• Latest news

Տղամարդկանց համար առաջին հակաբեղմնավորման հաբերը հաջողությամբ փորձարկել են կամավորների վրա

19 մարտի, 2018  12:02

Տղամարդկանց համար հակաբեղմնավորման հաբերը, որոնք էրեկցիայի խնդիրներ չեն առաջացնում, հաջողությամբ են անցել առաջին կլինիկական փորձարկումները: Այս մասին բժիշկները հայտարարել են Չիկագոյում տեղի ունեցած Էնդոկրինային միության կոնգրեսում:

«Չնայած արյան մեջ տեստոստերոնի մակարդակի նվազմանը, գրեթե բոլոր կամավորները չեն բողոքել այս հորմոնի պակասի կամ ավելցուկի հետ կապված հատկանշական ախտանիշների առկայությունից: Այս ամենն անհավանական ճեղքում է տղամարդկանց համար հակաբեղմնավորման հաբերի մշակման ոլորտում: Հիմա մենք ավելի երկարատեւ փորձարկումներ ենք անցկացնում դրանց արդյունավետությունը ստուգելու համար»,- հայտարարել է Սիեթլում Վաշինգթոնի համալսարանի (ԱՄՆ) կենսաբան Ստեֆանիա Փեյջը:

Նախկինում տղամարդկանց համար մշակված հաբերը կա՛մ երաշխավորված արդյունք չէին տալիս, կա՛մ էական կողմնակի էֆեկտներ էին առաջացնում՝ թույլ չտալով դրանք մշտապես ընդունել: Դրանից բացի, դրանց մեծ մասը էրեկցիայի խնդիրներ  եւ հոգեվիճակի լուրջ խանգարումներ էր առաջացնում, այս պատճառով ոչ մի դեղամիջոց այդպես էլ պաշտոնական հավանություն չի ստացել:

Փեյջը եւ նրա գործընկերները արդեն մի քանի տարի աշխատում են տղամարդու 2 հորմոնների՝ տեստոստերոնի եւ պրոգեստրոնի հիմքով հակաբեղմնավորման միջոցների ստեղծման վրա: Ինչպես պարզաբանում են գիտնականները, այս նյութը սեռական բջիջների պատրաստուկներին ստիպում է սերմնապարկերում կանգնեցնել բազմացման ցիկլը, ինչը բերում է հասուն սերմնաբջիջների աստիճանական անհետացմանը:

Գրեթե 10 տարի առաջ Փեյջի խմբին հաջողվել էր DMAU անունը ստացած նյութ ստեղծել, որում համադրվում էին 2 հորմոնների ազդեցությունները: Կենսաբանները նման միացություններ ստանում էին նաեւ նախկինում, սակայն ըստ կենդանիների վրա կատարված փորձերի՝ գործնականում բոլորը վտանգավոր են ճանաչվել. դրանք առաջացնում էին լյարդի բորբոքումներ եւ օրգանիզմից չափազանց արագ էին դուրս գալիս:

Փեյջը եւ նրա գործընկերները կարողացել են այս թերությունը վերացնել՝ հորմոնների մոլեկուլը միացնելով ճարպաթթվի երկար «պոչին», ինչը դանդաղեցրել է օրգանիզմից դեղամիջոցի դուրսբերումը եւ լյարդում կուտակումը:

Գիտնականները հաբի աշխատանքը ստուգել են 100 կամավորների վրա, որոնք պետք է ամեն օր DMAU-ն ընդունեին 3 տարբեր դոզաներով եւ հայտնեին ինքնազգացողության փոփոխությունների մասին: Տղամարդկանց մի մասն ընդունել է ոչ թե իրական դեղամիջոցը, այլ դատարկ «դեղը», սակայն այս մասին տեղեկացել է միայն փորձի ավարտին:

Փորձերը ցույց են տվել, որ DMAU մեծ դոզաները արդյունավետորեն ճնշել են սերմնաբջիջների բազմացումը, սակայն չեն խոչընդոտել սեռական օրգանների աշխատանքին եւ առողջական այլ խնդիրներ չեն առաջացրել: Միակ բացասական արդյուքն այն էր, որ փորձի մասնակիցները գիրացել են եւ նրանց մոտ բարձրացել է խոլեստերինի մակարդակը:

Հիմա գիտնականներն ավելի ծավալուն փորձեր են անցկացնում, որի շրջանակում մի քանի 100 տղամարդ հաբերը կընդունի 4 եւ ավելի տարի: Եթե այս փորձերը հաջողությամբ ավարտվեն, ապա DMAU-ն կարող է դառնալ հակաբեղմնավորման առաջին դեղամիջոցը, որը տղամարդկանց հասանելի կլինի ամբողջ աշխարհում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել