• Latest news

ԼՍԴ-ն կօգնի շիզոֆրենիայի դեմ դեղորայքի ստեղծմանը․ հետազոտություն

20 մարտի, 2018  23:44

ԼՍԴ-ի ընդունումը ժամանակավորապես դադարեցնում է «ինքնագիտակցման» համար պատասխանատու նյարդային բջիջների աշխատանքը, ինչի հետեւանքով մարդը սկսում է չտարբերել իրեն շրջապատի մարդկանցից։ Դա կարելի է օգտագործել շիզոֆրենիայի ու դեպրեսիայի դեմ դեղամիջոցների ստեղծման նպատակով, հայտնում են գիտնականները Journal of Neuroscience ամսագրում հրապարակված հոդվածում։

«ԼՍԴ-ն վերացնում է ինքդ քեզ մյուս մարդկանցից տարբերակելու ունակությունը։ Օգտագործելով ՄՌՏ՝ մեզ հաջողվել է ցույց տալ, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ թմրադեղը ներգործում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են ինքնագիտակցության համար, ինչից փոխվել էր կամավորների վարքագիծը շրջապատի մարդկանց հետ շփվելիս»,- պատմում է Ցյուրիխի համալսարանի նեյրոֆիզիոլոգ Կատրին Պրելլերը։

Անցած տարի Պրելլերին ու նրա գործընկերներին հաջողվել է պարզել, որ ԼՍԴ-ն ազդում է հատուկ նյարդային բջիջների վրա, որոնց մակերեսին կան հատուկ սերոտոնինային ռեցեպտորներ, 5-HT2A մոլեկուլներ։ Եթե այդ ռեցեպտորների աշխատանքն արգելափակվի՝ ապա թմրանյութի ներգործության ամբողջ ազդեցությունը կվերանա։ Կատարելով այդ հայտնագործությունը՝ շվեյցարացի նեյրոֆիզիոլոգները փորձել են պարզել, թե հատկապես ինչն են կառավարում այդ նյարդային բջիջները։

Փորձերի ժամանակ կենսաբանները փորձի մասնակիցներին տվել են թղթեր, որոնք ներծծված էին ԼՍԴ-ով կամ այն արգելափակող նյութով՝ կետանսերինով, կամ էլ սովորական ջրով։ Երբ կամավորներն ընդունել են թմրանյութ, գիտնականները նրանց հետազոտել են ՄՌՏ-ի միջոցով՝ հետեւելով նրանց ուղեղի աշխատանքի փոփոխություններին։

Այդ ընթացքում կենսաբանները տոմոգրաֆի ներսում տեղադրված մոնիտորի էկրանի վրա ցուցադրել են տարբեր պատկերներ, այդ թվում մարդկանց լուսանկարներ եւ հետեւել կամավորների բիբերի շարժումներին՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են նրանք արձագանքում այդ լուսանկարներին։

Պարզվել է, որ ԼՍԴ-ն առաջին հերթին ներգործում է նյարդային բջիջների վրա, որոնք պատասխանատու են ինքնագիտակցության ու այլ մարդկանց հետ սոցիալական փոխգործակցության համար։ Գիտնականների խոսքով՝ «թթուն» նվազեցնում է այդ նեյրոնների ակտիվության մակարդակը, ինչի հետեւանքով մարդն աստիճանաբար դադարում է զգալ սահմանը արտաքին աշխարհի, այլ մարդկանց ու իր միջեւ, ինչն էլ հենց կարող է բացատրել այն էֆեկտները, որոնց մասին հաճախ խոսում են «պսիխոնավտները»։

Ուղեղի այդ հատվածի բացահայտումը, Պրելլերի խոսքով, կարելի է օգտագործել բժշկության մեջ։ Դրա ակտիվությունը, նրա կարծիքով, կարող է ցածր լինել այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են շիզոֆրենիայով, ու անբնական բարձր՝ այն մարդկանց մոտ, որոնք տառապում են դեպրեսիայով ու հոգեկան այլ խանգարումներով։ Համապատասխանաբար, նեյրոնների ճնշումը կամ խթանումը կարող է օգնել նման հիվանդներին ազատվել «ինքնագիտակցության» հետ կապված այդ խնդիրներից, եզրակացնում են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել