• Latest news

Նոր թեստը արյան միջոցով քաղցկեղի 8 տեսակ է հայտնաբերում

19 հունվարի, 2018  11:51

Ամերիկացի գիտնականները թեստ են ստեղծել, որը կարող է արյան անալիզի միջոցով վաղ փուլերում ախտորոշել մինչեւ 98 տոկոս զգայունությամբ ներքին օրգանների առավել հաճախ հանդիպող ուռուցքները: Թեստը հիմնված է ԴՆԹ-ի արտաբջջային խմբերի սեքվենիրացման եւ սպիտակուցային մի շարք մարկերների որոշման վրա:

Գոյություն ունեցող մի շարք թեստեր հիմնված են սոմատիկ մուտացիաների որոնման վրա, որոնք արյան պլազմայում առկա ԴՆԹ-ի արտաբջջային խմբերում հատուկ են քաղցկեղի տարբեր տեսակներին: Ջոնս Հոփքինսի համալսարանի բժշկական դպրոցից հետազոտողները ընդարձակել են արյան ԴՆԹ անալիզը՝ մեծացնելով դրա ճշգրտությունը, եւ այն լրացրել են սպիտակուցային մարկերների անալիզով, որի արդյունքում ստեղծվել է CancerSEEK կոչվող թեստը, որը պիտանի է մինչեւ 98  տոկոս զգայունությամբ ներքին օրգանների քաղցկեղի ախտորոշման համար: Թեստի ճշգրտության ստուգումն անցկացվել է ձվարանների, լյարդի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի, ուղիղ աղու, թոքերի եւ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների վրա:

Թեստը ներառում է 16 գեների համար 61 հատվածի սեքվենիրացում, որոնք պարունակում են COSMIC (Catalog of Somatic Mutations in Cancer) կատալոգի բոլոր հայտնի մուտացիաների 41-ից մինչեւ 95 տոկոսը: Թեստի առավել տեղեկատվական հատվածն է համարվում իմունոֆերմենտային անալիզի մեթոդով սպիտակուցային 8 մարկերների մակարդակի միաժամանակյա որոշումը, որոնց խտությունները հավաստի կերպով տարբերվել են հիվանդ եւ առողջ մարդկանց մոտ: Օրինակ՝ այս ցուցակի մեջ են մտել CA125 եւ CA19-9 հակագեները, հեպատոցիտների աճի գործոնը եւ պրոլակտինը:

Թեստի ստուգումը հետազոտողներն իրականացրել են արդեն թվարկված ներքին օրգանների քաղցկեղի ախտորոշմամբ 1005 հիվանդի ընտրանքով, որոնց մոտ հիվանդությունը I-III փուլերում էր: Բոլոր հիվանդների մոտ մետաստազներ չեն եղել, եւ նրանք քիմիաթերապիա չեն ստացել: Ստուգիչ խմբում ընդգրկվել է 812 առողջ մարդ: Թեստի արդյունքներով մարդը հիվանդ է համարվել, եթե նրա ԴՆԹ-ում մուտացիա է հայտնաբերվել կամ սպիտակուցային 8 մարկերներից մեկի մակարդակը բարձր է եղել:

CancerSEEK  թեստի միջոցով հիվանդության ճշգրիտ որոշված դեպքերի տոկոսը (ձախից աջ) ձվարանների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի, ուղիղ աղու, թոքերի եւ կրծքագեղձի քաղցկեղի համար

Ախտորոշման ամենամեծ զգայունությունը (98 տոկոս) ձեռք է բերվել ձվարանների քաղցկեղի համար, իսկ ամենացածրը (33 տոկոս)՝ կրծքագեղձի քաղցկեղի, միջին զգայունությունը կազմել է 70 տոկոս: Կեղծ դրական ազդակ է ստացվել 812 մարդուց միայն 7-ի մոտ, այսինքն՝ թեստի սպեցիֆիկությունը 99 տոկոս է կազմել: Թեստն առավելագույնս տեղեկատվական է եղել հիվանդության II եւ III փուլերում գտնվող հիվանդների համար (74 եւ 78 տոկոս), իսկ I փուլում գտնվողների համար թեստի զգայունությունը 43 տոկոս է կազմել:

Հետազոտության հեղինակները քաղցկեղի տարբեր տեսակներով տառապող հիվանդների սպտակուցային մարկերների մակարդակի վերաբերյալ հավաքած տվյալների հիման վրա ալգորիթմ են ստեղծել, որը անալիզի արդյունքներով 63 տոկոս միջին ճշգրտությամբ որոշել է ուռուցքի տեղակայումը:

Հեղինակներն ընդունում են, որ CancerSEEK-ն առավել նշանակալի է եղել քաղցկեղի 5 տեսակի դեպքում՝ ձվարանների, լյարդի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի եւ կերակրափողի, դրանց համար ախտորոշման զգայունությունը 69 տոկոսից ցածր չի եղել:

Հոդվածը հրապարակվել է Science ամսագրում:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է