Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում եռյակ է ծնվել՝ մեկ աղջիկ եւ երկու տղա: Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեց ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, երեխաները անհաս են ծնվել՝ հղիության 29-րդ շաբաթում. ծնվելիս աղջիկը կշռել է 1300 գրամ, տղաները՝ 1280 եւ 1270 գրամ:
Երեխաները ծնվել են հունվարի 12-ին եւ դեռեւս հիվանդանոցային պայմաններում ինտենսիվ խնամքի կարիք ունեն, այս պատճառով առայժմ վաղ է խոսել նրանց հիվանդանոցից դուրս գրելու մասին: Տնօրենի խոսքով՝ ներկա պահին երեքի վիճակը կայուն է, ստանում են իրենց անհրաժեշտ բուժում, այդ թվում՝ թանկարժեք սուրվանտա դեղամիջոցը, որը վերականգնում է անհաս նորածինների թոքերի մակերեւութային ակտիվությունը:
Ինչպես նշեց տնօրենը երեխաները արտամարմնական բեղմնավորմամբ չեն հղիացվել, սակայն նրանց ծնողները ինչ-որ ժամանակ անպտղության դեմ բուժվել են, ուստի նաեւ չի կարելի այս «հղիությունը» լիովին բնական համարել:
Նշենք, որ 2017 թվականին Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում 4 եռյակ էր ծնվել՝ 12 երեխա, որոնցից 11-ը դուրս է գրվել եւ ծնողների հետ տուն ուղեւորվել, չի հաջողվել փրկել միայն մեկին, որը խորը անհաս էր ծնվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր