• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր B12 վիտամինի դեֆիցիտը

17 դեկտեմբերի, 2017  15:31

«Աստղիկ» բժշկական կենտրոնում 10 հիվանդի մոտ ֆունիկուլյար միելոզ է ախտորոշվել՝ հիվանդություն, որն առաջանում է B12 վիտամինի դեֆիցիտի դեպքում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց «Աստղիկ» ԲԿ Ընդհանուր եւ անոթային նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ-ի նյարդաբանության ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Հովհաննես Մ. Մանվելյանը:

«Մեր քաղաքակիրթ 21-րդ դարում տարօրինակ է թվում, որ մարդկանց մոտ կարող է ավիտամինոզ առաջանալ: Նախկինում շատ տարածված ու հայտնի հիվանդությունները, որոնք կապված են տարբեր խմբերի վիտամինների անբավարարության հետ՝ B1, B6, B9` ֆոլաթթվի, B12` ցիանկոբալամինի, D, A, E վիտամինների, այսօր բժիշկներին ծիծաղելի են թվում, ավելին՝ նրանք դա չեն ախտորոշում: Տարեց բժիշկները զարմանում են՝ նման հիվանդներին որտեղի՞ց ես գտնում: Որովհետեւ նրանց աշխատանքի ժամանակ այս հիվանդությունը էլիմինացրել են, ինչպես բնական ծաղիկը»,- ասաց նա:

Բժիշկը հիշեցրեց, որ շատ վիտամիններ հայտնի են իրենց դեֆիցիտով: «Հայտնի է, որ ցինգան առաջանում է C վիտամինի դեֆիցիտի հետեւանքով, A վիտամինն անչափ կարեւոր է տեսողության համար, B խմբի վիտամինները շատ կարեւոր են նյարդային համակագի համար, D վիտամինն ընդհանրապես անհրաժեշտ է, այն նույնիսկ կարելի է ոչ թե որպես վիտամին դիտարկել, այլ հորմոն, քանի որ մասնակցում է մեր օրգանիզմում տեղի ունեցող մետաբոլիկ շատ պրոցեսների»,- ասաց Հովհաննես Մանվելյանը:

Բժշկի խոսքով՝ B12 վիտամինի դեֆիցիտն առաջացնում է, այսպես կոչված,  ֆունիկուլյար միելոզ՝ հիվանդների մոտ ախտահարվում են ողնուղեղի հետին և կողմնային պարանիկները, խախտվում է ուղեղին զգացողական տեղեկատվությունը ապահովող իներվացիան, զարգանում են սենսիտիվ` զգացողական ատաքսիաներ, խախտվում է քայլվածքը: Այս հիվանդության դեպքում ողնուղեղը, որը պատասխանատու է գլխուղեղին ազդանշանների փոխանցման համար, այդ թվում՝ սենսորային, դա չի կարողանում անել, եւ առաջանում է, այսպես կոչված, սենսիտիվ ատաքսիա: Զգացողական դեֆիցիտը կոմպենսացվում է տեսողությամբ, դրա պատճառով էլ հիվանդները փակ աչքերի պարագայում դառնում են անզոր: Հիվանդների մոտ առաջանում են գլխապտույտներ, քայլելու դժվարություններ, նրանք հաճախ են ընկնում: Հովհաննես Մանվելյանը հավելեց, որ նման ախտանիշներով մարդիկ երկար ժամանակ տարբեր բժիշկների են դիմում, սակայն ճիշտ ախտորոշում եւ բուժում չեն ստանում: Այդ ամբողջ ժամանակահատվածում հիվանդությունը զարգանում է, եւ արդյունքում քայլքը անհնարին է դառնում, ծնկային ռեֆլեքսներն ամբողջությամբ անհետանում են, քանի որ ազդանշաններն ինչպես վերեւ չեն փոխանցվում, այդպես էլ՝ վերեւից ներքեւ:

«Եթե այդ մարդիկ ժամանակին հետազոտվեն եւ ապացուցվի, որ առկա է վիտամինային կախվածություն կամ B12-ի դեֆիցիտ, իրենց կարելի է ժամանակին բուժել: Իսկ եթե հիվանդությունը խորանում է, եւ հիվանդները բուժում չեն ստանում, արդյունքում զարգանում է հաշվանդամություն: Բացի դրանից, խաթարվում է նրանց հոգեկան վիճակը, հիվանդները վստահ են, որ իրենք տառապում են հիվանդությամբ, որը ոչ մեկին հասկանալի չէ, այդ թվում՝ բժիշկներին, եւ այն անբուժելի է: Նրանք վերափոխվում են սոցիալապես շատ ծանր հիվանդների, քանի որ հուսահատված են: Նրանք կարող են լինել ե՛ւ երիտասարդներ, ե՛ւ տարեցներ»,- ասաց Հովհաննես Մանվելյանը:

Նա հավելեց, որ «Աստղիկ» ԲԿ-ում սենսիտիվ ատաքսիայով ու համապատասխան նյարդաբանական դեֆիցիտով յուրաքանչյուր հիվանդ պարտադիր պետք է B12 վիտամինի դեֆիցիտի սքրինինգ անցնի: «Սա մեզ մոտ ուղեցույցներով է որոշված: Եվ բժիշկների առջեւ իմ բոլոր ելույթներում ես այս մասին խոսում եմ»,- ասաց նա:

Նյարդաբանի խոսքով՝ ամենագլխավորը արյան օբյեկտիվ պատկերը ստանալն է եւ պարզել B12 վիտամինով պամանավորված դեֆիցիտը: Ըստ որում՝ անհրաժեշտ է հիշել, որ առանց ֆոլաթթվի B12 չի սինթեզվում: Ուստի եթե առկա է B12-ի դեֆիցիտ, ապա անհրաժեշտ է վերականգնել նաեւ ֆոլաթթվի քանակը: Հովհաննես Մանվելյանի խոսքով՝ B12-ի եւ ֆոլաթթվի դեֆիցիտը հոմոցիստեինի բարձրացում է առաջացնում՝ սպիտակուցի, որը պատասխանատու է օրգանիզմում բորբոքային ռեակցիաների համար:

Նյարդաբանը հավելեց, որ B12 վիտամինով պայմանավվորված դեֆիցիտը կարող է կապված լինել ոչ միայն ֆոլաթթվի դեֆիցիտի հետ, այլ նաեւ ստամոքսում ներծծման խանգարման հետ: «Քրոնիկական գաստրիտով եւ ստամոքսի խոցով մարդկանց մոտ եւս առաջանում է B12-ի դեֆիցիտի վտանգ: Սա B12 անեմիա չէ, սա B12 վիտամինի դեֆիցիտով պայմանավորված նյարդային համակարգի ախտահարում է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է B12 վիտամինի դեֆիցիտի բուժման արդյունավետությանը, ապա, ինչպես նշեց Հովհաննես Մանվելյանը, եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշի, եւ եթե նյարդային հյուսվածքներում դեռեւս տեղի չեն ունեցել անշրջելի պրոցեսներ, հվանդները հաջողությամբ վերականգնվում են: «Բայց եթե շատ ժամանակ է անցել, վերականգնման արդյունքը կարող է այնքան էլ լավ չլինել, վիտամինի քանակությունը վերականգնվում է, սակայն մնացորդային երեւույթներ պահպանվում են»,- ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է