• Latest news

Գիտնականները բացահայտել են ուղեղի վրա անէսթեզիայի ազդեցության հանելուկը

11 հունվարի, 2018  19:54

Քվինսլենդի համալսարանի (Ավստրալիա) գիտնականների աշխատանքը լույս է սփռել ուղեղում տեղի ունեցողի վրա, երբ այն գտնվում է ընդհանուր անէսթեզիայի ազդեցության ներքո: Պարզվել է՝ դեղամիջոցները ոչ միայն մարդուն քնեցնում են, այլեւ խախտում ուղեղի բջիջների միջեւ կապը:

Ամենայն հավանականությամբ, գլխուղեղի կեղեւում տարբեր հատվածների միջեւ տեղեկությունների փոխանցման արգելափակումը հանգեցնում է մեր գիտակցության «անհետացմանը»: Հնարավոր է, որ սա նաեւ տարօրինակ կողմնակի էֆեկտներ է առաջացնում՝ նարկոզից հետո հիշողության կորուստ եւ կոգնիտիվ խանգարումներ:

«Ավելի վաղ կատարված հետազոտությունների շնորհիվ մենք գիտեինք, որ ընդհանուր անէսթեզիայի միջոցները, ներառյալ պրոպոֆոլը, ուղեղում քնի համակարգերի վրա ազդում են քնաբերների նման»,- ասում է հետազոտողներից մեկը՝ Բրունո վան Սվինդերենը:

Նա նաեւ հավելում է, որ իր խմբի կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ պրոպոֆոլը բացասաբար է ազդում պրեսինապտիկ մեխանիզմների վրա՝ հավանաբար, ազդելով ամբողջ ուղեղում նեյրոնների միջեւ հաղորդակցության վրա:

Գիտնականները հետազոտել են, թե պրոպոֆոլն առանձին բջիջների վրա ինչպես է ազդում կենդանի օրգանիզմում եւ փորձանոթում: Մասնագետներն օգտագործել են առնետների եւ մրգաճանճերի նեյրոնային բջիջների կենդանի նմուշները: Պարզվել է, որ պրոպոֆոլը կապված է առանցքային սպիտակուցի հետ, որը նյարդային բջիջներն օգտագործում են միմյանց հետ շփվելու համար:

«Մենք հայտնաբերեցինք, որ պրոպոֆոլը սահմանափակում է առանցքային սպիտակուցի՝ սինատակսին 1A-ի շարժումը, որն անհրաժեշտ է բոլոր նեյրոնների սինապսների աշխատանքի համար»,- պարզաբանել է վան Սվինդերենը: Նրա խոսքով՝ հենց սա էլ բերում է ուղեղում նեյրոնների միջեւ հաղորդակցության վատթարացմանը: Նշենք, որ սինատակսին 1A ունեն ոչ միայն կենդանիները, սպիտակուցն առկա է նաեւ մարդկանց օրգանիզմում:

Ամենայն հավանականությամբ, անէսթեզիայի դեղամիջոցն այս սպիտակուցն արգելափակում է: Սա բերում է նրան, որ ուղեղի բջիջների փոխազդեցությունն ավելի է դանդաղում, համենայնդեպս՝ որոշ ժամանակով:

Հետազոտողները կարծում են, որ հենց այս պատճառով էլ պրոպոֆոլը թույլ է տալիս վիրահատություններ կատարել. այն նախ մարդուն «քնեցնում» է, ինչպես սովորական քնաբերը, իսկ հետո խանգարում է ուղեղի բջիջների փոխազդեցությանը:

«Հայտնագործությունը կարող է կարեւոր լինել մարդկանց բուժման համար, որոնց ուղեղում արդեն խնդիրներ կան, օրինակ՝ երեխաների մոտ, որոնց ուղեղը դեռեւս զարգանում է, Ալցհեյմերի կամ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ: Երբեք հասկանալի չի եղել, թե ինչու է ընդհանուր անէսթեզիան երբեմն խնդիրներ առաջացնում ամենաերիտասարդ կամ տարեց մարդկանց մոտ: Դրա պատճառը կարող է լինել հայտնաբերված մեխանիզմը»,- ասում է վան Սվինդերենը:

Գիտնականի կարծիքով՝ բոլոր ընդհանուր անէսթետիկները նույն կերպ են գործում, քանի որ բոլորն օժտված են մեկ կարեւոր հատկանիշով՝ կապվում են ճարպերին, իսկ ճարպերը գտնվում են մեր սինապսների փոխանակման կարեւորագույն կետերում:

Հետազոտության արդյունքներին կարելի է ծանոթանալ Cell Reports պարբերականում հրապարակված հոդվածում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել