• Latest news

Հայաստանի դեղատները էլ.առողջապահության համակարգին կմիանան տարեվերջի՞ն

8 մարտի, 2018  16:50

Ներկայումս աշխատանքներ են տարվում դեղատներից դեղերի բացթողման, այսպես կոչված, e-prescription էլեկտրոնային դեղատոմսերի մշակման վրա: Սպասվում է, որ էլեկտրոնային դեղատոմսերը պատրաստ կլինեն տարեվերջին եւ շրջանառության մեջ կմտնեն, իսկ դեղատները պետք է միանան էլեկտրոնային առողջապահության նոր համակարգին՝ eHealth-ին: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ՝ առողջապահության էլեկտրոնային համակարգին դեղատների միանալու համար նվազագույն պահանջների ապահովման վերջնաժամկետ է սահմանվել 2018 թվականի մարտի 6-ը: Ինչպես եւ սպասվում էր, դեղատները չեն հասցրել այս ժամկետում համակարգին միանալ: Ավելին՝ 2018-ի հունվարի վերջին Հայաստանի մի շարք խոշոր դեղագործական ընկերություններ նամակով վարչապետին էին դիմել, որում նշված էր, որ կառավարության այդ որոշումը «խնդրահարույց է»:

Դեղագործական ընկերությունները հաշվարկել են, որ eHealth-ին միանալու համար մեկ դեղաատան միանվագ միջին վճարը կկազմի 224 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր ամիս դեղատունը կվճարի մոտ 45-50 հազար դրամ՝ չհաշված ինտերնետի վճարը եւ այլ ծախսեր: «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության ղեկավար Վահե Վարսանյանն իր հերթին հաշվել է, որ յուրաքանչյուր դեղատուն պետք է վճարի ամսական սակագին, յուրաքանչյուր օպերատորի համար սակագին, նաեւ՝ սպասարկված յուրաքանչյուր դեղատոմսի համար (30-ական դրամ). համեստ հաշվարկներով՝ էլեկտրոնային առողջապահության համար մեկ դեղատան տարեկան ծախսերը կարող են կազմել գրեթե 500 հազար դրամ:

Այս բոլոր ծախսերը չեն նախատեսվել ընկերությունների բյուջեներում, իսկ եթե այդ գումարը վճարվի եկամուտներից, դա կարող է  բացասաբար անդրադառնալ դեղագործական ընկերության ձեռնարկատիրական գործունեության եւ մասնավոր ձեռներեցների վրա: Այս պատճառով «Ալֆա Ֆարմ», «Նաթալի Ֆարմ», «Գեդեոն Ռիխտեր», «Ռիթմ Ֆարմ» եւ «Էսկուլապ» ընկերությունները դիմել էին վարչապետին՝ խնդրելով որոշման կատարումը նվազագույնը 2 տարով հետաձգել, ինչպես նաեւ վերանայել էլեկտրոնային առողջապահության օպերատորի սահմանած սակագները:

Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին (armed.am) միանալու պահանջները ներկայացվել են նաեւ բոլոր լիցենզացորված ստոմատոլոգիական կլինիկաներին, ինչով պայմանավորված Շիրակի մարզի ստոմատոլոգները Գյումրիում մարզպետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով այս որոշումը վերանայել: Ստոմատոլոգների խոսքով՝ համակարգին միանալը սպառնալիքի տակ է դնում անհատական տվյալների անվտանգությունը: Դրանից բացի, ընկերություններից տվյալներ են պահանջվում, որոնք կոմերցիոն գաղտնիք են համարվում, ավելին՝ ատամնաբույժներին պարտադրում են լրացուցիչ ծախսեր կատարել, մասնավորապես՝ ստոմատոլոգիական կլինիկաները ամսական պետք է վճարեն 7 հազարից մինչեւ 20 հազար դրամ՝ կախված հաճախումների թվից, գումարած 30 դրամ յուրաքանչյուր այցելուի համար:

Մասնագետների կանխատեսումներով՝ էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալը այն պայմաններով, որոնք այսօր թելադրվում են, կհանգեցնի դեղերի եւ ստոմատոլոգիական ծառայությունների անխուսափելի աճի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել