• Latest news

4 տարածված առասպել տուբերկուլյոզի մասին. պարզաբանում է բժիշկը

25 ապրիլի, 2018  22:09

Տուբերկուլյոզն աշխարհում ամենատարածված վարակիչ հիվանդություններից մեկն է: Թեեւ դրա մասին արդեն վաղուց հայտնի է, մարդիկ դեռ շարունակում են հավատալ տուբերկուլյոզի հետ կապված մի շարք առասպելներին: Այդ առասպելներից մի քանիսը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բացահայտել է թոքախտաբույժ, «Բժիշկներն առանց սահմանի» կազմակերպության հայկական առաքելությունից Հակոբ Աճեմյանը:

Առասպել 1. Թոքախտով հիվանդանում են միայն սոցիալապես անապահով մարդիկ

Իրականում այս հիվանդությունից ոչ ոք ապահովագրված չէ՝ ոչ հարուստբները, ոչ աղքատները: Քանի որ հիվանդությունն օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում, յուրաքանչյուրը կարող է դրանով վարակվել: Ավելին՝ դրանով արդեն շատերն են վարակված: Ինչպես նշել է մասնագետը, աշխարհում ամեն 4-րդ մարդը վարակված է տուբերկուլյոզով, սակայն նրա իմունային համակարգը թույլ չի տալիս հիվանդությանը զարգանալ: Որոշակի պայմաններում, եթե օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, հիվանդությունը կարող է գլուխ բարձրացնել:

Առասպել 2. Տուբերկուլյոզն անբուժելի է

Իրականում տուբերկուլյոզը բուժելի է եւ բուժումը տեւում է 6 ամսից մինչեւ 2 տարի՝ կախված հիվանդության տեսակից. հակաբիոտիկների հանդեպ զգայուն տեսակների բուժումը տեւում է 6 ամիս, իսկ հակաբիոտիկների հանդեպ հիվանդության կայուն տեսակների բուժումը 2 տարի է ձգվում եւ նման հիվանդներին այլ դեղամիջոցներ եւ բուժման այլ սխեմաներ են անհրաժեշտ: Ինչպես ընդգծել է մասնագետը, եթե հիվանդը հստակ հետեւի իրեն բուժող բժիշկների խորհուրդներին եւ չընդհատի բուժումը, ապա, ամենայն հավանականությամբ, կբուժվի:

Առասպել 3. Տուբերկուլյոզը ժառանգաբար է փոխանցվում

Իրականում տուբերկուլյոզը ժառանգաբար չի փոխանցվում: Տուբերկուլյոզը վարակիչ հիվանդություն է, այն օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում: Երբ տուբերկուլյոզով հիվանդը հազում է, օդում հայտնվում են տուբերկուլյոզի միկրոմանրէները, որոնք կարող են վարակել այդ օդը շնչող մարդկանց:

Առասպել 4. Տուբերկուլյոզով հիվանդ մարդը միշտ վարակիչ է

Այս առասպելը հանգեցնում է տուբերկուլյոզով հիվանդների ստիգմատիզմին, սակայն այն իրականությանը չի համապատասխանում: Ինչպես բացատրում է մասնագետը, բուժման ժամանակ, եթե այն արդյունավետ է, շատ հիվանդներ դադարում են վարակիչ լինել եւ կարող են վերադառնալ նորմալ կյանքին՝ շարունակելով, իհարկե, իրենց բուժումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել