• Latest news

Գարդասիլը գոյություն ունեցող շատ պատվաստանյութերից ավելի անվտանգ է. կենսաբան

8 դեկտեմբերի, 2017  14:08

Մարդու պապիլոմայի վիրուսի 4 շտամների դեմ Գարդասիլ պատվաստանյութն ավելի անվտանգ է այսօր ակտիվորեն օգտագործվող շատ պատվաստանյութերից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ի տարբերություն որոշ պատվաստանյութերի, Գարդասիլը նույնիսկ ոչ թե վիրուս է պարունակում, այլ ընդամենը մեկ սպիտակուց, որին ի պատասխան օրգանիզմում իմունիտետ է մշակվում իր՝ վիրուսի դեմ: Ո՛չ այս սպիտակուցը, ո՛չ վիրուսը չեն կարող անպտղություն առաջացնել: Ինչպես նշեց Հովակիմ Զաքարյանը, ՄՊՎ-ով վարակվելը կարող է անպտղության պատճառ դառնալ միայն այն դեպքում, եթե կնոջ մոտ արգանդի վզիկի քաղցկեղ լինի, եւ նրա արգանդը հեռացնեն:

Մասնագետը հիշեցրեց, որ պատվաստանյութն օգտագործվում է 2006 թվականից, բայց մինչ այդ կլինիկական հետազոտությունների է ենթարկվել, որոնց 60 հազար մարդ է մասնակցել: Հետազոտությունները ցույց են տվել, որ կողմնակի էֆեկտների հետ բախվել է մարդկանց 0,05 տոկոսը, եւ առավել հաճախ հանդիպող կողմնակի էֆեկտն է եղել ներարկման տեղի ցավը, կարմրությունը, ցանը, գլխապտույտը, եղել են նաեւ ուշաթափության մի քանի դեպքեր, այդ պատճառով խորհուրդ է տրվում պավաստվելուց հետո 15-20 րոպե նստած մնալ:

Հովակիմ Զաքարյանը նաեւ նշեց, որ Գարդասիլի դեմ ելույթները գիտական ոչ մի հիմնավորում չունեն՝ չկա որեւէ լուրջ հետազոտություն, որը ցույց կտար, որ այս պատվաստանյութը կարող է վտանգավոր լինել, անպտղություն կամ մահ առաջացնել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ից Հայաստանում կներդրվի մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը: Դրա նպատակն է արգանդի վզիկի քաղցկեղի կանխումը, որը մեծ մասամբ կապված է մարդու պապիլոմայի վիրուսի հետ: Կօգտագործվի 4-վալենտանի Գարդասիլ պատվաստանյութը, որը պաշտպանում է 16, 18, 6 եւ 11 շտամներից: Պատվաստանյութը կստանան 13-ամյա 16 հազար աղջիկներ, որոնք ծնվել են 2004 թվականից հետո, իսկ պատվաստումը կկատարվի ամբուլատորիաներում:

Այս պատվաստանյութի ներդրումը միանշանակ չի ընդունվել. դավադրությունների ամենատարբեր տեսությունների կողմնակիցների պնդումներից շատերն անհեթեթ են թվում, սակայն Գարդասիլի պատվաստման դեմ են հանդես գալիս նաեւ բժիշկները, որոնք պնդում են, որ պատվաստանյութի արդյունավետությունը դեռեւս ապացուցված չէ, քանի որ շատ քիչ ժամանակ է անցել, եւ հայտնի է դրա մեծ թվով կողմնակի էֆեկտների մասին: Բժիշկներից շատերը կարծում են, որ ավելի ճիշտ է արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման սքրինինգի անցկացումը: Մինչդեռ առողջապահության համակարգի ներկայացուցիչները սա հերքում են եւ պնդում, որ իրենց երեխաներն ու թոռներն առաջինը կպատվաստվեն Գարդասիլով, ինչը կօգնի ապացուցել այս պատվաստանյութի անվտանգությունը:

Սակայն պատվաստանյութի կողմնակիցները պնդում են, որ այն Հայաստանում գրանցված  եւ կիրառվում է արդեն 10 տարի, եւ պատվաստանյութն ստացած 2000 մարդկանց մոտ ոչ մի լուրջ կողմնակի էֆեկտ չի գրանցվել: Ավելին՝ որոշ բժիշկներ եւ Առողջապահության նախարարության աշխատակիցներ իրենց երեխաներին ցուցադրաբար պատվաստել են Գարդասիլով:

Նշենք, որ Հայաստանում այս պահին դիսպանսեր հսկողության տակ են արգանդի վզիկի քաղցկեղով տառապող 2990 կանայք, եւ ամեն տարի գրանցվում է մոտ 250 նոր դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել