Խելացի երեխաներ ունենալու համար հղի կանայք պետք է ձու եւ բեկոն ուտեն

8 հունվարի, 2018  14:47

Հղի կանայք, որոնք պարբերաբար ավանդական անգլիական նախաճաշ են ուտում՝ բեկոնի հետ ձու, ավելի բարձր IQ-ով երեխաներ են ունենում: Այսպիսի եզրակացության են հանգել Կորնելի համալսարանի ամերիկացի գիտնականները:

Մասնագետները սա կապում են այն բանի հետ, որ ձվի ու բեկոնի մեջ մեծ քանակությամբ խոլին է պարունակվում, որը պատասխանատու է հիշողության եւ երեխաների կողմից տեղեկությունները մշակելու ու յուրացնելու համար: Ըստ որում՝ բավարար քանակությամբ խոլին ստանալու համար կանայք պետք է օրական մինչեւ 9 ձու ուտեն:

Խոլինը մեծ դեր է խաղում նյարդային համակարգի նորմալ գործառնության համար: Այն մասնակցում է նյարդերի պաշտպանական միելինային թաղանթի ձեւավորմանը: Օրգանիզմում В4 վիտամինի բավարար մակարդակը պաշտպանում է բջջային թաղանթի վնասումից եւ նեյրոնների միելինային շերտի քայքայումից: Խոլինը նաեւ ացետիլխոլինի՝ կարեւորագույն նյարդամեդիատորի նախորդն է համարվում, միացություն, որը գլխուղեղին նյարդային իմպուլս է փոխանցում:

Գիտական խմբի ղեկավար Մարիա Քաուդիլլը նշել է, որ նախկինում անցկացված մինչկլինիկական հետազոտություններում սնունդի չափաբաժնում խոլինի քանակության մեծացումը դրական է ազդել առնետների մտավոր զարգացման վրա: Նրանք ավելի լավ են հաղթահարել  ուշադրության եւ ռեակցիայի խնդիրները, ինչպես նաեւ ավելի լավ են կողմնորոշվել ու մտապահել մեծ լաբիրինթոսների ճանապարհները:

Ամերիկացի գիտնականները նոր հետազոտությամբ որոշել են ստուգել, թե В4 վիտամինի ընդունումը ինչպես կազդի երեխաների կոգնիտիվ ունակությունների վրա՝ նրանց մտավոր բնութագրերը գնահատելով մինչեւ 2 տարեկանը:

Վիճակագրական տեղեկություններով՝ ապագա մայրիկների մեծ մասը օրական խորհուրդ տրվող 450 մգ խոլինից ավելի քիչ է օգտագործել: Դա մեծ մասամբ բացատրվում է վաղեմի սննդային սովորությամբ, որը կապված է այն համոզման հետ, թե ձվի դեղնուցում չափազանց մեծ քանակությամբ վնասակար խոլեստերին է պարունակվում: Հենց այս պատճառով շատերը, հատկապես հղիները անտեսում են В4 վիտամինի այս ամենալավ եւ հասանելի աղբյուրը:

Հետազոտությանը մասնակցող 26 հղիներին պատահականության սկզբունքով 2 խմբի են բաժանել. մի խմբում ընդգրկվածները սնվել են նոր դիետայով՝ խոլինով լրացուցիչ հարստացված, իսկ մյուսները՝ ստուգիչ խմբում ընդգրկվածները սովորականի պես են սնվել: Նոր դիետայում խոլինի ընդունումը կազմել է օրական մոտ 930 մգ, ինչը 2 անգամ շատ է սահմանված հրահանգներից:

Այնուհետեւ գիտնականները պարզագույն թեստերի միջոցով ստուգել են արդեն ծնված 4, 10, 18 եւ 24 ամսական երեխաների կոգնիտիվ ցուցանիշները, որոնք համահարաբերակցել են IQ-ի ցուցանիշների հետ: Ստացած արդյունքների համաձայն՝ երեխաները, ում մայրիկները 2 անգամ ավելի շատ խոլին են օգտագործել, քան սահմանված է հրահանգներով, միջինում 22 տոկոսով ավելի լավ են հաղթահարել առաջադրված խնդիրները:

Գիտնականները հույս ունեն, որ մոտ ժամանակներում ազգային դիետիկ հրահանգները կվերանայվեն, իսկ ապագա մայրիկները ավելի շատ խոլին կօգտագործեն, որն անհրաժեշտ է նրանց երեխաների ավելի լավ մտավոր զարգացման համար:

Ի դեպ, ձվից բացի, խոլին է պարունակվում նաեւ կարմիր մսի, ձկան, թռչնամսի, լոբազգիների եւ ընկույզների մեջ:

Երեք տարի տեւած հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the Federation of American Societies for Experimental Biology համացանցային պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր կարծիքով, դեղերը դեղատոմսով բաց թողնելու կանոնների խստացման հետեւանքով դեղորայքը կթանկանա՞:
Այո
Ոչ
Չգիտեմ