• Latest news

ԱՄՆ-ում «ափիոնային համաճարակը» կրճատում է օրգանների սպասողների հերթերը

19 ապրիլի, 2018  21:05

ԱՄՆ-ում 2000 թվականից եռակի աճել է ափիոնայինների գերդոզավորման հետեւանքով մահանալու տարածվածությունը: Սա «ափիոնային համաճարակի» հետեւանքն է: Այս ոչ մխիթարական միտումը բերել է գերդոզավորումից մահացած դոնորների օրգանների փոխպատվաստումների հաճախակիության 24-ապատիկ աճի: Ափիոնայիններ օգտագործողների շնորհիվ, որոնք կյանքից վաղ են հեռանում, երկրում կարող են կրճատվել դոնորական օրգանների սպասողների հերթերը: Այսօր փոխպատվաստման սպասումով է ապրում մոտ 120 հազար ամերիկացի:

2000 թվականին ափիոնայինների գերդոզավորումից մահացած մարդկանց ընդամենը 149 օրգան է փոխպատվաստվել «նոր» թոքերի, սրտի, երիկամների կամ լյարդի կարիք ունեցողներին: 2016 թվականին կատարվել է արդեն 3533 փոխպատվաստում:

Annals of Internal Medicine պարբերականում հրապարակված հետազոտության ընթացքում Ջոնս Հոփքինս համալսարանի (Johns Hopkins University) գիտնականները որոշել են պարզել, թե ափիոնայինների զանգվածային չարաշահումն ինչպես է փոխում դոնորական օրգաններ ստացողների հեռանկարները: Այս հարցին պատասխանելու համար հետազոտողները վերլուծել են 138 565 հանգուցյալ դոնորների եւ 337 934 փոխպատվաստված օրգանների բժշկական տեղեկությունները: Փոխպատվաստումներն իրականացվել էին 2000-ից 2016 թվականներին:

Գիտնականները հայտնաբերել են, որ նրանց շրջանում, ովքեր սիրտ կամ թոքեր են ստացել ափիոնայիններ օգտագործած հանգուցյալից, վիրահատությունից հետո 5 տարի ապրելու հավանականությունը 1-5 տոկոսով մեծ էր նրանցից, որոնց դոնորները զոհվել էին վնասվածքների հետեւանքով կամ բնական պատճառներով: Երիկամի կամ լյարդի փոխպատվաստման դեպքում 5-ամյա սահմանը բարեհաջող հաղթահարելու հավանականությունն աճել է 2-3 տոկոսով՝ կրկին այն պարագայում, եթե դոնորը մահացել է ափիոնայինների գերդոզավորումից, այլ ոչ թե հիվանդությունից: Իսկ ահա դժբախտ պատահարների դեպքերի զոհերի համեմատությամբ իրավիճակը ճիշտ հակառակն էր՝ երիկամի կամ լյարդի փոխպատվաստումը 5-ամյա վերապրելիությունը միջինը 3 տոկոսով վատթարացրել էր:

Սակայն օրգանների հանգուցյալ դոնորները, որոնք մահացել են գերդոզավորումից, մի մեծ խնդիր ունեն. նրանք ավելի հաճախ են վարակված ՄԻԱՎ ինֆեկցիայով եւ վիրուսային հեպատիտով, քան նրանք, ովքեր մահացել են հիվանդության կամ դժբախտ պատահարի հետեւանքով: 2017 թվականին դոնորների գրեթե 30 տոկոսը, որոնք մահացել էին թմրամիջոցների չարաշահման հետեւանքով, վարակված էին հեպատիտ C-ով: Մնացյալ բոլոր դոնորների շարքում այս վտանգավոր ինֆեկցիայի տարածվածությունը կազմել է 3-4 տոկոս: Բարեբախտաբար, ժամանակակից թեստ-համակարգերը վիրաբույժներին օգնում են ավելի արագ հասկանալ՝ պոտենցիալ դոնորն արդյոք վարակվա՞ծ է, թե՞ ոչ: Իսկ վերջին սերնդի հակավիրուսային դեղամիջոցները  ստացողի համար կանխատեսումը բարելավում են նույնիսկ այն դեպքում, եթե հիվանդին վարակված օրգան է փոխպատվաստվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է