Ավելի քան 10 միլիոն մարդ է հիվանդացել տուբերկուլոզով 2016-ին: Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցարզրույցում հայտնել է Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գաբրեյեսուսը:
Նրա խոսքով՝ նոր դեպքերի առավել մեծ թիվը պատկանում է Ասիայի ու Աֆրիկայի երկրներին:
«2016-ին հիվանդացել է 10,4 միլիոն մարդ; Թեեւ 2000-ից ի վեր հիվանդացությունն ու մահացությունը նվազում է եւ հնարավոր է եղել 53 միլիոն կյանք փրկել՝ շնորհիվ ախտորոշման եւ բուժման առկա մեթոդների, այնուամենայնիվ տուբերկուլոզի բեռը նախկինի պես հսկայական է», - նշել է նա:
ԱՀԿ գլխավոր տնօրենի խոսքով՝ տուբերկուլոզը հանդիպում է աշխարհի բոլոր պետություններում, սակայն դեպքերի առավել մեծ թիվը՝ շուրջ 45 տոկոս, բաժին է ընկնում ասիական երկրներին: Հիվանդացության նոր դեպքերի եւս 25 տոկոս հաշվառվում է Աֆրիկայում:
Այլ լուրջ խնդիրներ են տուբերկուլոզի ձեւերը, որոնք ունեն բազմակի դեղամիջոցային կայունություն. ամեն տարի դրանք ավելի քան 600 000 մարդու մոտ հայտնաբերվում են: Այդպիսի հիվանդներին բուժելու համար անհրաժեշտ է առավել թունավոր ու առավել թանկարժեք բուժում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին եւ 17-ին Մոսկվայում անցկացվել է տուբերկուլոզի շուրջ ԱՀԿ առաջին Գլոբալ նախարարական կոնֆերանսը: ԱՀԿ կոնֆերանսի շրջանակներում ստորագրված նախարարական հռչակագիրը հիմք կստեղծի փաստաթղթերի, որոնք կընդունվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2018-ին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր