• Latest news

«Երրորդ տարիք» կամ «երկրորդ հասունություն». Հայաստանում տեղի ունեցած գիտաժողովում քննարկել են տարեց մարդկանց խնդիրները

7 մարտի, 2018  22:41

Տարիքն ինքնին խնդիր է: 65-ից հետո տարիքն արդեն ոչ թե պարզապես թիվ է, դա կոմորբիդություն է եւ մի շարք այլ լուրջ խնդիրներ: Այս մասին մարտի 7-ին «Գերիատրիա: Հիվանդությունների առանձնահատկությունները տարեց հասակում» թեմայով գիտաժողովում ելույթ ունենալիս ասաց Հայաստանի գլխավոր թերապեւտ, Ընտանեկան բժիշկների ասոցիացիայի ղեկավար Միքայել Նարիմանյանը:

Ըստ որում, հավելեց նա, միջազգային կազմակերպությունները, մասնավորապես ԱՀԿ-ն, քայլեր են ձեռնարկում տարիքի հետ կապված հոգեբանական ճնշումը մեղմելու համար. նրանք 65-ից հետո տարիքը բնութագրում են որպես «երրորդ տարիք»: «Քանի որ ես արդեն 65 տարեկան եմ դարձել, ես կարող եմ դա գնահատել»,- ասաց նա՝ հավելելով, որ կա նաեւ ավելի մարդասիրական մոտեցում՝ ծերությունն անվանում են «երկրորդ հասունություն», իսկ դասակարգման համաձայն՝ «երջանիկ ծերությունը» սկսվում է 75 տարեկանից հետո: «Այնպես որ, ես երկրորդ հասունության համար դեռեւս 10 տարի ունեմ»,- կատակեց բժիշկը:

Միքայել Նարիմանյանը նշեց, որ տարեց մարդկանց բժշկական ծառայություններ ցուցաբերելու գործում կարեւոր դեր ունեն ընտանեկան բժիշկները, որոնք ելնելով իրենց մասնագիտության առանձնահատկություններից՝ պետք է հիվանդներին որակյալ բուժօգնություն ցուցաբերեն՝ տարիքից, սեռից եւ նրանց ունեցած խնդիրներից անկախ: Գլխավոր թերապեւտը հավելեց, որ ամբողջ աշխարհում բուհական ծրագրերի մեջ են ներառվել այնպիսի դիսցիպլիններ, ինչպիսին են՝ գերոնտոլոգիան եւ գերիատրիան: «Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք դա անել նաեւ մեզ մոտ եւ օգտագործելով միջդիսցիպլինար մոտեցումը՝ գերոնտոլոգիայի ու գերիատրիայի համար նոր ծրագիր մշակել»,- ասաց նա:

Գիտաժողովը բացելիս Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիայի ղեկավար Արթուր Թորոսյանը տեղեկացրեց, որ այսօր Հայաստանի համար տարեցների խնդիրն արդիական է, քանի որ մեր երկիրը մոտեցել է  ծերացող բնակչությամբ երկրների շեմին: ՄԱԿի Ազգաբնակչության հիմնադրամի գնահատմամբ՝ Հայաստանը շուտով կանցնի այս շեմը. ըստ կանխատեսումների՝ 2050 թվականին 65-ն անց մարդկանց թիվը երեխաների թվին կգերազանցի:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի բնակչության 13 տոկոսը տարեցներն են: «Այս ցուցանիշներն այնքան մտահոգիչ չէին լինի, եթե մենք ամեն քայափոխի հանդիպեինք առողջ, սոցիալապես ինտեգրված եւ ֆիզիկապես ակտիվ, իրենց իրավունքներին ծանոթ եւ զբաղված, երջանիկ տարեց մարդկանց: Ներկայումս գործող սոցիալական համակարգը չի բավարարում տարեցների կարիքները: Հայաստանում ընդհանրապես չկա  գերիատրիայի բժիշկների եւ բուժքույրերի նեղ մասնագիտացում: Տարեցներն իրենց իրավունքների եւ իրենց հասանելիք ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակ ունեն»,- ասաց նա:

Մասնագետի խոսքով՝ աշխարհին համընթաց քայլելու համար մենք պետք է փոխենք տարեցներին սոցիալական օգնության մարտավարությունը եւ այժմ առաջնային համարվող սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցնենք ակտիվ ծերության ապահովման գործողությունների իրականացմանը:

Նա NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ասոցիացիայի խնդիրն է Հայաստանում ներդնել գերոնտոլոգիայի ծառայությունների եւ դրա բժշկական մասի՝ գերիատրիայի համակարգ, ինչպես նաեւ դրա համար բժիշկներ ու բուժքույրեր պատրաստել: Նա հավելեց, որ այսօրվա գիտաժողովը, որը կազմակերպվել է ՄԱԿ Ազգաբնակչության հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանում այսպիսի առաջին գիտաժողովն է: «Եվ սա մեկնարկ կդառնա Հայաստանում ինստիտուցիոնալ գերիատրիկ ծառայությունների հիմնադրման համար»,- ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել