• Latest news

Երիտասարդ բժիշկները որոշել են խմբեր ստեղծել փողոցներում քաղաքացիներին առաջին օգնություն ցույց տալու համար

23 ապրիլի, 2018  15:50

Երեւանի մի քանի բժշկական կենտրոնների բժիշկների խումբը ապրիլի 24-ին կշրջի քաղաքի փողոցներով՝ առաջին օգնություն ցուցաբերելով դրա կարիքն ունեցող բոլոր քաղաքացիներին՝ ինչպես ցույցի մասնակիցներին, այնպես էլ ոստիկաններին:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց սրտաբան Մարինա Հարությունյանը, «Օգնի՛ր հայերին նախաձեռնության գաղափարը ծնվեց, երբ գործընկերների հետ գիտակցեցին, որ ցույցերի եւ հանրահավաքների ժամանակ շտապ օգնությունն ուղղակի չէր հասցնում բոլոր քաղաքացիներին օգնություն ցույց տալ, որոնք վնասվածքներ էին ստացել կամ որեւէ այլ պատճառով իրենց վատ էին զգում: Ավելին՝ շտապ օգնության կանչերի թիվը մեծացել է նաեւ քրոնիկական հիվանդությունների պատճառով. մարդիկ լարված են, եւ դա բացասաբար է ազդում նրանց առողջական վիճակի վրա:

Այս պատճառով բժիշկները որոշել են ապրիլի 24-ին դուրս գալ քաղաքի փողոցներ՝ զինված վիրակապային նյութերով, լարաններով, ստերիլ խծուծներով եւ այլ իրերով, որոնք անհրաժեշտ են առաջին օգնություն ցուցաբերելու համար: Դեռեւս հայտնի չէ, թե նրանք կոնկրետ որ փողոցներով են շրջելու. բժիշկները ծրագրել են կողմնորոշվել ըստ իրավիճակի եւ կլինեն այնտեղ, որտեղ իրենց կարիքը կունենան:

«Օրվա ընթացքում մենք մարդկանց ինչով կարող ենք կօգնենք: Անհնար է նման պայմաններում լուրջ միջամտություններ կատարել, սակայն անհրաժեշտության դեպքում տեղում կկարողանանք դադարեցնել արյունահոսությունը, մարդկանց գիտակցության վերադարձնել, այլ օգնություն ցույց տալ, մինչեւ կհասնի շտապ օգնությունը: Այսպիսի գործունեությունը օրենքով արգելված չէ»,- նշեց Մարինա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ դեռեւս հայտնի չէ, թե նախաձեռնությանը քանի բժիշկ կկարողանա միանալ, սակայն արդեն ավելի քան 70 մասնագետներ իրենց նախնական համաձայնությունը տվել են: Նրանց թվում նաեւ բժշկական համալսարանի ուսանողներ կան, որոնք տիրապետում են առաջին օգնություն ցույց տալու հմտություններին:

Որպեսզի բողոքի ցույցերի մասնակիցները կարողանան նրանց հեշտ ճանաչել, բժիշկները թեւերին կարմիր խաչով թեւկապեր կկրեն: Նրանք հույս ունեն, որ այդ թեւկապերը կօգնեն իրենց պաշտպանել ոստիկանների կողմից հարձակումներից:

«Մեր տեղեկություններով՝ արդեն մի քանի բժիշկներ վիրավորվել են: Ոստիկաններն ընդհանրապես հաշվի չեն առնում, թե ով է իրենց առջեւ, ինչ մասնագետ է, ինչու է այստեղ…»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում 11-րդ օրն է՝ բողոքի ցույցեր են ընթանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Հիշեցնենք նաեւ, որ ապրիլի 23-ի 11:00-ի դրությամբ Երեւանի հիվանդանոցներում են գտնվում փողոցային բողոքի ցույցերի ժամանակ տուժած 4 մարդիկ: Նրանցից մեկը բուժում է ստանում «Հերացու» թիվ 1 համալիրում, եւս մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում եւ 2-ը՝ «Էեբունի» ԲԿ-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել