• Latest news

Հինգ հաջող փոխպատվաստումից հետո Արյունաբանականը տարածաշրջանային կենտրոն դառնալու հավակնություն ունի

16 մարտի, 2018  22:32

Հինգերորդ հիվանդը, որին Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում ցողունային բջիջների փոխպատվաստում են կատարել, արդեն իրեն լավ է զգում ու դուրս է գրվել հիվանդանոցից։ Երբ մեր նկարահանման խումբը նրան այցելեց բուժկենտրոնում, նա զբոսնում էր միջանցքում ու ազատորեն շփվում այցելուների հետ։ Մինչդեռ, ինչպես բացատրեցին բժիշկները, դեռ կես ամիս առաջ այցելությունները խիստ սահմանափակված էին, իսկ բուժանձնակազմը հատուկ հիվանդասենյակ էր մտնում հիգիենայի  խիստ նորմերի պահպանումով։ Ցանկացած ինֆեկցիա կարող է ծանր հետևանքներ ունենալ հիվանդի համար, որի իմունիտետը ճնշված է երկարատեւ քիմիաթերապիայից հետո, պարզաբանեց կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը։ Հենց այդ պատճառով էլ այդ պացիենտների հիվանդասենյակները մեկուսացված են, իսկ դրսից օդի մուտքին խոչընդոտում է օդի ճնշումների տարբերությունը հիվանդասենյակում ու միջանցքում։ 

Քառասունամյա Սարգիս Կարապետյանն իր հիվանդության մասին իմացել էր 2017-ի օգոստոսին։ Նա գանգատվում էր մեջքի ցավերից, ու վատ ախտորոշման մասին անգամ չէր կասկածում, բայց մի շարք հետազոտություններից հետո բժիշկները նրան ուղարկել էին Արյունաբանական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է միելոմա։

Սմբատ Դաղբաշյանը պատմել է, որ Սարգիսի մոտ միելոմային հիվանդությունը ախտորոշվել էր 3B փուլում, նա ստացել է քիմիաթերապիայի 4 կուրս, ու ռեմիսիայի պատկեր ապահովելուց հետո որոշում է կայացվել Սարգիսին ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում կատարել։ Փոխպատվաստումը իրականացվել է փետրվարի վերջին Սմբատ Դաղբաշյանի ու Ֆրանկֆուրտից ժամանած գերմանացի բժիշկ Ուլրիխ Բիթսի գլխավորությամբ։

 Սարգիսի ցողունային բջիջների եւս մեկ չափաբաժին պահպանել են կրիոբանկում՝ կրկնակի փոխպատվաստման համար, եթե հանկարծ նման անհրաժեշտություն ծագի։

Կենտրոնի տնօրենը նաեւ հայտնել է, որ ցողունային բջիջների փոխպատվաստումը թանկարժեք պրոցեդուրա է, չնայած Հայաստանում այն շատ ավելի էժան է, քան եվրոպական երկրներում ու Ռուսաստանում։ Նա հավելել է, որ առողջապահության նախարարության հետ համատեղ հիմա մշակվում է փոխպատվաստման ծրագիր, որի շրջանակներում պետությունը քվոտաներ կտրամադրի փոխօատվաստման կարիք ունեցող հիվանդներին ։ Իսկ մինչ այդ Կենտրոնին օգնում են բարեգործական կազմակերպությունները, մասնավորապես «Նվիրիր կյանք» հիմնադրամը։ Իրենց լուման են ներդնում նաեւ հիվանդները։

Սմբատ Դաղբաշյանը պատմել է, որ Հայաստանում այժմ ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունի տարեկան մոտ 60 հիվանդ։ «Բայց մենք կարծում ենք, որ կարող ենք տարածաշրջանային կենտրոն դառնալ հարեւան երկրների համար, քանի որ մեզ արդեն դիմում են Վրաստանից, Ռուսաստանից ու Իրանից։ Ունենալով այստեղ փոխպատվաստման համապատասխան մակարդակ՝ մենք մտադիր ենք ակրեդիտացիա անցնել ու մեր տարածաշրջանում կազմակերպել կարեւոր առողջապահական հաստատություն՝ փոխպատվաստման կենտրոն»,- ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է