• Latest news

Գարդասիլի դեմ արշավի հետ Հայաստան է եկել հակապատվաստումային շարժումը․ մասնագետներ

18 դեկտեմբերի, 2017  19:01

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում գարդասիլ պատվաստանյութի վերաբերյալ քննարկումների ընթացքում մի շարք մասնագետներ հայտարարեցին, որ այդ պատվաստանյութի դեմ պայքարի հետ մեկտեղ Հայաստան է եկել հակապատվասաատումային շարժումը:

Մասնավորապես, հանրային առողջապահության  հարցերով մասնագետ Արսեն Թորոսյանը գարդասիլի դեմ բոլոր խոսակցությունները արհեստածին է անվանել: Նա նշել է, որ այն երկրներում, որտեղ Հայաստանի հետ զուգահեռ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներ են ներդրվել, նման խոսակցություններ չկան: «Երբ ես Google-ում փնտրում եմ այս երկրների հակառակ կարծիքները այս հարցում,  երեւում են  միայն հայաստանյան հրապարակումները ռուսերենով»,- ասաց նա՝ ավելացնելով. «Մենք մութ սենյակում կատու ենք փնտրում, այն դեպքում, երբ այն չկա»:

«Գարդասիլը պարզապես առիթ էր, եւ մենք պետք է շատ զգույշ լինենք, որ հակապատվաստումային շարժումը թափ չստանա: Եթե մայրը չի պատվաստում իր դստերը գարդասիլով, ապա վաղը ավելի մեծ հավանականությամբ  մյուս երեխաներին կամ թոռներին ընդհանրապես չի տանի պատվաստվելու, որը կհանգեցնի աղետի, բռնկման եւ մահվան», - զգուշացրեց նա:

Համաճարակաբան Արման Բադալյանը նշեց, որ պատվաստանյութերի դեմ պայքարող բոլոր գիտնականները  տխուր համբավ ունեն գիտական համայնքում եւ համարվում են կեղծ գիտնականներ: Նրա կարծիքով՝ Հայաստան է եկել ոչ թե գարդասիլը, այլ  ամբողջ հակապատվաստումային արշավը, որը գործում է ամբողջ աշխարհում, եւ կծիկի պես տարածվում է. Այն ֆինանսավորվում է պատվաստումների դեմ հանդես եկեղ հայտնի շոումեն–գիտնականների կողմից։

Կենսաբան Հովակիմ Զաքարյանի կարծիքով՝  այն, որ խորհրդարանում քննարկվում է գարդասիլ  պատվաստանյութի անվտանգության հարցը, արդեն իսկ նշանակում է, որ պատվաստումների դեմ շարժումը, փաստորեն, եկել է Հայաստան: Իսկ մամուլի հրապարակումներից կարելի է հասկանալ, որ այն հասել է իր նպատակին:

Գիտնականը հավելեց, որ նման բան աշխարհում արդեն եղել է: Մասնավորապես, երբ 1950- 60-ականներին ԽՍՀՄ-ն աֆրիկյան երկրներում բնական ծաղկի դեմ պատվաստումներ անցկացրեց, նախկին գաղութատեր երկրների`Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միսիոներները քարոզարշավ սկսեցին ընդդեմ պատվաստումների, պնդելով, որ խորհրդային պատվաստանյութն առաջացնում է անպտղություն, եւ դա աֆրիկյան երկրների դեմ զենք է: «Դա հանգեցրեց նրան, որ  70-ականներին շատ երկրներում ծաղիկ հիվանդությունը հաղթահարվեց, իսկ Աֆրիկայում դեռեւս մարդիկ էին մահանում դրանից», -ավելացրեց փորձագետը:

Հովակիմ Զաքարյանը մեղադրեց մի շարք հայկական լրատվամիջոցների, որոնք դեմ են հանդես գալիս գարդասիլ պատվաստանյութին, դրանով իսկ ձեւավորելով հասարակական կարծիք: «Նրանք խաղում են հասարակության զգայուն կետերի վրա։ Եվ մարդիկ այլեւս չեն պատվաստվի, քանի որ նրանց համոզել են, որ գարդասիլը հանգեցնում է անպտղության: Մենք բոլորս գիտենք, որ դա այդպես չէ, բայց մարդկանց համոզել են եւ մենք չենք կարող նրանց հակառակն համոզել»,- եզրափակեց նա:

Նրան հակադարձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով կոչ արեց «չփակել կայքերի բերանը», եւ հավելեց, որ մի գուցե ֆինանսական հետաքրքրություն ունեն այն գիտնականները, որոնք դեմ են հանդես գալիս Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներին, եւ ոչ հակառակը: Ի վերջո, մենք խոսում ենք Merck–ի պես գիգանտ դեղագործական ընկերության մասին:

Հայկ Բաբուխանյանը կասկածի տակ առավ ՀՀ առողջապահության նախարարության արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգային ծրագրի արդյունքները, նշելով, որ նույնիսկ 112 000 հետազոտված կանանց թիվը կարող է կեղծ լինել, ուղղակի թղթի վրա գրված, ուստի պետք է  օգտագործել այս ծրագրի ողջ ներուժը: Նա հիշեցրեց, որ Ղազախստանում գարդասիլ ովպատվաստումների ծրագիրը դադարեցվել էր եւ առաջարկեց Հայաստանում անցկացնել պատվաստումների որոշակի փուլ, իսկ այնուհետեւ գնահատել արդյունքները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել