• Latest news

Գարդասիլի հակառակորդները ԱԱԾ-ին մեղադրեցին անգործության մեջ եւ պահանջեցին Ալթունյանի հրաժարականը

20 նոյեմբերի, 2017  16:48

Լրագրող Արթուր Հովհաննիսյանը, ով հետաքննում է ՄՊՎ պատվաստանյութի՝ գարդասիլի տվյալները նոյեմբերի 20-ին իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել երկու հայտարարությամբ.

  1. Նա Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը մեղադրել է անգործության մեջ՝ կապված Հայաստանում ՄՊՎ դեմ պատվաստման ներդրման հետ:
  2. Վարչապետ Կարեն Կարապետյանին առաջարկել է օր առաջ Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին պաշտոնանկ անել, որպեսզի հետո չամաչի:

«Կես տարի անց կհրապարակվեն փաստեր եւ ինքը կամաչի, որ այդ մարդուն թողել է իր պաշտոնին: Թե ինչ փաստեր են դրանք, ես այժմ չեմ կարող ասել, բայց կես տարուց, երբ դրանք կհրապարակվեն, դուք կհասկանաք, թե ինչու չէր կարելի դրանք այժմ բացահայտել», - հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ կան բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են գարդասիլ պատվաստանյութի վտանգավորությունն ու անարդյունավետությունը: Մասնավորապես, VAERS-ի տվյալների բազայի համաձայն՝ ՄՊՎ դեմ պատվաստման հետ կապված ստացվել է 216261 բողոք, մահվան մասին հաղորդման 209 դեպք, որից 10-ը՝ հանկարծամահության: Որպես գարդասիլ պատվաստանյութի կողմնակի ազդեցություններ արձանագրվել են վերարտադրողական գործառույթների խանգարումներ, անպտղություն, վիժումներ, նյարդային համակարգի խանգարումներ եւ այլն:

Մամուլի ասուլիսի մեկ այլ բանախոս՝ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը հաղորդել է, որ իրենց նախաձեռնությունը հետազոտություն է անցկացրել ՄՊՎ դեմ պատվաստման թեմայի շուրջ եւ նրա մոտ շատ հարցեր են առաջացել եւ գարդասիլ պատվաստանյութի անվտանգության, եւ դրա արդյունավետության հետ կապված:

Ըստ նրա՝ ապացուցված չէ, որ գարդասիլը կանխում է արգանդի պարանոցի քաղցկեղը:  «Եթե կինը վարակվի ՄՊՎ-ով, ապա երկու տարվա ընթացքում օրգանիզմն ինքը 90 տոկոսով կհեռացնի վիրուսը, եւ միայն 5 տոկոս կանանց մոտ վիրուսը կարող է նախաքաղցկեղ առաջացնել: Ընդ որում, պահանջվում է 30 տարի, որ այդ 5 տոկոսանոց խմբի կանանց 40 տոկոսի մոտ քաղցկեղ առաջանա», - ասել է նա՝ հավելելով, որ շուկայում գարդասիլ պատվաստանյութն առկա է ընդամենը 10 տարի: Այսինքն, ըստ նրա, աղջիկը, որը 10 տարի առաջ պատվաստվել է, պետք է եւս 20 տարի սպասի՝ իմանալու համար, թե արդյոք իր մոտ քաղցկեղ լինելու է, թե ոչ:

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության Ուռուցքաբանության ազգային կենտրոնին ուղղված հարցմանը, որով խնդրվում էր ներկայացնել արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերի եւ այդ դեպքերի ՄՊՎ-ի հետ կապի մասին վիճակագրությունը, կենտրոնից պատասխանել են, որ այդպիսի վիճակագրություն չունեն:

Կասկած հայտնելով  պատվաստանյութի արդյունավետության մասին՝ Հայկ Այվազյանը հղում է արել ամերիկացի գինեկոլոգ Դիանա Հարփերին, բրիտանացի մասնագետ Էլիսոն Փոլաքին, ինչպես նաեւ Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային: Հիշեցնենք, որ Սկվորցովան Հայաստանում սեպտեմբերի վերջին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Ռուսաստանում մանրակրկիտ ուսումնասիրել են միջազգային փորձը եւ առայժմ չի

հաստատվում, որ պատվաստված աղջիկների մոտ հետագայում իսկապես քաղցկեղ չի ձեւավորվում:

Հայկ Այվազյանը նաեւ հայտնել է, որ Հայաստանի Առողջապահության նախարարության հնչեցրած թվերի մեջ անհամապատասխանություն կա. այսպիսով, հեռուստատեսությամբ ելույթ ունենալով՝ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները ասում էին, որ ՄՊՎ 16 եւ 18 շտամները պատասխանատու են քաղցկեղի 99 տոկոս դեպքերում, իսկ նախաձեռնության հարցին ի պատասխան տվել են 71 տոկոս, եւ նույնպիսի թիվ է ասում նաեւ ԱՀԿ-ն: «Իսկ ԱՄՆ կառավարության կայքում մենք գտանք հետազոտություններ, որոնք խոսում են 28,2 տոկոսի մասին», - ասել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երկու տարվա ընթացքում ՄՊՎ դեմ պատվաստանյութ մեզ մատակարարելու է ԳԱՎԻ հիմնադրամը: Հայկ Այվազյանը հիշեցրել է հիմնադրամի հիմնադրի՝ Բիլ Գեյթսի 2010-ին ասված հայտնի  խոսքը. «Այսօր աշխարհում 6,8 միլիարդ մարդ կա: Այդ թիվը կաճի մինչեւ մոտ 9 միլիարդ: Հիմա, եթե մենք իսկապես նոր պատվաստումների, առողջապահության, վերարտադրողական առողջության ոլորտում ծառայությունների շուրջ մեծ գործ անենք, մենք այն կնվազեցնենք գուցե 10 կամ 15 տոկոսով»:

Հայկ Այվազյանի խոսքով՝ Հայաստանի Առողջապահության նախարարությունը նաեւ չի ասում այն փաստերի մասին, որ տվյալ պատվաստանյութի ծածկությթը շատ զարգացած երկրներում կրճատվում է: Օրինակ՝ Ճապոնիայում 70 տոկոսից կրճատվել է մինչեւ 1 տոկոս, Դանիայում՝ 49 տոկոսից դարձել է 24 տոկոս, Իռլանդիայում կրճատվել է 50 տոկոսով: Իսպանիայում 2009-ին  առհասարակ հրաժարվել են ՄՊՎ դեմ պատվաստվելուց, Ղազախստանում հրաժարվել են 2013-ին, իսկ Հնդկաստանում այդ հարցի շուրջ դատական գործընթաց է գնում:

Հայկ Այվազյանն ու Արթուր Հովհաննիսյանը  հիշեցրել են, որ Հայաստանում պատվաստումները պարտադիր չեն եւ, օրենքի համաձայն, երեխային կարող են պատվաստել միայն ծնողների համաձայնության դեպքում, այնպես որ ցանկացած պարտադրանքի ու առանց իրենց գիտության գործողությունների դեպքում ծնողները կարող են դիմել դատարան:

Լրագրողն ու նախաձեռնության անդամը նաեւ նշել են, որ իրենք պատվաստումների հակառակորդներ չեն եւ պատվաստումներին դեմ առհասարակ հանդես չեն գալիս:

 «Պատվաստումները կանխում են հիվանդությունները, զանգվածային համաճարակները, դրանց առհասարակ դեմ լինելը բանականությունից զուրկ է եւ անհիմն: Բայց հանցավոր խմբերը, որոնք նպատակ ունեն կրճատել Երկրի բնակչության թիվը, դրա համար օգտագործում են բոլոր հնարավորությունները՝ սննդամթերք, դեղամիջոցներ, այդ թվում նաեւ պատվաստումներ: Այսինքն, եթե պատվաստումներն, ընդհանրապես, պետք է օգուտ բերեն մարդկանց, նրանք փորձում են առանձին պատվաստումների միջոցով կրճատել մարդկանց թվաքանակը», - ասել է Արթուր Հովհաննիսյանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է