• Latest news

Սպիտակի ԲԿ աչքի կլինիկայում 2016-ի ամառվանից 670 վիրահատություն է կատարվել

17 հունվարի, 2018  15:45

2016 թվականի հունիսից Սպիտակի բժշկական կենտրոնում գործող Հայկական ակնաբուժական նախագծի (ՀԱՆ) մարզային ակնաբուժական կենտրոնում 670 վիրահատություն է կատարվել: Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Սպիտակի ԲԿ տնօրեն Արսեն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ նախկինում ՀԱՆ «Լույս հայու աչքերին» ծրագրի շրջանակում մարզ էր ժամանում ՀԱՆ շարժական կլինիկան, սակայն 2016 թվականից Նախագիծը սկսեց մարզային կենտրոններ բացել, եւ դրանցից մեկը՝ Սպիտակի ԲԿ հիմքի վրա:

Տնօրենը պարզաբանեց, որ իրենց ԲԿ-ն է ընտրվել, քանի որ երկրաշարժից հետո կառուցված հիվանդանոցի շենքը բավականին լավ վիճակում է եւ հագեցած է նոր բժշկական սարքավորումներով: Ինչ վերաբերում է ակնաբուժական կենտրոնին, ապա ՀԱՆ-ն այն զինել է անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ ախտորոշման սարքավորմամբ եւ գերժամանակակից վիրահատական մանրադիտակով:

Տնօրենի պարզաբանմամբ՝ 670 վիրահատությունից 114-ը կատարվել են 2016 թվականի հունիսից դեկտեմբեր, եւ բոլորը՝ անվճար: 564 վիրահատություն կատարվել է 2017 թվականին, որից վճարովի հիմունքներով՝ միայն 122-ը: 229 վիրահատություն ՀԱՆ ծրագով անվճար է կատարվել:

Արսեն Մկրտչայնը հիշեցրեց, որ անցյալ տարվա սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՆ կուրության կանխարգելման ծրագիրը, որի շրջանակում ամբողջ երկրում կատարվել է գրեթե 300 վիրահատություն, որոնցից 83-ը՝ Սպիտակի ԲԿ-ում:

2018 թվականի տարեսկզբից աչքի վիրահատություններ անցկացնելու համար արդեն 260 մարդ է գրանցվել: Նրանցից 16-ի վիրահատությունը վճարովի կլինի, 14-ը կանցկացվի նախարարության ծրագրի շրջանակում, 230 վիրահատություն կկատարվի պետպատվերի կամ ՀԱՆ ծրագրի շրջանակում:

Արսեն Մկրտչյանի խոսքով՝ բժշկական կենտրոնում բարդ վիրահատությունների համար հրավիրվում է Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի հայտնի վիրաբույժ Ասատուր Հովսեփյանը: Սակայն նրա հետ միասին հիվանդանոցում աշխատում են նաեւ տեղի երիտասարդ մասնագետները: Սովորաբար աչքի վիրահատություններից հետո հոսպիտալացում չի պահանջվում, սակայն Սպիտակի ակնաբուժական կենտրոնում կան նաեւ հատուկ հիվանդասենյակներ, որպեսզի հեռու վայրերից եկած հիվանդները կարողանան գիշերել:

Արսեն Մկրտչյանը լրագրողներին մի փոքրիկ գաղտնիք բացեց. Սպիտակի ակնաբուժական կենտրոնում վիրահատությունները շատ ավելի էժան են, քան Երեւանում: Մասնավորապես, կատարախտի բուժումը 180 հազար դրամ արժե, մինչդեռ Երեւանի բժշկական կենտրոններում` 300-330 հազար դրամ: Այստեղ ավելի էժան են նաեւ բոլոր մյուս վիրահատությունները: Ըստ նրա՝ գնային այսպիսի տարբերությունը ապահովվում է ԲԿ-ի կողմից սեփական եկամուտների կրճատման շնորհիվ, իսկ դա արվում է տեղացի հիվանդներին պահելու համար, որպեսզի նրանք բուժման համար Երեւան չգնան:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, թե մարզի բնակիչների քանի՞ տոկոսն է բուժում ստանում Սպիտակի ԲԿ-ում, իսկ քանի՞սը՝ մայրաքաղաքում, Արսեն Մկրտչյանը վստահեցրեց, որ նրա գլխավորած բժշկական կենտրոնը հիվանդների պակաս չի զգում: Երեւան են գնում հիմնականում ուռուցքաբանական եւ սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդները, քանի որ այդ ծառայությունները մարզում չկան: Ինչ վերաբերում է ծննդաբերող կանանց, ապա Երեւան նրանք գնում են միայն որոշ ախտաբանությունների դեպքում:

Բժշկական կենտրոնի հիմնական խնդիրը բժիշկների ցածր աշխատավարձն ու երիտասարդ աշխատակազմի պակասն է: Հիվանդանոցը փորձում է լրացնել երիտասարդ մասնագետների պակասը՝ ուսանողներին հատուկ ծրագրով բժշկական համալսարան ուղարկելով. սովորելով անվճար՝ նրանք առնվազն հինգ տարի պարտավոր են աշխատել Սպիտակի ԲԿ-ում: Այս ծրագրի շրջանակում հիվանդանոցը արդեն երկու երիտասարդ մասնագետ է ընդունել, իսկ երրորդը դեռ շարունակում է սովորել կլինօրդինատուրայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել