• Latest news

Գիտնականներն առաջին անգամ լաբորատորիայում մարդկային ձվաբջիջներ են աճեցրել

9 փետրվարի, 2018  12:58

Էդինբուրգի համալսարամի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է լաբորատորիայում մարդկային ձվաբջիջներ աճեցնել: Սա կանանց անպտղության բուժման նոր հնարավորություններ է ստեղծում: Այս հայտնագործությունը կարող է օգնել նաեւ քաղցկեղից բուժվող երեխաների ֆերտիլությունը պահպանելու նոր, ավելի արդյունավետ մեթոդներ գտնել:

Կանայք ծնվում են ձվարաններում չհասունացած ձվաբջիջներով, որոնք սկսում են հասունանալ միայն սեռական հասունացումից հետո: Տասնյակ տարիների աշխատանքից հետո գիտնականներին հաջողվել է ձվաբջիջներ աճեցնել եւ դրանց «ստիպել» հասունանալ ձվարաններից դուրս: Ճիշտ է, այս մոտեցումը, որի մասին հայտնում է Molecular Human Reproduction ամսագիրը, դեռեւս միանգամայն ոչ արդյունավետ է եւ կատարելագործման կարիք ունի. ներկայումս գիտնականներին հաջողվել է ձվաբջիջների միայն 10 տոկոսը հասցնել բեղմնավորմանը պատրաստ լինելուն:

Դրանից բացի, ստացված ձվաբջիջները դեռեւս չեն բեղմնավորվել, ուստի անհայտ է՝ որքանով են առողջ եւ կենսունակ:

«Լաբորատորիայում մարդկային ձվաբջիջներ աճեցնելու հնարավորությունը կարող է ընդլայնել անպտղության բուժման հասանելի մեթոդների սպեկտրը: Հիմա մենք աշխատում ենք պայմանների օպտիմալացման վրա, որոնցում ընթանում է օոցիտների զարգացումը, եւ հետազոտում ենք, թե դրանք որքանով են առողջ: Մենք նաեւ հույս ունենք կարգավորող մարմինների հավանության դեպքում պարզել՝ արդյոք հնարավոր է դրանք բեղմնավորել»,- նշել է Էդինբուրգի համալսարանի կենսաբանական գիտությունների դպրոցի առաջատար մասնագետ, պրոֆեսոր Էվելին Թելֆերը:

«Սա անհավանական ճեղքում է, որը ցույց է տալիս, որ լաբորատորիայում հնարավոր է մարդու ձվաբջջի լիակատար զարգացումը, ավելի քան 20 տարի հետո, երբ դա հաջողությամբ փորձարկվեց մկների վրա»,- իր հերթին ասել է Մանչեսթերի համալսարանի վերարտադրողական առողջության դեպարտամենտից պրոֆեսոր Դենիել Բրայսոնը:

Արտամարմնային բեղմնավորման ոլորտում առաջատար CARE Fertility ընկերության հիմնադիր եւ նախագահ, պրոֆեսոր Սայմոն Ֆիշելն էլ, իր հերթին, ասել է, որ հետագա հետազոտություններ են անհրաժեշտ, որ որոշեն՝ կարող են արդյոք այս մեթոդով մշակված ձվաբջիջները առողջ լինել:

«Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է մեծ թվով լաբորատոր հետազոտություններ կատարել, մինչ կկարողանանք համոզվել, որ կստանանք առողջ նորմալ ձվաբջիջներ, որոնք ստեղծվում են կնոջ ձվարանների հյուսվածքներից, սակայն աճեցվում են in vitro»,- նշել է նա:

Եթե մեթոդի արդյունավետությունը հաստատվի, ապա այն կարող է հույս տալ կանանց, որոնք պոտենցիալ վտանգավոր մեթոդներով են բուժվում, ինչպիսին է քիմիաթերապիան. ապագայում հնարավոր է նրանց ձվարաններից վերցնել չհասունացած ձվաբջիջները, դրանք լաբորատորիայում աճեցնել եւ պահել հետագա բեղմնավորման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է