• Latest news

Վիտամիններ ու սննդային հավելումներ․ օգուտ, թե՞ վնաս

8 ապրիլի, 2018  15:53

Վիտամիններն ու մյուս սննդային հավելումները շատերը համարում են ունիվերսալ լուծում բազմաթիվ խնդիրների համար։ Մա՞շկն է  ծերանում։ Եղունգնե՞րն են փշրվում։  Հոգնածությո՞ւնն է անհանգստացնում։ Պետք է վիտամիններ ընդունել, ու բոլոր խնդիրները կլուծվեն, համարում են նրանք։

Իրականում վիտամինների ու այլ սննդային հավելանյութերի ընդունումը ոչ միշտ է արդարացված։ Ավելին՝ ոչ միշտ է անվտանգ։

«Հետազոտությունների ժամանակ երբեք չի  ապացուցվել վիտամիններով հավելանյութերի իրենց օգտակարությունը մարդկանց համար»,- Daily Mail –ին տված հարցազրույցում ասել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, բժիշկ Ջոեն Մենսոնը։

Նրա խոսքով՝ վիտամինները կարող են օգտակար լինել միայն ու միայն ռիսկի որոշակի խմբերի մարդկանց համար (օրինակ հղիների ու տարեցների), իսկ դրանք հենց այնպես՝ առանց բժշկի նշանակման ընդունել խորհուրդ չի տրվում։

Պոլիվիտամիններից վնաս չկա, բայց օգուտ էլ չկա

Պոլիվիտամինների բաղադրությունները կարող են մի քիչ տարբերվել, բայց սովորաբար դրանք պարունակում են B խմբի մի քանի վիտամիններ (B1, B12) , վիտամիններ A,C,E,D, K  ու որոշ հանքանյութեր (կալիում, կալցիում, մագնիում)։

Պոլիվիտամինների ընդունումը մարդկանց համար վտանգավոր չէ, համարում են փորձագետները, քանի որ յուրաքանչյուր առանձին վիտամինի չափաբաժինը դրանց մեջ այնքան էլ բարձր չէ, ու ընդհանուր առմամբ համապատասխանում է օրական նորմային։ Եթե մարդու սննդակարգում վիտամինների ու հանքանյութերի քանակությունը չի բավականացնում, պոլիվիտամինների ընդունումը կարող է լրացնել այդ պակասը։

Սակայն լուրջ հետազոտություններ, որոնք ցույց կտան, որ պոլիվիտամիններն իրական օգուտ ունեն, չկան։ Միայն մեկ խոշոր հետազոտություն է հաստատել, որ պոլիվիտամինները նպաստում են մահացության նվազմանը։ Սակայն որոշ մասնագետներ թերահավատորեն են վերաբերվում այդ հետազոտությանը, քանի որ այն իրականացվել է միայն տղամարդկանց մասնակցությամբ, իսկ ավելի խոշոր հետազոտությունները չեն հաստատել այդ արդյունքները։

Ի տարբերություն պոլիվիտամինների՝ բիոհավելանյութերը, որոնք միայն մեկ վիտամին են պարունակում, կարող են վտանգավոր լինել, նախազգուշացնում են փորձագետները։

Վիտամին E-ն կարող է առաջացնել քաղցկեղ, այլ ոչ թե կանխել այն

Վիտամին E-ն գովազդում են որպես իմունիտետի ամրապնդման, մաշկի ու աչքերի առողջության բարելավման միջոց։  Համարվում է, որ այդ վիտամինն օգնում է օրգանիզմին հաղթահարել ազատ ռադիկալները, որոնք գրոհում են բջիջների վրա։

Վիտամին E-ն-ն պարունակվում է  կանաչ բանջարեղենում ու դրանց յուղերում, նաև ընկույզի մեջ, իսկ դրա դեֆիցիտն այնքան էլ տարածված չէ։

Բժիշկ Մենսոնի խոսքով՝ վիտամին E-ի ավելցուկային ընդունումը կապակցված է «հեմորագիական ինսուլտի, սրտային անբավարարության, շագանակագեղձի քաղցկեղի ու նույնիսկ մահացության աճի հետ»։

Ավելի վաղ հայտնել էին, որ վիտամին E-ն կարող է տղամարդկանց պաշտպանել շագանակագեղձի քաղցկեղից, բայց 2008-ին իրականացված խոշոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանխարգելիչ նպատակներով այդ վիտամինն ընդունած տղամարդկանց մոտ չարորակ ուռուցքը նույնիսկ 17 տոկոսով ավելի հաճախ էր զարգանում, քան հսկիչ խմբի տղամարդկանց մոտ։

Վիտամին A՝ չարաշահումը վտանգավոր է

Վիտամիան A-ն, որը ստանում ենք սննդի հետ, ամրացնում է իմունիտետն ու անհրաժեշտ է տեսողության ու վերարտադրողական առողջության համար։ Սակայն չափից մեծ չափաբաժիններով վիտամին A-ն կարող է շատ վտանգավոր լինել, իսկ ծայրահեղ դեպքերում դրա չարաշահումը կարող է նույնիսկ մահացու լինել, նախազգուշացնում է բժիշկ Փոլ Թոմասը՝ Առողջության ազգային ինստիտուտներից։

Բժիշկը հիշեցրել է այն պատմական դեպքի մասին, երբ Արկտիկայի հետազոտողները ստիպված են եղել ուտել իրենց շների լյարդը, որը չափից հագեցած էր վիտամին A-ով։  Դրա հետևանքով շատերը թունավորվել էին, քանի որ այդ վիտամինի ավելցուկը թունավոր է, առաջին հերթին լյարդի համար։

Առողջության ազգային ինստիտուտները վիտամին A-ով հավելանյութերի ընդունումից խորհուրդ են տալիս զերծ մնալ նաև հղիներին, քանի որ հայտնի է դրա կապը նորածինների մոտ բնածին արատների զարգացման հետ։

Վիտամին C՝ օգտակարությունը կասկածի տակ է

Բժիշկ Թոմասը նշում է, որ ցանկացած վիտամինների չարաշահումը որևէ օգուտ չի տալիս։ Եվ այսպես, օրական 2500 մգ –ից շատ վիտամին C ընդունելու դեպքում հնարավոր են մարսողական համակարգի խանգարումներ՝ սրտխառնոց, սպազմեր, լուծ։ Բացի դրանից, հայտնի է վիտամին C-ի կապը երիկամներում քարերի գոյացման հետ։

Նախկինում համարվում էր, որ այդ վիտամինի ընդունումը միայն ամրապնդում է իմունիտետն ու օգնում պայքարել մրսածության ու մյուս հիվանդությունների դեմ, սակայն հետազոտությունների մեծ մասը չի հաստատում հավելանյութերում պարունակվող վիտամին C-ի պաշտպանական դերը։

Համարվում է, որ վիտամին C-ն օգնում է կանխել գրիպն ու մրսածությունը՝ խթանելով իմունային համակարգը, կամ թեթևացնել հիվանդության ախտանշաններն ու տևողությունը։ Բայց հետազոտությունները ասում են, որ դա այդպես չէ»,- նշել է Փոլ Թոմասը։  

Վիտամիններն ու միներալները փոխգործակցում են դեղամիջոցների հետ

Բժիշկ Մենսոնի խոսքով՝ վիտամիններն ու սննդային հավելանյութերը կարող են մարդու օրգանիզմում փոխգործակցել այլ դեղամիջոցների հետ, որոնք նա ընդունում է ու հանգեցնել անցանկալի հետևանքների։ Օրինակ նուտրիենտներից մեկի  յուրացումը կարող է վատանալ մեկ ուրիշի ավելցուկի պատճառով։ Բացի դրանից, որոշակի դեղամիջոցներ՝ վիտամինների հետ համադրությամբ կարող են վտանգավոր կողմնակի էֆեկտներ ունենալ։

Չնայած բժիշկ Մենսոնը միանգամայն ընդունելի է համարում պոլիվիտամինների գործածումը, բայցևայնպես մյուս դեղամիջոցների գործածման դեպքում այդ հարցը պարտադիր պետք է համաձայնեցնել բժշկի հետ։

Փորձագետները մտահոգված են ոչ միայն վիտամինների անցանկալի էֆեկտներով, այլև նրանով, որ դրանց շուրջ գովազդային աղմուկը կարող է անուղղակիորեն նպաստել վնասակար սովորությունների զարգացմանը։

«Երբեմն մարդիկ ընդունում են վիտամիններ իրենց վնասակար սովորությունները կոմպենսացնելու՝ օրինակ ծխելու կամ խմելու վնասական ազդեցությունը թեթևացնելու համար»,- բացատրում է Թոմասը։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել