• Latest news

Որովայնի շրջանում ճարպային կուտակումները վտանգավոր են անգամ նորմալ քաշի դեպքում

23 ապրիլի, 2018  23:49

Շատերին թվում է, եթե նրանք նորմալ քաշ ունեն, ապա որովայնի շրջանում ճարպային կուտակումները վտանգավոր չեն: Իրականում, սակայն այսպես կոչված վիսցերալ կամ ներքին ճարպը սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգի նույնպիսի գործոն է, ինչպես ճարպակալումը:

Այս մասին նշվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները ներկայացվել են Լյուբլյանայում Եվրոպական սրտաբանների հանրության (European Society of Cardiology) համաժողովում:

Ուսումնասիրությանը մասնակցել է Օլմսթեդ շրջանի 1692 բնակիչ: 1997-ից մինչեւ 2000 թվականը չափել են նրանց քաշը, հասակը, ազդրերի եւ գոտկատեղի շրջագիծը, որից հետո մինչեւ 2016 թվականը վերահսկել են սրտանոթային հիվանդությունների առկայությունը, ինչպիսիք են սրտի նոպաները կամ կաթվածը:

Ստացված տվյալների համաձայն՝ քաշի նորմալ ինդեքսով եւ որովայնի շրջանում ավելորդ ճարպով մեծահասակների մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը երկու անգամ ավել է եղել որովայնի շրջանում ավելորդ ճարպ չունեցողների համեմատ:

«Դուք պետք է գնաք բժշկի մոտ ձեր սրտանոթային համակարգի առողջությունը եւ ճարպի բաշխումը գնահատելու համար, եթե ձեր կազմվածքը «խնձորի» ձեւ ունի՝ գոտկատեղն ավելի լայն է, քան կոնքը», – ասել է հետազոտության ղեկավար Խոսե Մեդինա-Ինոխոսան Մինեսոտայի Մայո կլինիկայից:

Գոտկատեղի շրջանում ավելորդ ճարպը կոչվում է կենտրոնական կամ ներքին ճարպակալում:

Այն առաջին հերթին կապված է քիչ մկանային զանգվածի հետ եւ վկայում է առողջության վատ վիճակի մասին: Այս դեպքում որովայնի ներսում մեծ քանակությամբ ճարպ է գոյանում, որը շրջապատում է ներքին օրգանները: Այն կուտակլվում է նստակյաց կենսակերպի կամ սթրեսների դեպքում:

Առողջության համաշխարհային կազմակերպությունը կենտրոնական ճարպակալումը որոշում է որպես գոտկատեղի շրջագծի հարաբերակցություն կոնքի շրջագծին 0.9 եւ բարձր (տղամարդկանց համար), 0.85 եւ բարձր (կանանց համար) կամ մարմնի զանգվածի ինդեքս 30 եւ ավելին:

Նոր տվյալները կասկածի տակ են դնում միայն մարմնի զանգվածի ինդեքսից ընթացիկ կախվածությունը առողջ քաշի որոշման ժամանակ: Մարմնի զանգվածի նորմալ ինդեքսով մարդիկ (18.5-ից մինչեւ 24.9) չպետք է ավտոմատ կերպով բացառվեն ռիսկային խմբից, քանի որ այս ցուցանիշը ցույց չի տալիս, թե որտեղից է առաջանում քաշը, ինչպես նաեւ մկանային զանգվածի եւ ավելորդ ճարպի քանակը: Գիտնականները կարծում են, որ առողջության վիճակի լավագույն գնահատականը կարող են տալ գոտկատեղի չափի եւ մարմնի զանգվածի ինդեքսի ցուցանիշի իմացությունը:

Կենտրոնական ճարպակալման դեպքում նպատակը գոտկատեղի ծավալի փոքրացումն է, ոչ թե քաշի կորուստը: Դրա համար անհրաժեշտ է.

հրաժարվել վատ սովորություններից,

պարբերաբար մարզվել (առնվազն 150 րոպե )

առողջ դիետա, որը ներառում է անյուղ միս, ընկույզներ, լոբազգիներ, տարբեր տեսակի բանջարեղեն, ամբողջական ցորենից տարբեր տեսակի մթերքներ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է