• Latest news

Բժշկական 5 հայտնագործություն, որոնք կարծրատիպերը կոտրում են (ֆոտո)

25 ապրիլի, 2018  10:56

Գիտության զարգացման արդյունքում բժշկության վերաբերյալ նախկինում լայնորեն տարածված պատկերացումները, որոնք անփոփոխ էին համարվում, կասկածի են ենթարկվում կամ հերքվում: Սակայն այս սխալ կարծիքը դեռ երկար շարունակում է գերակշռել: «ՌԻԱ Նովոստի»-ն առաջարկում է ազատվել մի քանի մոլորություններից:

Նյարդային բջիջները չեն վերականգնվում

Գիտնականները կարծում էին, որ ուղեղում նեյրոնները չեն վերականգնվում: Եթե նյարդային բջիջը մահանում է, ապա նրա գործառույթները վերաբաշխվում են մնացյալների միջեւ: 1990-ականներին պարզել են, որ նոր նեյրոնները ձեւավորվում են երկու տեղում՝ հիպոկամպի հոտառության կոճղեզում եւ ատամնավոր պատյանում: Վերջերս Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները ցույց են տվել, որ տարեց մարդկանց ուղեղի նյարդային բջիջները նույնքան արագ են վերականգնվում, որքան երիտասարդների մոտ:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 14-ից մինչեւ 79 տարեկան 28 մարդկանց ուղեղի հիպոկամպը: Նրանք բոլորը մահացել էին դժբախտ պատահարի հետեւանքով: Գիտնականներին հետաքրքրում էր ուղեղում ցողունային բջիջների թիվը, քանի որ բջիջների հատկապես այս տեսակից են այնուհետեւ առաջանում նեյրոնները: Պարզվել է, որ չնայած տարեցների մոտ այն ավելի քիչ է, քան երիտասարդների մոտ, դա չի ազդել հիշողության կենտրոնում նոր նեյրոնների ձեւավորման արագության եւ հաճախության վրա: Նեյրոններն առաջացել են նյարդային բջիջների պատրաստուկների այլ տեսակներից, որոնց թիվը տարիքին զուգահեռ չի կրճատվում:

Կալորիաները միատեսակ են յուրացվում

Վերջերս պարզվել է, որ յուրացված կալորիաների քանակը կախված է սննդի ֆիզիկական հատկանիշներից, դրա պատրաստման ձեւից, գործածման ժամանակից ու մարդու անհատական առանձնահատկություններից։ Այսինքն՝ նույն գազարը տարբեր մարդկանց կարող է կալորիաների տարբեր քանակություն տալ։

Ճապոնացի հետազոտող Կիոկո Օկան 2003-ին հայտնաբերել է, որ եթե առնետներին կերակրեն նույնատեսակ՝ բայց տարբեր ձեւով պատրաստված ուտելիքով, ապա դա կանդրադառնա նրանց քաշի վրա։ Փորձում ներառված առնետների կեսը ստանում էր սովորական հատիկավոր կեր, իսկ մյուս կեսը՝ այդ նույն հատիկավոր կերը, սակայն նախաճաշային փաթիլների տեսքով։ Արդյունքում՝ փաթիլներով սնվող առնետները միջինը 37 գրամով ավելի էին գիրացել, քան նրանց մյուս ցեղակիցները։ Նրանց մոտ նաեւ 30 տոկոսով շատ էր ճարպի քանակը։

Մի խումբ գիտնականներ՝ Ջեֆրի Գորդոնի ղեկավարությամբ, հետազոտել են երկվորյակների, որոնցից մեկը տառապում էր ճարպակալումով։ Երկուսի աղիներից  վերցրել են միկրոօրգանիզմներ ու դրանք տեղավորել մկների աղիների մեջ,  դրանք նախապես մաքրելով  միկրոֆլորայից։ Ավելորդ քաշ ունեցող երկվորյակի բակտերիաները ստացած կրծողները նույնպես գիրացել են։ Չնայած կենդանիների երկու խմբերն էլ նույն սնունդն էին գործածում։ Այդ փորձից գիտնականները եզրակացրել են, որ գործածվող կալորիաների քանակը կախված է նաեւ աղիներում բնակվող միկրոօրգանիզմների կազմից։

Մտավոր ունակությունները մորից են փոխանցվում

Ամերիկացի գիտնական Ռոբերտ Լերկեն գիրք է գրել այն մասին, որ մտավոր ունակությունների համար պատասխանատու գեները մորից ժառանգելու հավանականությունն ավելի բարձր է։ Այդ գեները կապակցված են X քրոմոսոմի հետ, որը կանանց մոտ ներկայացված է երկու կրկնօրինակով, իսկ տղամարդկանց մոտ՝ մեկ։ Հետագայում նման տվյալներ են ստացել նաեւ Գերմանիայի Ուլմսի  համալսարանի գիտնականները։ Դա հիմք է ծառայել պնդելու համար, որ երեխաները մտավոր ունակությունները մայրական կողմից են ժառանգում։

Սակայն վերջերս Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների գերմանական կենտրոնի հետազոտողները ցույց են տվել, որը հայրը նույնպես որոշակի պայմաններում ազդում է սերնդի ինտելեկտի մակարդակի վրա։ Գիտնականներն արու մկների մի խմբի տեղավորել են սովորական վանդակների մեջ, իսկ երկրորդ խմբին՝ կատարելագործված վանդակների մեջ, որտեղ կան հատուկ խաղալիքներ ու վազքի անիվներ։ Խթանել են կրծողների հիպոկամպի նեյրոնները՝ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է տեղեկատվության մտապահման համար։ Այնտեղ առաջանում էին ավելի ամուր նեյրոնային կապեր, ու կենդանիները ավելի խելացի էին դառնում։ Սակայն միայն ֆիզիկապես ակտիվ կրծողներն էին կարողանում այդ հատկանիշները փոխանցել իրենց սերնդին։ Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ազդում է սերմնահեղուկի մեջ ՌՆԹ փոքր մոլեկուլների վրա (miRNA212 եւ miRNA132)։ Հենց դրանք են կապակցված ուղեղի զարգացման ու հիշողության հետ։

Ավելորդ քաշը սրտի համար միանշանակ վնասակար է

Կան բազմաթիվ տվյալներ այն մասին, որ ավելորդ քաշով մարդիկ ավելի խոցելի են սրտանոթային հիվանդությունների զարգացման տեսակետից։ Միաժամանակ շատ տվյալներ կան այն մասին, որ ավելորդ քաշը չի խոչընդոտում առողջության պահպանմանը։ Յորքի համալսարանի գիտնականների մի խումբ հավաստիացնում է, որ եթե մարմնի զանգվածի բարձր ցուցանիշներով մարդը ամեն օր ֆիզիկական վարժություններ անի, նրա սիրտը, ամենայն հավանականությամբ, առողջ կլինի։ Հետազոտողները վերլուծել են ճարպակալման չափավոր ու ծանր տեսակներով տառապող 853 մարդու ֆիզիոլոգիական ցուցանիշները։ Պարզվել է, որ սիրտը առողջ է մնում, եթե ավելորդ քաշ ունեցող մարդիկ շաբաթական առնվազն 150 րոպե զբաղվում են սպորտով ։

Չի կարելի Մանտուն թրջել

Սա ամենատարածված մոլորություններից մեկն է։ Ու այն առաջացել է ոչ թե գիտական հետազոտությունների, այլ բժշկական պրակտիկայի արդյունքում։ Բանն այն է, որ մինչեւ 1970-ականները ԽՍՀՄ-ում ենթամաշկային Մանտու պրոբայի փոխարեն (այսպես է կոչվում տուբերկուլյոզի ինֆեկցիայի առկայությունը որոշող թեստը), իրականացվում էր Պիրկե վերմաշկային պրոբան։ Ահա այն իսկապես չէր թույլատրվում թրջել, քանի որ պրոբան քսում էին մաշկի վրա, որը նախապես քերծված էր հատուկ գործիքով։ Տուբերկուլինը հեշտությամբ մաքրվում էր ջրից, դրա համար էլ թեստը ստիպված էին լինում կրկնել։

Ի տարբերություն Պիրկեի, Մանտուն ներարկում են մաշկի տակ, ու այն ջրով մաքրելն այնքան էլ հեշտ չէ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է