• Latest news

Մանկության տարիներին ընկերների հետ անցկացրած ժամանակը կապված է հասուն տարիքում ֆիզիկական առողջության հետ

30 մարտի, 2018  16:25

Մանկության տարիներին ընկերների հետ անցկացրած ժամանակի քանակությունը ուղղակիորեն կապված է հասուն տարիքում ֆիզիկական առողջության հետ, պարզվել է ամերիկացի գիտնականների բազմամյա հետազոտությամբ: Նրանց հոդվածը հրապարակվել է Psychological Science ամսագրում:

Հետազոտողների եզրակացության համաձայն՝ 30 տարեկանից հետո տղամարդիկ ավելի ցածր արյան ճնշում եւ մարմնի զանգվածի ինդեքս են ունենում, եթե մանկության տարիներին ընկերների հետ ավելի շատ են ժամանակ անցկացրել:

«Այս տվյալները վկայում են, որ մեր վաղ սոցիալական կյանքը կարող է որոշակի պաշտպանական ազդեցություն ունենալ հասուն տարիքում մեր ֆիզիկական առողջության վրա: Դերակատարում ունեն ոչ միայն մեր խնամակալները եւ ֆինանսական հանգամանքները, այլեւ մեր ընկերները, որոնք նույնպես կարող են պաշտպանել մեր առողջությունը»,- ասել է Տեխասի Տեխնիկական համալսարանի հոգեբան-գիտնական Ջեննի Քանդիֆը:

Նախկինում կատարված մեծաթիվ հետազոտությունների ժամանակ արդեն հայտնաբերվել էր մեծահասակների սոցիալական բարեկեցության, այդ թվում՝ նրանց մտերիմ հարաբերությունների ու սոցիալական աջակցության աղբյուրների ազդեցությունը առողջության վրա, ներառյալ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականության գործոնները: Քանդիֆին եւ Պիտսբուրգի համալսարանից նրա համահեղինակ Կարեն Մեթյուզին հետաքրքրել է՝ կարո՞ղ է արդյոք այս կապը սկսել արտահայտվել դեռեւս մանկության եւ պատանեկության տարիներին:

Սա պարզելու համար հետազոտողները վերլուծել են  Պիտսբուրգյան երիտասարդական հետազոտության (Pittsburgh Youth Study) տվյալները, որին մասնակցել է 267 տղա:

Հետազոտության մասնակիցների ծնողները հայտնել են, թե իրենց երեխաները՝ 6 տարեկանից սկսած եւ մինչեւ 16 տարեկան շաբաթվա ընթացքում միջինը որքան ժամանակ են անցկացրել ընկերների հետ: Հետազոտության մեջ ներառվել են նաեւ հետազոտությանը մասնակցած տղաների տարբեր անհատական հատկանիշների մասին տվյալները (օրինակ՝ նրանց էքստրավերսիան կամ անբարյացակամությունը, ինչպես նաեւ մանկության եւ հասուն տարիքում ֆիզիկական առողջությունը): Հաշվի են առնվել ընտանեկան պայմանները եւ շրջակա միջավայրի գործոնները:

Այս տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ մանկության տարիներին եւ դեռահաս տարիքում իրենց ընկերների հետ ավելի շատ ժամանակ անցկացրած տղաները 32 տարեկանում ավելի առողջ արյան ճնշում եւ մարմնի զանգվածի ինդեքս են ունեցել: Այս զուգակցությունը պահպանվել է նույնիսկ այն բանից հետո, երբ Քարդիֆն ու Մեթյուզը բացառել են մյուս պոտենցիալ ազդեցությունները, ինչպիսին են՝ մանկության տարիներին առողջությունը եւ հասուն տարիքում սոցիալական ինտեգրումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել