• Latest news

Ուրոլոգը խորհուրդ է տալիս չչարաշահել ժողովրդական միջոցներն ու հակաբիոտիկները

26 նոյեմբերի, 2017  17:58

Ժողովրդի մեջ հայտնի են ցիստիտի բուժման բազմաթիվ մեթոդներ՝ սկսած կաթով լոգանքներից, մինչեւ տաք ձվածեղով կոմպրեսներ, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս այդ մեթոդներով շատ չգայթակղվել, ինչպես նաեւ ոչ մի դեպքում հակաբիոտիկներով ինքնաբուժմամբ չզբաղվել, քանի որ այդպիսի «բուժման» դեպքում միզուղիների պարզ վարակը կարող է բարդ քրոնիկ հիվանդության վերածվել:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի  հետ զրույցում հայտնեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուրոլոգ Վահան Բաբայանը, ամենատարբեր ժողովրդական մեթոդներն ,առաջին հայացքից, առողջությանը ոչ մի վտանգ չեն սպառնում, բայց դրանց հիմնական վտանգն այն է, որ վարակը թերի է բուժվում:

Տաք պրոցեդուրաները թեթեւացնում են ախտանշանները, բայց չեն բուժում բուն վարակը: Որոշ ժամանակ անց, այն նորից գլուխ է բարձրացնում եւ կարող է դառնալ քրոնիկական, իսկ այդ դեպքում դրա բուժումը խիստ կբարդանա:

Դա վերաբերում է հատկապես երիտասարդ կանանց, որոնք ամուսնությունից անմիջապես հետո ունենում են պոստկոիտալ վարակներ, եւ եթե նրանք ախտանշանները ժողովրդական մեթոդներով են վերացնում՝ առանց ճիշտ բուժում ստանալու, ապա վարակները գլուխ են բարձրացնում հղիության ժամանակ եւ մեծանում է սուր պիելոնեֆրիտի առաջացման հավանականությունը:

Ինչպես հստակեցրել է բժիշկը, միզուղիների վարակները  լինում են երկու տեսակ՝ ստորին եւ վերին միզուղիների վարակներ ։ Վերին միզուղիների մեջ մտնում են երիկամներն ու միզածորանները, իսկ ստորին միզուղիների մեջ՝ միզապարկը եւ միզուկը, տղամարդկանց մոտ՝ նաեւ շագանակագեղձը։

«Միզուղիների վարակներն արդի բժշկության մեջ լուրջ խնդիր են, եւ վերջին տասնամյակում շատ են տարածված բնակչության շրջանում, եւ դրանք իրենց պատճառներն ունեն։ Նախ՝ վնասակար սովորություններն են շատացել, երկրորդ՝ չկանխատեսված դեղորայքաբուժումը», – ասել է  նա։

Ինչ գանգատներ կարող են լինել.

  •      հաճախացած ցավոտ միզարձակում
  •      գիշերային հաճախամիզություն
  •      միզելուց հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացում
  •      կանանց մոտ կարող է լինել նաեւ անմիզապահություն

Ըստ Վահան Բաբայանի, բժիշկը պետք է հանգամանալից անամնեզ հավաքի, եւ նշանակի հետազոտություններ, որոնց մեջ մտնում են.

  • պարտադիր լաբորատոր հետազոտություն,
  • մեզի ընդհանուր եւ բակտերիոլոգիական քննություն (ցանքս):
  • անամնեզից ելնելով՝ հատուկ սեռավարակների եւ այլ վարակների հետազոտություն. ուրեոպլազմա միկոպլազմա, քլամիդիոզ, բրուցելոզ, տուբերկուլոզ եւ այլն։
  • միզուղիների, միզապարկի, երիկամների, տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտություն
  • անհրաժեշտության դեպքում՝ կոնտրաստավորումով համակարգչային շերտագրում։

Ուրոլոգը նշել է, որ ոչ մի դեպքում չի կարելի սկսել ընդունել հակաբիոտիկներ՝ առանց մեզի ցանքսի: Նրա խոսքով, առանց մանրէների կոնկրետ շտամների դրսեւորման՝ լայն սպեկտրի հակաբիոտիկների նշանակումը պետք է արմատախիլ արվի, քանի որ այն բերում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացման, ինչն էլ բժիշկների համար մեծ խնդիրներ է ստեղծում:

«Առանց մեզի մանրէաբանական քննության հակաբիոտիկներ նշանակել ու անընդհատ փոխել դրանք լայն սպեկտրի, նեղ սպեկտրի․․․ չի կարելի, խիստ արգելված է, որովհետեւ այն կարող է բերել դեղորայքի նկատմամբ կայունության, որը լուրջ խնդիր է: Այդ դեպքում արդեն բժշկի ձեռքերը կապված են լինում։ Օրինակ՝ պատասխան է ստացվում  կլեբսիելա, որը դեղորայքակայուն շտամներ շատ է ունենում. 20 տեսակ հակաբիոտիկ է դրված, բոլորի հանդեպ վարակը կայուն է,  ու հիվանդն էլ բազմաթիվ գանգատներ ունի», - ասել է նա։

Նրա խոսքով, անուշադրության մատնված քրոնիկական վարակների դեպքում միզապարկի լորձաթաղանթը մետապլազիայի է ենթարկվում եւ բժիշկներն ստիպված են լինում վիրահատական միջամտության դիմել` լորձաթաղանթի այրում կատարել:

Քրոնիկական միզավարակների ամենածանր հետեւանք կարող է դառնալ սուր պիելոնեֆրիտը, երբ վարակը, միզուղիներով վեր բարձրանալով, հասնում է երիկամներին: Սուր պիելոնեֆրիտը վտանգավոր է նրանով, որ կարող են առաջանալ ապոստեմներ, երիկամների աբսցես, ինչը կարող է հանգեցնել երիկամը հեռացնելու անհրաժեշտության:

Այդպիսի դեպքերում նաեւ ուրոսեպսիսի՝ արյան վարակման վտանգ կա: Հենց այդ պատճառով էլ բժիշկը խորհուրդ է տալիս լուրջ մոտենալ  «սովորական ցիստիտին» եւ այն բուժել ժամանակին ու գրագետ ձեւով՝ առանց ինքնագործունեության:

Վահան Բաբայանը հավելել է, որ հակաբիոտիկները չի կարելի չարաշահել նաեւ այն դեպքում, երբ ցանքսը մանրէների ցածր քանակ, դրանց թույլ աճ է ցույց տալիս:

Դիզուրիկ երեւույթների ժամանակ սկզբնական շրջանում խորհուրդ է տրվում նշանակել ոչ ստերոիդային հակաբորբոքային կարճատեւ բուժում։ Մեզի անալիզների պատասխանից հետո միայն կարելի է նշանակել հակաբիոտիկներ։

Որոլոգը նաեւ հավելել է, որ հաճախամիզության պատճառները միշտ չէ, որ միզուղիների վարակներն են լինում: Կանանց մոտ նեյրոգեն գործոնների ազդեցությունից առաջանում է միզապարկի հիպերակտիվություն եւ այդ հիվանդությունը բուժվում է М հոլինոբլոկատորներով: Բայց շատ հաճախ բժիշկները, հիմնվելով միայն մեզի ընդհանուր հետազոտության մեջ լեյկոցիտների քանակի փոքր-ինչ ավելացմանը, նշանակում են հակաբիոտիկներ կամ հենց իրենք՝ պացիենտներն են հակաբիոտիկներով ինքնաբուժման դիմում, սակայն տվյալ դեպքում դրանք առհասարակ չեն կարող օգնել:

Եւս մեկ մոլորություն է միզավարակների ժամանակ միզամուղ միջոցների ընդունումը: Նույնը չի կարելի ասել բուսական կամ հատապտղային թուրմերի մասին, օրինակ՝ լոռամրգիի թուրմի: Դրանք ուրոսեպտիկ,  հակաբորբոքային ազդեցություն ունեն եւ ցուցված են միզավարակների դեպքում, իհարկե, զուգակցելով դեղամիջոցներով բուժման հետ եւ որպես կանխարգելիչ միջոց:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել