• Latest news

Ինչպե՞ս է առաջանում ուղեղի ցնցումը

2 ապրիլի, 2018  22:36

Հայտնի է, որ գլխին հասցվող ուժեղ հարվածից ուղեղի ցնցում է առաջանում: Համարվում է, որ ցնցման անմիջական պատճառը գանգի եւ ուղեղի բախումն է, եւ սա միանգամայն ակնհայտ է թվում:

Իրականում, սակայն, ցնցում կարելի է ստանալ, ոչ միայն ուղղակիորեն ինչ-որ առարկայի բախվելու դեպքում, այլ նաեւ, օրինակ, գլուխը ուժեղ եւ կտրուկ շրջելիս: Ըստ որում՝ ուղեղը հիմնական վնասվածքները ստանում է տարբեր հաճախականության դեպքում հյուսվածքների ընդարձակման եւ սեղմման պատճառով:

Ցնցման մեխանիզմը մանրամասն ըմբռնելու համար Սթեֆորդի համալսարանից Դեւիդ Քամարիլոն եւ գիտական այլ կենտրոններից նրա գործընկերները ամերիկյան ֆուտբոլի մի քանի տասնյակ ֆուտբոլիստների զինել են ակսելերաչափերով եւ գիոսկոպներով, որոնք ամրացվել են առաձգական պլաստմասե հատուկ հարմարանքին, որը հագցվել է ատամներին՝ նրանց սպորտային վնասվածքներից պաշտպանելու համար:

Հանդիպման ժամանակ խաղացողները մշտապես միմյանց են բախվում, եւ հաջողվել է գրանցել նման 189 բախում (որոնցից երկուսն ավարտվել են ուղեղի իսկական ցնցմամբ): Ակսելերաչափերից եւ գիոսկոպներից ստացած տեղեկությունները վերլուծել են ուղեղի վնասված հյուսվածքների վիճակի մասին տվյալների հետ, որոնք վերցվել են առավելապես հանգուցյալներից:

Physical Review Letters-ում հրապարակված գիտնականների հոդվածում նշված է, որ գլխին հասցվող յուրաքանչյուր ուժեղ հարված ուղեղին ստիպում է տարբեր հաճախականությամբ տատանվել: Ինժեներները բարդ տատանումները բաժանել են ըստ հաճախականությունների, եւ պարզվել է, որ ուղեղն ամենից ավելի ուժեղ տատանվում է մոտ 30 Հերց հաճախականության դեպքում՝ ինչպես դաշնամուրի երկրորդ-երրորդ ստեղները: Իսկ ընդհանրապես 33 Հերցից ցածր հաճախականությամբ տատանումների վրա է ծախսվում հարվածի էներգիայի մոտ 75 տոկոսը: Հարվածի էներգիան կլանվում է այնպիսի միկրոշարժումներով, որոնք տեւում ընդամենը կես վայրկյան:

Սակայն որքան հարվածն ուժեղ է, այնքան ուղեղում շատ են տարբեր տատանումների հաճախականությունները, եւ վնասվածքները հենց այն պատճառով են առաջանում, որ իրար կողք կողքի գտնվող ուղեղի գոտիները տարբեր հաճախականությամբ են տատանվում: Օրինակ՝ եթե հարվածը բավականաչափ ուժեղ է, եւ մարդը գիտակցությունը կորցրել է, ապա նրա ուղեղում կոշտուկավոր մարմինը ավելի հաճախակի ցնցմամբ կտատանվի, քան այն հատվածները, որոնք դրա շուրջն են գտնվում: Չնայած ուղեղի հյուսվածքների լայնացումն ու սեղմումը, որոնք ներդաշնակ չեն տատանվում, անչափ կարճ են տեւում, սա բավական է, որպեսզի ուղեղին տհաճություն պատճառի:

Որոշ մասնագետների ենթադրությամբ՝ մարզական պարագաների վրա տեղադրված միայն ֆիզիկական հաղորդիչների տվյալները բավարար չեն, եւ լավ կլիներ նման փորձ կատարել լաբորատորիայում. մարդը գլխին չափավոր հարված է ստանում (բնականաբար, սեփական համաձայնությամբ), իսկ նրա ուղեղին այդ պահին հետեւում են տոմոգրաֆիայի միջոցով: Տոմոգրաֆիայի պատկերներն ունենալով՝ հնարավոր է ճշգրիտ հասկանալ, թե ուղեղում ինչ է տեղի ունենում անմիջապես վնասվածքն ստանալու պահին:

Այսպես թե այնպես, ստացած տվյալներն արդեն հիմա կարելի է հաշվի առնել՝ անհատական պաշտպանության զանազան միջոցներ ստեղծելիս. օրինակ՝ իմանալով, թե տատանումներն ուղեղում ինչպես են տարածվում, կարելի է այնպիսի սաղավարտ պատրաստել, որը թույլ չի տա առավել վտանգավոր տատանումներին թափանցել ուղեղի առավել զգայուն գոտիներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է