«Աստղիկ» ԲԿ հետազոտություններն հաստատում են՝ վահանաձեւ գեղձի դիսֆունկցիայի խնդիրն իրոք արդիական է  

8 մարտի, 2018  19:07

2017 թվականին «Աստղիկ» բժշկական կենտրոնում անցկացված հետազոտություններով արձանագրվել է, որ Հայաստանի բնակչության շրջանում վահանաձեւ գեղձի դիսֆունկցիան, հիմնականում՝ հիպոթիրեոզը, իսկապես տարածված հիվանդություն է, հատկապես՝ կանանց շրջանում: Հայաստանն, ինչպես հայտնի է, հողի մեջ յոդի անբավարարության պատճառով համարվում է վահանաձեւ գեղձի հիվանդությունների էնդեմիկ տարածք:

Ինչպես նշեց «Աստղիկ» ԲԿ լաբորատորիայի ղեկավար Մարինե Մանուկյանը, 2017 թվականին վահանաձեւ գեղձի հորմոնների ստուգման համար լաբորատորիա է դիմել 9010 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 17560 հետազոտություն:

Նրա խոսքով՝ դիմածներից միայն 16 տոկոսն է արական սեռի եղել, մնացյալը կանայք էին: «Կանանց մոտ վահանաձեւ գեղձի հիվանդությունների տարածվածությունն ավելի մեծ է, դրա պատճառներից մեկն այն է, որ կանանց օրգանիզմի հորմոնալ ֆոնը հաճախ է ենթարկվում ցնցումների՝ դաշտանային ցիկլ, հղիություն, ծննդաբերություն, դաշտանադար»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ըստ տարիքային խմբերի բաժանմանը, ապա 60,5 տոկոսը միջին տարիքի մարդիկ են՝ 20-50 տարեկան, 36,5 տոկոսը՝ 50 տարեկանից մեծ:

Նրա խոսքով՝ հիմնականում հետազոտվել են TSH հորմոը (թիրեոտրոպային հորմոն, որն արտադրվում է հիպոֆիզում եւ կարգավորում է վահանաձեւ գոեղձի հորմոնների սինթեզը), տրիյոդտիրոնին (FT3) եւ թիրոքսին (FT4) ազատ հորմոնները, TG սպիտակուցը (թիոգլոբուլին), Anti TPO (TPO-տիրոպերօքսիդազա) եւ Anti TG, Anti R TSH (R TSH – TSH ռեցեպտոր) հակամարմինները:

Հետազոտությունների հիմնական մասը՝ 50 տոկոս, բաժին է ընկել TSH-ին, քանի որ TSH-ի որոշումը վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարումների առաջնային թեստն է համարվում, իսկ ինքը հորմոնը՝ ազդանշանային: Ընդամենը անցկացվել է 8525 TSH հետազոտություն, եւ հետազոտվածներից 4 տոկոսի մոտ թիրեոտրոպինի ցուցանիշը նորմայից ցածր է եղել (հիպերթիրեոզ), իսկ 15 տոկոսի մոտ՝ նորմայից բարձր (հիպոթիրեոզ): «Ունեցել ենք 55 հետազոտություն, երբ TSH արժեքը 10-20 անգամ գերազանցել է նորմայի ցուցանիշը, իսկ 44-ի դեպքում ստացել ենք բարձր է 100-ից արդյունքը: 253 հիվանդի մոտ TSH-ի արժեքը ընկած էր 0,4-10 միջակայքում, որը հատուկ է սուբկլինիկական հիպոթիրեոզին, երբ հիվանդությունը ընթանում է առանց կլինիկական ախտանիշների»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հակամարմիններին, ապա, ինչպես պարզաբանեց մասնագետը, դրանց անալիզն օգնում է կանխատեսել վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարումները աուտոիմունային հիվանդությունների դեպքում, ինչպիսին է Հաշիմոտոյի տիրիոիդիտը: Anti TPO-ն նորմայից բարձր է եղել 265 հիվանդի մոտ, իսկ Anti TG-ն բարձր է եղել 788 հետազոտվածներից 13,2 տոկոսի մոտ:

Թիոգլոբուլինը՝ TG, որը վահանաձեւ գեղձի դիֆերենցված կարցինոմաների համար օնկոմարկեր է, ստուգվել է 153 հիվանդների մոտ, 37 տոկոսի մոտ եղել է նորմայից բարձր ցուցանիշ, ինչը վկայում է ֆոլիկուլար կամ պապիլար ուռուցքների մասին:

Մարինե Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի բնակիչները կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար ստուգեն վահանաձեւ գեղձի հորմոնները: Նա հավելեց, որ հորմոններ հանձնելու համար ոչ մի լրացուցիչ նախապատրաստություն  կամ հատուկ նորմերի պահպանում չի պահանջվում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
ՀՀ առողջապահության նախարարությանը կհաջողվի՞ կյանքի կոչել հակածխախոտային օրինագիծը
Այո
Ոչ
Չգիտեմ