• Latest news

Կաթվածի բուժման նոր ներանոթային մոտեցումները վերացնում են ոչ թե հետեւանքները, այլ պատճառը. մասնագետ

24 հունվարի, 2018  18:42

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կաթվածի բուժման նորագույն վիրաբուժական մեթոդներ են կիրառում: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲԿ ցերեբրավասկուլյար նեյրովիրաբուժական ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանը, եթե նախկինում կաթվածի բուժումը հիմնականում կոնսերվատիվ էր եւ ուղղված էր կաթվածի հետեւանքների վերացմանը, ապա վիրաբուժական նոր մեթոդները հնարավորություն են տալիս բուժելու կաթվածի առաջացման պատճառը՝ թույլ չտալով, որ հիվանդը հաշմանդամ դառնա: Եվ այստեղ անչափ կարեւոր է ժամանակի գործոնը՝ որքան արագ հաջողվի հիվանդին հիվանդանոց հասցնել, բժիշկներին կհաջողվի կատարել անհրաժեշտ ինտերվենցիան:

Նա պարզաբանեց, որ կաթվածը ուղեղի ախտահարումն է՝ արյան շրջանառության խնդիրների հետեւանքով: Կաթվածը աշխարհում համարվում է հաշմանդամության թիվ առաջին պատճառը: Հայաստանում սա ըստ հաճախության մահվան երկրորդ պատճառն է:

Դավիթ Սահակյանի խոսքով՝ եթե կաթվածի կոնսերվատիվ բուժման ժամանակ չի պահանջվել անհապաղ միջամտություն, ապա ժամանակակից մոտեցմամբ հիվանդի մոտ ախտանիշների հայտնվելու պահից մինչեւ բուժումը սկսելը պետք է հաշված ժամեր անցնեն, եթե ոչ րոպեներ: «Ամբողջ աշխարհում այսօր կաթվածի բուժման մեջ վիթխարի դեր ունի էնդովասկուլյար վիրաբուժությունը, որն իրենից ներկայացնում է քիչ ինվազիվ եւ շատ արդյունավետ միջամտություն: Մեզ հաջողվում է առանց կտրվածքի եւ առանց ընդհանուր անէսթեզիայի՝ հիվանդի անոթային համակարգ մտնել ոտքի անոթից, հասնել մինչեւ ուղեղի անոթներ եւ ներսից խնդիրը վերացնել»,- ասաց նա:

Օրինակ, բժշկի խոսքով, էնդովասկուլյար մեթոդով կարելի է բուժել ուղեղի անոթների անեւրզմները, քներակների նեղացումները (կատարվում է քներակների ստենտավորում) եւ ուղեղի անոթների խցանումը թրոմբով: Նրա խոսքով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամերիկյան եւ կանադական մի քանի կենտրոնների հետ համագործակցությամբ արդեն մի քանի տարի է՝ այս բոլոր վիրահատությունները հաջողությամբ կատարվում են:

Բժիշկը նշեց, որ կաթվածը ժամանակին բուժելու համար շատ կարեւոր է այն ժամանակին հայտնաբերելը: Հիմնական ախտանիշներն են՝ ձեռքի կամ ոտքի թուլություն (միակողմանի), բերանի անկյան կախվածություն, խոսքի խանգարում կամ հանկարծակի ուժեղ գլխացավ: «Այսպիսի առաջին դրսեւորումների դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել մասնագիտացված բժշկական կենտրոն»,- ասաց Դավիթ Սահակյանը՝ հավելելով, որ կաթվածը ժամանակակից մեթոդներով բուժելու հնարավորություն ունեն Հայաստանի ոչ բոլոր կլինիկաները, եւ «Էրեբունի» ԲԿ-ն այն քիչ կլինիկաներից մեկն է, որը դրա համար տեխնիկապես հագեցած է եւ համապատասխան փորձ ունի:

Դավիթ Սահակյանը մոնիտորին ցույց տվեց մի քանի հիվանդների էնդովասկուլյար վիրահատության ռենտգեն պատկերները:

Առաջին դեպքը՝ գլխուղեղի անոթի անեւրիզմ, որը արյան ծանր զեղում էր առաջացրել եւ կարող էր մահվան հանգեցնել: «Էրեբունի» ԲԿ վիրաբույժները այս անեւրիզմը փակել են էնդովասկուլյար մեթոդով՝ կանխելով կրկնակի արյան զեղումը:

Հաջորդ դեպքը՝ պարանոցի անոթների նեղացում: Հայաստանում այսպիսի պաթոլոգիայի դեպքում հիմնականում բաց վիրահատություն է կատարվում՝ էնդարտերէկտոմիա: Սակայն, Դավիթ Սահակյանի խոսքով, լավագույն այլընտրանքը, նեղացած անոթի ստենտավորումն է: «Էրեբունի» ԲԿ բժիշկներին հաջողվել է շատ արագ ստենտավորել նեղացած անոթը եւ դրանով իսկ կանխել կաթվածի զարգացումն ու հիվանդի հետագա հաշմվելը:

Երրորդ դեպքը՝ ուղեղի անոթների խցանում թրոմբով: Ռենտգենյան առաջին նկարում հստակ երեւում է, որ ուղեղին արյուն չի մատակարարվում, երկրորդում թրոմբը հեռացված է, անոթը բաց է, եւ արդեն երեւում է, թե արյունն ինչպես է լցվում ուղեղի անոթների մեջ:

     

«Ահա սա այն դեպքն է, երբ պետք է շտապ հիվանդանոց գնալ, քանի որ անոթի խցանման դեպքում ուղեղը սկսում է մահանալ: Մենք կարգախոս ունենք. ժամանակը դա ուղեղ է: Կաթվածի դեպքում մարդը յուրաքանչյուր վայրկյանին ուղեղի միլիոնավոր բջիջներ է կորցնում»,- ասաց Դավիթ Սահակյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել