• Latest news

Սննդակարգում ինչպե՞ս նվազեցնել հագեցած ճարպերի քանակությունը

22 հունվարի, 2018  11:56

Սննդակարգում հագեցած ճարպերի առատությունը կարող է առողջության համար մի շարք բացասական հետեւանքներ ունենալ«վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացումից եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումից մինչեւ բջիջների վաղաժամ մահ:

Սեփական սննդակարգում ինչպե՞ս առավելագույնս կրճատել հագեցած ճարպերի քանակությունը:

Յոգուրտ՝ սերուցքի փոխարեն

Ճաշատեսակներ պատրաստելիս աշխատեք սերուցքի փոխարեն կաթ կամ բնական յոգուրտ օգտագործել (առանց շաքարի եւ բուրավետ նյութերի): Յոգուրտ եւ կաթ գնելիս ուշադիր եղեք, որ դրանց յուղայնությունը նվազագույն լինի: Ձեր համային սովորությունները փոխելու եւ ամբողջությամբ յուղազերծ կաթնամթերքի անցնելու համար աստիճանաբար նվազեցրեք գնվող կաթի, կաթնաշոռի եւ յոգուրտի յուղայնությունը:

Անյուղ միս

Մանրակրկտորեն ընտրեք մսի անյուղ կտորները: Մսից յուղը կտրեք այն պատրաստելուց առաջ: Ինչ վերաբերում է թռչնամսին, նրա ամենայուղոտ հատվածը կաշին է: Եթե թռչնամիսը կաշին չհանած եք պատրաստում, որ միսը չչորանա, ապա այն մի կերեք:

Բուսական յուղեր

Կարագը եւ ճարպը փոխարինեք բուսական յուղերով՝ ձիթապտղի,  կանճրակի կամ եգիպտացորենի: Կերակուր պատրաստելիս յուղի քանակությունը սահմանափակեք՝ շատ քիչ ավելացրեք, միայն բուրմունքի համար: Տապակելու համար կենդանական յուղեր մի օգտագործեք:

Ձու

Չնայած ձվի մեջ խոլեստերինն այնքան էլ վտանգավոր չէ, ինչպես ժամանակին կարծում էին, դեղնուցն, այնուամենայնիվ, հագեցած ճարպեր է պարունակում, ինչպես նաեւ բարձր կալորիականություն ունի: Ձվածեղ, ինչպես նաեւ թխվածքի խմոր պատրաստելիս կարող եք դեղնուցը փոխարինել սպիտակուցի լրացուցիչ քանակությամբ:

Հիդրոմշակված ճարպեր

Խուսափեք հիդրոմշակված ճարպերից: Դրանք կարող են պիտակների վրա քողարկված լինել «մոդիֆիկացված» կամ «մասամբ մոդիֆիկացված» տերմինների ներքո: Հիդրոմշակման դեպքում ջրածինը բարձր ջերմաստիճանի եւ  մեծ ճնշման պայմաններում անցկացվում է յուղի միջով: Այս գործընթացի ժամանակ չհագեցած ճարւպաթթուները վերափոխվում են հագեցածի: Դրանք բոլոր իմաստներով արտադրողին ավելի հարմար են, սակայն սպառողի համար ամենից վտանգավորն են:

Եվ վերջինը՝ գնելուց առաջ ուշադիր ընթերցեք մթերքների պիտակները: Հագեցած ճարպերը հաճախ քողարկվում են առաջին հայացքից ամենաանմեղ մթերքներում՝ սոուսներում, թխվածքներում եւ քաղցրեղենում: Մշտապես ընթերցեք մթերքների բաղադրությունը՝ իմանալու համար, թե դրանց մեջ իրականում ինչ է պարունակվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել