Ավստրալացի գիտնականները ինովացիոն էլեկտրոնային պարկուճ են ստեղծել, որի օգնությամբ կարելի է ախտորոշել աղիների հիվանդությունները, իսկ ամբողջ տեղեկատվությունը այն կփոխանցի սմարթֆոնին: Պարկուճը նախատեսված է աղիների մեջ գազերի պարունակությունը չափելու համար, եւ անցել է մարդկանց վրա կլինիկական փորձարկումների առաջին փուլը:
Մարդու աղեստամոքսային համակարգում բնակվող բակտերիաների մեծ միությունը կերակուրի չմարսված կտորների հետ փոխազդեցության աստիճանից կախված ամենատարբեր գազեր են առաջացնում:
Մելբուրնի թագավորական տեխնոլոգիական համալսարանի գիտնականների մշակած սարքն անցնում է մարսողական համակարգի միջով՝ ընթացքում չափելով աղիքային գազերի խտությունը: 2,6 սմ երկարությամբ եւ 1,1 սմ տամագծով պարկուճը ջրածնի, թթվածնի եւ ածխաթթու գազի հաղորդիչներ ունի:
Պարկուճի մեջ թաքցված են գազերի 2 սենսորներ, ջերմաստիճանի հաղորդիչ, միկրովերահսկիչ, ռադիահաճախականության փոխանցիչ եւ արծաթի օքսիդի հիմքով մարտկոցներ:
Հետազոտությանը մասնակցել է 6 առողջ մարդ, որոնք սնվել են բջջանյութի բարձր կամ ցածր պարունակությամբ մթերքներով: Պարզվել է, որ հաղորդիչը կարողացել է ժամանակի ռեալ ռեժիմում ճշգրիտ որոշել ջրածնի, ածխաթթու գազի եւ թթվածնի խտությունը՝ կախված, թե պարկուճն օրգանիզմով ինչպես է անցել:
Երբ փորձարկվողները պարկուճը կլլել են, այն սկսել է գրեթե 5 րոպեն մեկ դյուրակիր սարքին ազդանշաններ հաղորդել: Վերջինն իր հերթին Bluetooth է օգտագործում, որպեսզի տվյալները սմարթֆոնի հավելվածին ուղարկի:
Կլլելուց հետո մոտ մեկ-երկու օր հետո պարկուճն օրգանիզմից դուրս է եկել:
«Մենք հայտնաբերել ենք, որ ստամոքսն արտադրում է օքսիդացնող քիմիական նյութեր, որ տարրաբաժանի ու քայքայի օտար միացությունները, որոնք այնտեղ սովորականից երկար են մնում: Սա կարող է օտար օբյեկտներից ստամոքսի պաշտպանական համակարգ լինել: Այսպիսի իմունային մեխանիզմի մասին նախկինում երբեք չի հաղորդվել»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Կուրոշ Կալանթար Զադեն:
Դրանից բացի, սարքն առաջարկում է մարդու միկրոբիոտայի ակտիվության անալիզի միանգամայն նոր միջոց: «Նախկինում մենք ստիպված էինք հիմնվել կղանքի կամ վիրաբուժության վրա, որ փորձանմուշ վերցնեինք եւ անալիզի ենթարկեինք աղիների մանրէների բաղադրությունը,- ասում է Կալանթար Զադեն: - Սակայն դա նշանակում էր, որ մենք դրանք չափում ենք, երբ արդեն միկրոբիոտայի վիճակի իրական անդրադարձումն են: Մեր պարկուճն առաջարկում է միկրոբիոտայի ակտիվության չափման ոչ ինվազիվ մեթոդ»:
Ներկայումս մասնագետները մտադիր են հետազոտությունների երկրորդ փուլն անցկացնել: Աշխատության հեղինակները կարծում են, որ ստացած տվյալները վերջնարդյունքում հնարավոր կլինի օգտագործել առողջ սննդակարգի անհատականացված հրահանգների մշակման համար: Նորույթն օգտակար կլինի նաեւ մարսողության հետ կապված խնդիրներն ախտորոշելիս: Ավելին՝ ապագայում այսպիսի սենսորները կկարողանային փոխարինել որոշ ինվազիվ գործողությունների, օրինակ՝ կոլոնոսկոպիային:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Electronics գիտական ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր