• Latest news

Գարդասիլով պատվաստումը մեր աղջիկների վրա կատարվող փորձ է. «Երկիր Ծիրանի»

8 դեկտեմբերի, 2017  15:27

Գարդասիլով պատվաստման ծրագիրը մեծ թվով հարցեր է առաջացնում, որոնց համաձայն՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանում 13-ամյա աղջիկների վրա ինչ-որ փորձ են կատարում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի ավագանիի «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու են պատվաստման համար ընտրել հատկապես 13 տարեկան աղջիկներին (չնայած պատվաստումը ցուցված է 2 սեռի 9-26 տարեկան ներկայացուցիչներին), եւ ինչու պատվաստանյութը կստանա միայն 16 հազար աղջիկ, այլ ոչ թե երկրում հիմա բնակվող բոլոր 20 հազարը: Ավելին՝ այս պատվաստանյութը ցուցված է նաեւ տղաներին, սակայն Հայաստանում չեն պատրաստվում տղաներին պատվաստել:

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Առողջապահության նախարարությանը հարց են ուղղել՝ ինչո՞ւ են միայն 13-ամյա աղջիկներին պատվաստելու, որտեղից նրանց պատասխանել են, թե քանի որ պատվաստումն անցկացվում է ՄԱԿ-ի եւ Գավի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, Առողջապահության նախարարությանն առաջարկվել է  ընտրել միայն տարիքային մեկ խումբ (նշենք, որ ԱՆ մասնագետները պնդում են, որ 13 տարեկաններին են ընտրել, որովհետեւ այս տարիքի աղջիկները դեռեւս սեռական փորձ չունեն, հետեւաբար՝ նրանք, ամենայն հավանականությամբ, դեռեւս վարակված չեն մարդու պապիլոմայի վիրուսով – խմբ.):

«Եթե ԱՆ աշխատակիցները բնակչության առողջության մասին մտածեին, նրանք շահագրգռված կլինեին, որ պատվաստման ենթարկվեին բոլորը՝ 9-ից մինչեւ 26 տարեկան ե՛ւ տղաները, ե՛ւ աղջիկները: Տարօրինակ է, որ նրանք ընտրել են միայն 13 տարեկան աղջիկներին»,- նշեց Մարինա Խաչատրյանը:

Նա տարօրինակ է համարում նաեւ այն, որ աղջիկներին պատվաստելու են 4-վալենտանի Գարդասիլով, երբ շուկայում արդեն կա նաեւ 9-վալենտանին:

«Մենք հարցրեցինք՝ ինչո՞ւ է այդպես, եւ մեզ պատասխանեցին, որ ՄԱԿ-ն մեզ հենց այս պատվաստանյութն է տրամադրել: Այսինքն՝ ստացվում է, որ մենք մեր 13 տարեկան աղջիկներին պետք է պատվաստենք այն պատվաստանյութով, որը ՄԱԿ-ի՞ն է հարմար, այլ ոչ թե՞ ամենալավով, ոչ ա՞յն պատվաստանյութով, որն անհրաժեշտ է հատկապես մեր աղջիկներին»,- հարցրեց Մարինա Խաչատրյանը:

Մարինե Խաչատրյանին անհանգստացնում է եւս մեկ հարց, որը վերաբերում է պատվաստվելուց հետո երեւան եկեղ իմունիտետին. տարբեր տեղեկություններով՝ այս իմունիտետը կարող է պահպանվել 3-5 տարուց մինչեւ 10 տարի: Եթե ՄՊՎ դեմ իմունիտետը կարող է ակտիվ մնալ 5 տարվա ընթացքում, 13 տարեկան աղջիկներից շատերը արդեն 18 տարեկանում այս իմունիտետից կզրկվեն եւ կրկին ՄՊՎ դեմ խոցելի կլինեն:

«13 տարեկանը, 16 հազար մարդը ընտրանքային է կոչվում: Ընտրանքը վիճակագրական հասկացություն է, որը կիրառվոմ է հետազոտությունների եւ փորձերի ժամանակ: Մենք կարող ենք եզրակացնել, որ մեր աղջիկների վրա փորձ է կատարվում»,- ասաց Մարինե Խաչատրյանը:

Նա հավելեց, որ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը նույնպես մեծ թվով հարցեր է առաջացնում: 4-վալենտանի Գարդասիլի շուկայական արժեքն է մոտ 70-160 դոլար: Իսկ Հայաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանին պատվաստանյութը կտրամադրեն 4,5 դոլարով:

«Ցանկացած սթափ դատող մարդու մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էին թանկարժեք դեղամիջոցն այդքան ցածր գնով ձեռք բերել: ԱՆ-ից նշել են, որ Գարդասիլը Հայաստան է բերել ՄԱԿ մանկական հիմնադրամը՝ Գավիի ֆինանսավորմամբ: Նրանք նաեւ նշել են, որ գնման գործընթաց, որպես այդպիսին, չի եղել: Հայտնի է, որ ձեռք է բերվել պատվաստանյութի 34 500 դոզա, դա արժե ԱՄՆ 150 000 դոլար (եթե մեկ դոզան արժե 4,5 դոլար), որը հասկանալի չէ, թե ինչու է վերցվել մեր բյուջեից, եւ հասկանալի չէ, թե ուր է գնացել»,- նշեց Մարինա Խաչատրյանը:

«Ես, որպես բժիշկ, կոչ եմ անում պատվաստումից հրաժարվել: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երեխաների վրա փորձեր կատարեն»,- հավելեց նա:

Պատվաստումից հրաժարվել որոշած ծնողներին նա խորհուրդ տվեց գրավոր հրաժարական գրել եւ անպայման դպրոցների ուսուցիչներին, տնօրեններին զգուշացնել, նաեւ իրեն՝ աղջկան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ից Հայաստանում կներդրվի մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը: Դրա նպատակն է արգանդի վզիկի քաղցկեղի կանխումը, որը մեծ մասամբ կապված է մարդու պապիլոմայի վիրուսի հետ: Կօգտագործվի 4-վալենտանի Գարդասիլ պատվաստանյութը, որը պաշտպանում է 16, 18, 6 եւ 11 շտամներից: Պատվաստանյութը կստանան 13-ամյա 16 հազար աղջիկներ, որոնք ծնվել են 2004 թվականից հետո, իսկ պատվաստումը կկատարվի ամբուլատորիաներում:

Այս պատվաստանյութի ներդրումը միանշանակ չի ընդունվել. դավադրությունների ամենատարբեր տեսությունների կողմնակիցների պնդումներից շատերն անհեթեթ են թվում, սակայն Գարդասիլի պատվաստման դեմ են հանդես գալիս նաեւ բժիշկները, որոնք պնդում են, որ պատվաստանյութի արդյունավետությունը դեռեւս ապացուցված չէ, քանի որ շատ քիչ ժամանակ է անցել, եւ հայտնի է դրա մեծ թվով կողմնակի էֆեկտների մասին: Բժիշկներից շատերը կարծում են, որ ավելի ճիշտ է արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման սքրինինգի անցկացումը: Մինչդեռ առողջապահության համակարգի ներկայացուցիչները սա հերքում են եւ պնդում, որ իրենց երեխաներն ու թոռներն առաջինը կպատվաստվեն Գարդասիլով, ինչը կօգնի ապացուցել այս պատվաստանյութի անվտանգությունը:

Սակայն պատվաստանյութի կողմնակիցները պնդում են, որ այն Հայաստանում գրանցված  եւ կիրառվում է արդեն 10 տարի, եւ պատվաստանյութն ստացած 2000 մարդկանց մոտ ոչ մի լուրջ կողմնակի էֆեկտ չի գրանցվել: Ավելին՝ որոշ բժիշկներ եւ Առողջապահության նախարարության աշխատակիցներ իրենց երեխաներին ցուցադրաբար պատվաստել են Գարդասիլով:

Նշենք, որ Հայաստանում այս պահին դիսպանսեր հսկողության տակ են արգանդի վզիկի քաղցկեղով տառապող 2990 կանայք, եւ ամեն տարի գրանցվում է մոտ 250 նոր դեպք:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել