• Latest news

Արհեստական բեղմնավորման դեպքում քանի՞ սաղմ է կարելի պատվաստել

9 փետրվարի, 2018  16:37

Եթե դեռեւս 10 տարի առաջ արտամարմնային բեղմնավորման միջամտության ժամանակ ընդունված էր նվազագույնը 3 սաղմ փոխպատվաստել, ապա այսօր խորհուրդ է տրվում արգանդում երկուսից ավելի սաղմ չտեղադրել, կատարյալը միայն մեկ սաղմ պատվաստելն է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեֆիլյանը (Քալիֆորնիա, ԱՄՆ):

Նրա խոսքով՝ ե՛ւ մոր, ե՛ւ ապագա երեխայի համար ամենաանվտանգը մեկ սաղմ տեղադրելն է, որպեսզի բազմապտուղ հղիություն չլինի, եւ քալիֆորնիական կլինիկայում, որտեղ նա աշխատում է, մեծ մասամբ հենց այսպես են վարվում: Հազվադեպ, երբ զույգը շատ է ցանկանում ավելի «ագրեսիվ» մոտեցում (օրինակ՝ եթե զույգը գիտի, որ անհաջողության դեպքում չի կարողանա վճարել ԱՄԲ եւս մեկ  փորձի համար), մասնագետները կարող են նաեւ 2 սաղմ փոխպատվաստել, որպեսզի հաջողության հավանականությունը մեծանա:

«Մեզ մոտ նահանգում օրենքներ չկան, որոնք արգելում են երկուսից ավելի սաղմի տեղադրումը, սակայն մենք երկուսից ավելի երբեք չենք փոխպատվաստում: Առավել հաճախ միայն մեկով ենք սահմանափակվում»,- նշեց մասնագետը՝ հավելելով, թե հույս ունի, որ շուտով հայկական վերարտադրողական կենտրոններում եւս կսկսեն հետեւել այս սկզբունքներին:

Վիգեն Սեֆիլյանը հիշեցրեց, որ բազմապտուղ հղիությունը մեծաթիվ վտանգներով է ուղեկցվում ե՛ւ մոր, ե՛ւ երեխաների համար: Այսպես՝ եռյակները մեծ մասամբ անհաս են ծնվում, ինչի հետ կապված կարող են ունենալ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ առողջական մի ամբողջ շարք խնդիրներ:

Չնայած այսօր ժամանակակից բժշկության հնարավորությունների շնորհիվ եռյակների մեծ մասը ողջ է մնում եւ ծննդատնից դուրս գրվում միանգամայն առողջ, մասնագետները նախընտրում են եռյակներով հղիություններից հնարավորինս խուսափել: Բնական է, որ եթե կինը եռյակով է հղի բնական ճանապարհով (սա եւս հազվադեպ չի պատահում. օրինակ՝ վերջերս Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվածները բնական ճանապարհով էին բեղմնավորվել), ոչինչ չես կարող անել, սակայն ԱՄԲ դեպքում ցանկալի է ամեն ինչ անել, որպեսզի կինը մեկ երեխայով հղիանա, ամենաշատը՝ երկու, բայց ոչ ավելի:

«Երբ մենք ԱՄԲ ենք կատարում, մեր նպատակը առողջ ընտանիք ստանալն է: Թող լինի մեկ, բայց առողջ երեխա, եւ, իհարկե, առողջ մայրիկ ու հայրիկ»,- նշեց մասնագետը:

Նշենք, որ Հայաստանում ամեն տարի ծնվում է մոտ 450 զույգ երկվորյակ եւ 20 եռյակ: 2015 թվականին, օրինակ, երկրում գրանցվել է 503 բազմապտուղ հղիություն, որոնց արդյունքում ծնվել են 484 զույգ երկվորյակներ եւ 19 եռյակներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել