• Latest news

Քաղցկեղային հիվանդությունները մեր առջեւ 3 խնդիր են դնում. գերմանացի պրոֆեսոր

9 ապրիլի, 2018  18:43

Ուռուցքային հիվանդությունները լուրջ մարտահրավեր են դարձել ամբողջ մարդկության համար եւ մասնագետների առջեւ 3 կարեւոր խնդիր են դրել՝ կանխարգելում, վաղ ախտորոշում եւ հասանելի բուժում: Նման կարծիք հայտնեց մանկական ուռուցքաբան, պրոֆեսոր Հերբերտ Ջուրգենսը:

Պրոֆեսորի խոսքով՝ քաղցկեղային հիվանդությունները կարող են մահացու լինել, սակայն այս հիվանդությունները հաղթելու շանսերը զգալիորեն մեծանում են, եթե 3 խնդիրներն էլ արդյունավետորեն կատարվեն.

Կանխարգելում

Ինչպես նշեց պրոֆեսորը, քաղցկեղով չհիվանդանալու հավանականությունն առաջին հերթին մեծ է նրանց շրջանում, ովքեր չեն ծխում եւ երբեք չեն ծխի: Կանխարգելման համար կարեւոր է նաեւ առողջ կենսակերպ վարելը. ֆիզիկլապես ակտիվ լինել, շատ քայլել, վազել, եթե հնարավորություն կա, սպորտով զբաղվել: Եվս մի կարեւոր խորհուրդ՝ չափից շատ չուտել եւ ավելրոդ քաշ չհավաքել, որը նույնպես կապում են քաղցկեղի զարգացման մեծ հավանականության հետ:

Վաղ հայտնաբերում

Եթե ինչ-որ պատճառով չի հաջողվել քաղցկեղը կանխել, չափազանց կարեւոր է այն ժամանակին հայտնաբերելը. ինչպես նշեց պրոֆեսորը, որքան հիվանդությունը վաղ ախտորոշվի, այնքան հիվանդն առողջանալու մեծ  հնարավորություն կունենա:

Քաղցկեղային հիվանդությունների ժամանակին ախտորոշմանը նպաստում են բժշկին կանխարգելիչ այցերը (երբ անհանգստացնող ոչ մի ախտանշան դեռեւս չկա), ինչպես նաեւ սքրինինգային ծրագրերը, որոնք անցկացվում են բնակչության շրջանում: Նշենք, որ այդպիսի ծրագրերից Հայաստանում հիմա անցկացվում է միայն արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգը, որը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը:

Բուժում

Հենց հիվանդությունն ախտորոշվում է, անհրաժեշտ է ճիշտ բուժում ընտրել: Պրոֆեսոր Ջուրգենսի խոսքով՝ շատ կարեւոր է, որ երկրում յուրաքանչյուր հիվանդ բուժման հասանելիություն ունենա:

«Անհրաժեշտ բուժման հասանելիությունը յուրաքանչյուր մարդու իրավունքն է»,- ընդգծեց մասնագետը:

Հիշեցնենք, որ պրոֆեսոր Ջուրգենսը Երեւան է ժամանել Գերմանիայից եւ Ավստրիայից 11 գործընկերների հետ, որպեսզի Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում դասախոսություններ կարդա: Ապրիլի 9-11-ը դասախոսություններ կլինեն «Քաղցկեղի ախտորոշման եւ բուժման ժամանակակից չափանիշները» թեմայով: Ապրիլի 12-ին տեղի կունենա գիտաժողով «Կիրառական առողջապահական հետազոտությունները եւ քաղցկեղի ռեգիստրները» խորագրով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել