• Latest news

«Դե դու կարաս առնես». պոլիկլինիկաներում անվճար դեղերն ինչո՞ւ բոլոր երեխաներին չեն տրամադրում

19 ապրիլի, 2018  15:32

2017 թվականի վերջին Ա. Ն.-ն պոլիկլինիկայում երեխայի համար անվճար D վիտամինի սրվակ է ստացել: Վերջերս վիտամինի պաշարը սպառվել է, սակայն երբ Ա. Ն.-ն պոլիկլինիկա է դիմել նոր սրվակ ստանալու, նրան հայտնել են, որ ինքն այլեւս չի կարող այդ վիտամինն անվճար ստանալ:

Ա. Ն.-ն NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայում, որտեղ գրանցված է նրա 8-ամսական երեխան, իրեն սկզբում ասել են, թե D վիտամինը հանվել է անվճար տրվող դեղերի ցուցակից: Երբ Ա. Ն.-ն ավելի ուշ պարզել է, որ ուրիշ ծնողներ շարունակել են այս վիտամինն անվճար ստանալ, պոլիկլինիկա է զանգահարել, նրան ասել են, թե իրենց սխալ է հասկացել՝ իրականում «Հայաստանի առողջապահության նախարարությունը դեռեւս հավանություն չի տվել այս վիտամինը ստանալու պոլիկլինիկայի հայտին», չնայած պոլիկլինիկայում մի քանի այլ դեղամիջոցներ կան եւ տրամադրվում են նրանց, ում հասնում է:

«Բեռլին» պոլիկլինիկայից NEWS.am Medicine-ի թղթակցին ասացին, որ կլինիկայի կողմից դեղերի գնումը մեզ «չի վերաբերում», իսկ բողոքող այցելուի խնդիրն «արդեն պարզել են»: Ա. Ն.-ն պնդում է, որ պոլիկլինիկայի ներկայացուցիչների հետ այլեւս չի խոսել, իսկ երեխայի համար d վիտամինը ստիպված էր, այնուամենայնիվ, գնել:

Հայաստանի առողջապահության նախարարությունից NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին, որ յուրաքանչյուր պոլիկլինիկա պետական բյուջեից ֆինանսավորում է ստանում, որի շրջանակում դեղամիջոցներ է գնում Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցուցակից: Պոլիկլինիկայի այցելուների թվաքանակն իմանալով՝ մասնագետները կազմում են անհրաժեշտ դեղամիջոցների ցուցակը եւ մրցույթ հայտարարում, որպեսզի դեղերը գնեն առավել ցածր գնով: ԱՆ մասնագետների խոսքով՝ դեղամիջոցների քանակության խնդիրներ տեսականորեն կարող են առաջանալ, եթե պոլիկլինիկան չկարողանա իրեն անհրաժեշտ դեղերը ցածր գնով գտնել:

Ա. Ն.-ն իր հետ պատահածի մասին գրել է «Ֆեյսբուքի» խմբերից մեկում: Հետաքրքիր է, որ որոշ ծնողներ նույնպես նշեցլ են համանման խնդրի բախվելու մասին. պոլիկլինիկայում նրանց ասել էին, որ այդ վիտամինը չունեն: Ծնողներից ոմանք էլ հայտնեցին, որ  այդ վիտամինը, ինչպես նաեւ շատ այլ դեղեր պոլիկլինիկայում իրենց անվճար են տվել եւ շարունակում են տալ: Երրորդները նշեցին, որ իրենց երբեք ոչ մի դեղ անվճար չեն տվել, ոմանք էլ ընդհանրապես տեղյակ չէին, որ մինչեւ 7 տարեկան երեխաներին որեւէ անվճար ծառայություն եւ դեղ է հասնում:

«Երբեք ոչ մի դեղ չենք ստացել, ամեն ինչ գնել եմ: Վերջին անգամ  հետաքրքրությունից դրդված փորձեցի հարցնել (պոլիկլինիկայում), ինձ ասացին՝ դուք ուշացել եք, մենք անվճար տալիս ենք միայն մինչեւ մեկ տարեկան երեխաներին, այն էլ՝ անապահով ընտանիքներին»,- «Ֆեյսբուքում» գրել էր օգտատերերից մեկը:

Օգտատերերից մյուսն էլ գրել էր, որ մի անգամ պոլիկլինիկայում ականատես է եղել, թե ինչպես է երիտասարդ մայրիկը մանկաբույժի հետ վիճում՝ ասելով, որ իրեն հասնում է անվճար ջերմիջեցնող, իսկ մանկաբույժն ինչ-որ նման բան ասաց. «Լավ դե, մեկա դու կարաս առնես»:

Մեկ այլ օգտատեր գրել էր, որ երեխային հասանելիք անվճար դեղն իրեն տվել են միայն այն բանից հետո, երբ դիմել է ԱՆ թեժ գծին:

Մի քանի այլ օգտատերեր նշել էին, որ պոլիկլինիկայում D վիտամինն իրենց միայն մեկ անգամ են տվել՝ ասելով, որ մեկ երեխային միայն մեկ սրվակ է հասնում:

Առողջապահության նախարարությունից NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցուցակից դեղամիջոցներն անվճար տրամադրվում են քաղաքացիների, որոնց ցուցակը կարելի է գտնել կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման մեջ: Մասնավորապես՝ նշված ցուցակից դեղամիջոցներն անվճար կարող են ստանալ մինչեւ 7 տարեկան երեխաները, հաշմանդամություն ունեցող երեխաները՝ ընդհուպ մինչեւ 18 տարեկան, ինչպես նաեւ ծնողների խնամքից զրկված երեխաները՝ մինչեւ 18 տարեկան: Այս դեղերն անվճար հասնում են նաեւ մի շարք այլ մարդկանց, այդ թվում՝ 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամներին եւ հայրենական պատերազմի մասնակիցներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել