• Latest news

«Լինելով գիտությունների դոկտոր՝ ես դառնում եմ ոչ լիարժեք բժիշկ». ստոմատոլոգ պատգամավորը՝ նոր դեղատոմսերի մասին

16 մարտի, 2018  15:34

Ձեզ մոտ՝ ստոմատոլոգների եղե՞լ է դեպք, որ հիվանդն ասի, թե իր թոքերն են ցավում: Այսպես արձագանքեց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանը հանձնաժողովի «Ծառուկյան» խմբակցությունից անդամ Մարինա Մարգարյանի հարցին այն մասին, որ նոր կանոններով ինքը չի կարողանա իր մտերիների համար դեղատոմս գրել, ասենք, սրտի հիվանդությունների դեղեր ձեռք բերելու համար:

Հանձնաժողովի մարտի 16-ի նիստի ժամանակ Մարինա Մարգարյանը առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ պետք է դեղատոմսի վրա գրվի բժշկի մասնագիտությունը եւ ինչո՞ւ պետք է գրվի ամբուլատոր քարտի համարը: Նրա խոսքով՝ մի՞թե բավարար չէ բուժհաստատության կնիքը: Պատգամավորը նաեւ հանդես եկավ ըստ ակտիվ նյութի դեղը դուրս գրելու պահանջի դեմ՝ նշելով, որ սա դեղատներին հնարավորություն է տալիս դրդելու այն դեղերը գնել, որոնք իրենց ձեռնտու են, մինչդեռ ինքը, որպես բժիշկ, պատասխանատվություն է կրում նշանակած դեղի համար եւ պետք է իրավունք ունենա ինքնուրույն ընտրելու արտադրող ընկերությունը:

Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ բժշկի մասնագիտությունը նշվում է այս կամ այն դեղամիջոցի եւ դրա դոզայի նշանակման ճիշտ լինելը վերահսկելու համար, ինչ վերաբերում է ամբուլատոր քարտին կամ էպիկրիզին, ապա դրանք պահպանվող փաստաթղթեր են, իսկ դեղատոմսը 6 ամիս հետո ոչնչացվում է: Այս պատճառով այդ փաստաթղթերում պետք է գրանցվեն հիվանդին նշանակվող դեղերը, իսկ դեղատոմսի վրա պետք է գրանցվի փաստաթղթի համարը, որով այն դուրս է գրվել: Փոխնախարարը հավելեց, որ էլեկտրոնային առողջապահության ներդրմամբ այս պահանջն ավտոմատ կվերանա:

Ինչ վերաբերում է ըստ ազդող նյութի դեղերի դուրսգրմանը, փոխնախարարը հիշեցրեց, որ դեռեւս 1,5 տարի առաջ, երբ ընդունվում էր «Դեղերի մասին» օրենքը, հարց էր բարձրացվել, որ բժիշկները դեղարտադրողների հետ համագործակցելով՝ հիվանդներին ուղղորդում են ապրանքանիշի ընտրության հարցում: Սրա դեմ պայքարելու համար ընտրվեց միջոցառում, որը գործում է ամբողջ աշխարհում՝ դեղերը դուրս գրել ըստ ակտիվ նյութի: Դրանից բացի, մեր օրենքը նախատեսում է դեղատանը հիվանդին ցույց տալ այդ նյութով բոլոր դեղերը: «Սրանք համարժեք դեղեր են, սա բառախաղ չէ, սրանք փոխարինիչներ չեն, այլ համարժեք դեղամիջոցներ, եւ դրանցից մարդն ընտրում է այն դեղը, որը համապատասխանում է նրա գրպանի պարունակությանը, այլ ոչ թե ստիպված կլինի գնել թանկարժեքը: Եթե ցանկանում է, կարող է գնել թանկարժեքը, ոչ ոք չի արգելում: Սակայն նրան պետք է տեղեկացնեն բոլոր հնարավորությունների մասին»,- ասաց նա:

Ի պատասխան՝ Մարինա Մարգարյանը նշեց, որ ունենալով բժշկական գիտությունների դոկտորի կոչում՝ «դառնում է ոչ լիարժեք բժիշկ»: «Իմ նեղ մասնագիտացումն է ստոմատոլոգ բժիշկը, եւ ես պետք է դեղեր դուրս գրեմ ստոմատոլոգիական քարտի հիման վրա: Ես ինչպե՞ս պետք է դեղ դուրս գրեմ իմ մտերիմների եւ ազգականների համար, որոնց դարձյալ ես եմ բուժում: Այսինքն՝ իմ մտերիմ մարդը պետք է գնա, քարտը բացի, 5 հազար դրամ վճարի, որ դեղատոմս ստանա: Խորհրդային տարիներին ես, որպես բժիշկ, իրավունք ունեի դուրս գրել ցանկացած պաթոլոգիայի դեղատոմս»,- ասաց նա:

Սրանից հետո հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանը հետաքրքրվեց՝ նրա հետ պատահե՞լ են դեպքեր, որ իր մոտ գա հիվանդը եւ ասի, որ իր թոքերն են ցավում: «Ես մինչեւ հիմա կարծում էի, որ ստոմատոլոգին են դիմում ատամները բուժելու համար, իսկ թոքերը բուժելու համար՝ թերապեւտին»,- ասաց նա:

Մինչդեռ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ սա անչափ վիճելի հարց է, եւ այն ուսումնասիրել են տարբեր երկրներում, ու տարբեր որոշումներ կան: Օրինակ՝ Լիտվայում թոշակի գնացած բժիշկներին հնարավորություն են տալիս իրենց նպատակների համար տարեկան մինչեւ 5 դեղատոմս դուրս գրել: «Մենք պատրաստ ենք այս հարցը քննարկել բժշկական հանրության հետ եւ ընդունելի որոշում գտնել»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Մարինա Մարգարյանը նաեւ տեղեկացրեց, որ «Ծառուկյան» դաշինքը մտադիր է մարտի 26-ին դեղատոմսերի հարցով խորհրդարանական լսումներ անցկացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է