• Latest news

Հղիությունը վատթարացնում է հիշողությունը եւ ուղեղի այլ ֆունկցիաները. գիտնականներ

15 հունվարի, 2018  21:26

Հղիությունը բացասաբար է անդրադառնում ապագա մայրերի կոգնիտիվ ֆունկցիաների վրա, այդ թվում՝ հիշողության, պարզել են Ավստրալիայի Դիքինի համալսարանի գիտնականները: Ի դեպ, այս էֆեկտը նկատելի է հիմնականում միայն իրենց՝ մայրերի եւ նրանց մերձավոր շրջապատի կողմից: Հետազոտությունը հրապարակվել է Medical Journal of Australia ամսագրում:

Գիտնականների հայտարարությամբ՝ հղիության ընթացքում կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացմամբ տառապում է 5 կնոջից 4-ը:

Հղիության ժամանակ հիշողության վատթարացումը՝ «մամնեզիան», մեծ թվով ապագա մայրերի է ծանոթ: Նրանք նշում են երեւան եկած ցրվածության մասին՝ չեն կարողանում հիշել, թե որտեղ են դրել այս կամ այն իրը կամ որեւէ զբաղմունքի ժամանակ մոռանում են, թե ինչ էին անում:

Հղի կանայք պարբերաբար նշում են նաեւ, որ կորցնում են զրույցի թելը, դժվար են կենտրոնանում եւ կազմակերպված մնալու համար ստիպված են նշումներ կատարել: Ոմանք դժվարանում են կենտրոնանալ նույնիսկ ընթերցանության վրա:

Հետազոտողները կատարել են 20 հետազոտությունների մեթա-անալիզ, որոնք նվիրված էին վերջին 10 տարիներին այս երեւույթին: Նրանք դիտարկել են նաեւ կոգնիտիվ այլ ֆունկցիաներին առնչվող աշխատություններ: Հետազոտություններին ընդհանուր 1230 կին է մասնակցել՝ 709 հղի եւ 521 ոչ հղի:

Ընդհանուր առմամբ, հղի կանանց կոգնիտիվ ֆունկցիաները նկատելիորեն ավելի վատթար վիճակում էին, քան ոչ հղիներինը:

Ընդհանուր կոգնիտիվ ունակությունները, հիշողությունը եւ կատարողական ֆունկցիաները զգալիորեն վատթարացել են հղիության երրորդ եռամսյակում (ոչ հղի կանանց համեմատությամբ), նշում են հետազոտության հեղինակները: Երկարաժամկետ հետազոտությունները կոգնիտիվ ֆունկցիաների եւ հիշողության վատթարացում են պարզել նաեւ հղիության առաջին 2 եռամսյակներում:

«Հղի կանայք հաճախ են հայտնում, որ իրենք դժվարանում են միաժամանակ մի քանի գործով զբաղվել»,- պարզաբանում է հետազոտության հեղինակներից պրոֆեսոր Լինդա Բիրնը:

Արդյունքները համաձայնեցվում են նախկինում ստացված այն տվյալների հետ, որ հղի կանանց մոտ կրճատվում է գլխուղեղի գորշ նյութի քանակությունը, որի ծավալն ուղղակիորեն կապված է հիշողության հետ:

«Հավանաբար, հղի կանանց մոտ գորշ նյութի ծավալի փոքրացման պատճառն այն է, որ այն պարունակող ուղեղի հատվածները սկսում են օգտագործվել փոքրիկին հասունացնելու հետ կապված այլ խնդիրների համար՝ մոր ու երեխայի միջեւ կապի եւ սոցիալական իմացության»,- կարծում է Բիրնը:

Այդուհանդերձ, գիտնականները նշում են, որ նույնիսկ հիշողության եւ կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացման դեպքում դրանք, միեւնույն է, նորմայից չեն ցածրանում

«Հղիության ժամանակ այս փոքր վատթարացումները նկատելի կլինեն, թերեւս, միայն իրենց՝ հղիների  եւ, հնարավոր է, նրանց մերձավոր շրջապատի կողմից: Դրանք կարտահայտվեն որպես հիշողության աննշան խափանումներ, օրինակ՝ հղին կարող է մոռանալ բժշկին այցելելու մասին,- պարզաբանում է հետազոտության գլխավոր հեղինակ Մելիսա Հայդենը: - Սակայն քիչ հավանական են առավել արտահայտված հետեւանքները, ինչպիսին է աշխատանքի արտադրողականության նվազումը»:

Բիրնը կոչ է արել հետազոտության արդյունքները զգուշորեն մեկնաբանել:

«Մենք չենք խոսում վատթարացումների մասին, որոնք կարող են հղի կանանց լրջորեն խանգարել զբաղվել ամենօրյա գործերով կամ աշխատել: Խոսքն ավելի շուտ այն մասին է, որ նրանք իրենց սովորականից տարբեր են զգում»,- նշում է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել