• Latest news

Հակաքաղցկեղային դեղամիջոցները կօգնեն թասմանյան հրեշների վարակիչ քաղցկեղի բուժմանը

11 ապրիլի, 2018  22:44

Սովորաբար մարդկանց բուժման համար օգտագործվող հակաքաղցկեղային դեղամիջոցները, այդ թվում՝ ակսատինիբը, խոչընդոտում են թասմանյան հրեշների մոտ ուռուցքների աճին: Այս մասին նշված է Cancer Cell-ում հրապարակված Քեմբրիջի համալսարանի կենսաբանների հոդվածում, որոնք այս կենդանիների շրջանում ուսումնասիրել են ինֆեկցիոն քաղցկեղի 2 տարատեսակներ:

Պարկավոր հրեշները (Sarcophilus harrisii) Թասմանիայի էնդեմիկ եւ խոշորագույն գիշատիչներ են: 1996 թվականին գրանցվել է հրեշների դիմային ուռուցքի՝ չարորակ ինֆեկցիոն քաղցկեղի առաջին դեպքը, որն, ըստ երեւույթին, փոխանցվում է կծոցով: Հիվանդության սկզբում առանձնյակի մոտ ուռածություն է հայտնվում երախի մոտ, որից աճում են չարորակ ուռուցքները, որոնք տարածվում են կենդանու ամբողջ մարմնում: Կես տարվա ընթացքում հրեշը սովորաբար սատկում է ներքին օրգանների չգործելու պատճառով, քաղցածությունից կամ երկրորդային ինֆեկցիաներից: Պարկավոր հրեշների պոպուլյացիան 20 տարում 80 տոկոսով կրճատվել է, իսկ բարձր խտությամբ որոշ պոպուլյացիաներ ամբողջությամբ բնաջնջվել են:

2014 թվականին հետազոտողները հրեշների մոտ հայտնաբերել են դիմային ուռուցքի երկրորդ տարատեսակը, եւ Քեմբրիջի համալսարանի գիտնականներն այն նկարագրել են նախորդ հոդվածներից մեկում: Նման հայտնագործությունը առավել քան տարօրինակ էր, քանի որ տրանսմիսիվ քաղցկեղը շատ հազվագյուտ հիվանդություն է: Պարկավոր հրեշներից բացի, քաղցկեղի վարակիչ ձեւն առաջանում է շների (եւ այն սովորաբար նրանց համար մահացու է) ու կակղամորթների մոտ:

Նոր հետազոտության մեջ կենսաբանները՝ բժիշկ Էլիզաբեթ Մուրչիսոնի ղեկավարությամբ,  համեմատել են քաղցկեղի 2 տարատեսակների գիստոլոգիան, գենետիկ պրոֆիլը, մուտացիաները եւ դեղամիջոցների նկատմամբ կայունությունը: Գիտնականները պարզել են, որ դրանք 2 առանձնյակների մոտ զարգացել են միեւնույն տիպի հյուսվածքներից: Ըստ երեւույթին, չարորակ ուռուցքների ծնունդը տեղի է ունեցել առանց մուտագեների կամ վիրուսների մասնակցության:

«Ստացած արդյունքներից ելնելով՝ մենք ենթադրում ենք, որ ինֆեկցիոն քաղցկեղի 2 տարատեսակն էլ, ըստ երեւույթին, ինքնաբերաբար են առաջացել: Մենք ԴՆԹ մակարդակում ապացույց չենք գտել, որ քաղցկեղի պատճառն արտաքին գործոններն են եւ ինֆեկցիոն ագենտները, ինչպիսին են վիրուսները»,- պարզաբանում է հետազոտության առաջատար հեղինակ Մաքսիմիլիան Շթամնիթցը:

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ քաղցկեղի երկու տարատեսակն էլ զգայուն են ԴՆԹ ռեպարացիայի (վնասված ԴՆԹ-ի վերականգնում) ինհիբիդորների եւ տիրոզինկինազ ռեցեպտորների ինհիբիդորների հանդեպ. ֆերմենտներ, որոնք նպաստում են չարորակ ուռուցքների աճին: Հիմա տիրոզինկինազ ինհբիդորների հիման վրա ստեղծվել են մի շարք դեղամիջոցներ (աֆատինիբ, ակսատինիբ), որոնք օգտագործվում են մարդկանց մոտ քաղցկեղի տարբեր տեսակների բուժման համար: Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ դրանք կարելի է օգտագործել նաեւ պարկավոր հրեշների բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել