• Latest news

Սափիոսեքսուալություն. Որոշ մարդկանց գրգռում է զուգընկերոջ ինտելեկտը

18 հունվարի, 2018  23:48

Երկրի վրա գրեթե յուրաքանչյուր 10-րդ մարդը «սափիոսեքսուալ» է, այսինքն՝ մարդ, որը ինտելեկտը համարում է զուգընկերոջ առավել գրավիչ սեքսուալ առանձնահատկությունը: Վերջերս կատարած իրենց հետազոտությամբ այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել University of Western Australia-ի գիտնականները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց եւ կանանց շարքերում սափիոսեքսուալները հավասար թիվ ունեն, իսկ IQ-ի մոտ 120 ցուցանիշը համարվել է ինտելեկտի ամենագրավիչ մակարդակը: Հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Ժիլ Ժինյակը կարծում է, որ սափիոսեքսուալիզմը իրական սեռական կողմնորոշում է, որը գոյություն ունի բնակչության ոչ մեծ խմբի շրջանակում՝ պոպուլյացիայի 10 տոկոսից ոչ ավելի:

Սափիոսեքսուալներն այն մարդիկ են, որոնց սեքսուալապես ինտելեկտն ավելի ուժգին է գրավում, քան զուգընկերոջ ցանկացած այլ հատկություն: Ըստ որում՝ սափիոսեքսուալների համար բարձր ինտելեկտը ոչ միայն զուգընկերոջ ցանկալի հատկանիշն է, այլ հենց սեռական գրգռում է առաջացնում: Այն դեպքում, երբ 10-ից 9-ը նախընտրում է նրբիրան, մեծ կրծքով կամ լիքը մկաններով զուգընկերոջ, սափիոսեքսուալները գրգռվում են ոչ թե զուգընկերոջ արտաքին տվյալներից, այլ նրա մտավոր որակներից:

Հետազոտողներն ուսումնասիրել են 18-ից 35 տարեկան 383 մարդու ռոմանտիկ եւ սեքսուալ նախընտրությունները: Փորձի մասնակիցներին խնդրել են 1-ից մինչեւ 5 մակարդակ ունեցող սանդղակով գնահատել սեռական գրգռման մակարդակը, որը նրանք զգում են զուգընկերոջ որոշակի հատկանիշների դեպքում: Պարզվել է, որ զուգընկերոջ սեքսուալ հատկանիշների թվում առաջին տեղում են բարությունն ու ըմբռնումը, հետաքրքրություն առաջացնելու ունակությունը, ինչպես նաեւ հավասարակշռված հանգիստ բնավորությունը: Մինչդեռ մարդկանց մեծամասնությունն ինտելեկտի նկատմամբ զգալի սեքսուալ հետաքրքրություն չի դրսաեւորել, փորձի մասնակիցների ոչ մեծ խումբն է արձագանքել հենց այս հատկանիշին:

Ինտելեկտի բարձր մակարդակը գրգռել է փորձի մասնակիցների 8 տոկոսից ոչ ավելիին, ըստ որում՝ IQ-ի առավել ցանկալի մակարդակն է 120 ցուցանիշը: Պոտենցիալ զուգընկերոջ IQ-ի մակարդակի աճին զուգահեռ (121-ից մինչեւ 135) նրա գրավչությունը նվազել է. ինտելեկտուալ նման գործակիցը փորձի մասնակիցներին չափից բարձր է թվացել սեքսուալ ձգտում առաջացնելու համար:

Հետաքրքիր է, որ մարդու ինտելեկտի բարձր մակարդակը (ստուգված IQ-ի ստանդարտ թեստերի միջոցով) ամենեւին չի նշանակում, որ նա սափիոսեքսուալ է: Համենայնդեպս, փորձի ընթացքում սովորական եւ բարձր IQ-ով փորձարկվողները «սափիոսեքսուալության» հատկանիշների դրսեւորման հավասար հնարավորություններ ունեին:

Երկրի բնակչության համար IQ-ի միջին ցուցանիշ է համարվում մոտ 100-ը, իսկ 120-ը միջինից զգալիորեն բարձր մակարդակ է: Բնակչության ընդամենը 2 տոկոսն ունի IQ-ի մոտ 140 մակարդակ, եւ այսպիսի մարդիկ անդամակցում են ինտելեկտի բարձր մակարդակով մարդկանց փակ միությանը՝ Mensa-ին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է