• Latest news

Ի՞նչ քայլեր է պետք առաջին հերթին ձեռնարկել առողջապահության ոլորտում․ մասնագետ

7 մայիսի, 2018  15:50

Վերջերս Հայաստանում առողջապահական համակարգը հաճախ է քննադատությունների ենթարկվում՝ բժշկական ծառայությունների անմատչելիության, նախարար Լեւոն Ալթունյանի կտրուկ քայլերի պատճառով՝ դա վերաբերում է եւ՛ սոցփաթեթի փոխանցմանը ապահովագրական ընկերություններին, եւ՛ էլեկտրոնային ապահովագրության ներդրմանը, եւ՛ դեղերը դեղատոմսերով դուրս գրելու կարգին, եւ՛ շատ այլ բաների։ Մոտ ժամանակներս կառավարությունում հնարավոր են փոփոխություններ։ Այն հարցերին, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել այդ ոլորտում առաջին հերթին, պատասխանում է առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը։

Մասնագետի կարծիքով, պետծառայողներին ապահովագրական ընկերությունների միջոցով բժշկական ծառայությունների տրամադրումը ճիշտ մոտեցում է, բայց այստեղ պետք են որոշ ուղղումներ։ Նախ՝ սխալ է, որ սոցփաթեթի շահառուն զրկված է ապահովագրական ընկերությունն ինքնուրույն ընտրելու հնարավորությունից, երկրորդ՝ սոցփաթեթով տրամադրվող մի շարք բժշկական ծառայությունների արժեքը նվազեցված է։  Առհասարակ, ինչպես նշում է Արսեն Թորոսյանը, նույն ծառայությունների դիմաց պետությունը տարբեր սոցիալական խմբերի,  օրինակ, զինծառայողների ու սոցփաթեթի շահառուների համար տարբեր գներով է վճարում , ինչն անհեթեթություն է։ Այդ գները, նրա կարծիքով, պետք է հավասարեցնել։ Բայց տարվա կեսին գները նվազեցնելն անթույլատրելի է (ինչպես դա արեց Լեւոն Ալթունյանը, երբ նոր էր նախարար նշանակվել), քանի որ դրանք ամրագրված են պայմանագրային պարտավորություններում, իսկ ահա դեպի բարձրացում դրանք վերանայել հնարավոր է։

Արսեն Թորոսյանը ենթադրում է, որ նոր կառավարությունը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի 2019-ի սկզբից սոցիալապես անապահովների ու արտոնություններից օգտվողների բուժսպասարկումը նույնպես իրականացվի ապահովագրական ընկերությունների միջոցով։ Նման դեպքում պետական բժշկական ապահովագրությունը կընդգրկի արդեն բնակչության մեկ հինգերորդը ու դրա հիման վրա հնարավոր կլինի իրականացնել անցում դեպի պարտադիր բժշկական ապահովագրություն։ Պարտադիր ապահովագրության հաջողությունը, նրա խոսքով, կախված կլինի երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակից, նրանից, թե գործատուն կամ հենց ինքը աշխատողը որքանով ի վիճակի կլինեն վճարել այդ ապահովագրության համար։ Եթե ապահովագրության գինը ցածր լինի՝ Արսեն Թորոսյանի կարծիքով, դա չի ապահովի առողջապահության նորմալ զարգացում։

Ինչ վերաբերում է էլեկտրոնային առողջապահությանը՝ ապա Արսեն Թորոսյանի կարծիքով այս հարցում պետք է վերանայել ներդրման մեթոդներն ու ժամկետները։ Այս պահին համակարգը գործում է պետպատվերի ու սոցփաթեթի մասով ու դա պետք է պահպանել։ Բայց համակարգին մասնավոր ընկերությունների՝ ստոմատոլոգիական կլինիկաների, դեղատների եւ այլ ընկերությունների միացումը պետք է կասեցնել ու սկսել քննարկումներ ու վերապատրաստումներ, որպեսզի համակարգի յուրաքանչյուր մասնակից իմանա, թե ինչ առավելություններ է այն իրեն տալու։ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի» ու նրա սակագների հարցում, մասնագետի կարծիքով, պարզաբանումներ են պետք։ Ինչո՞ւ հատկապես այդ օպերատորը, որտե՞ղ են փաստաթղթերը, որոնք վկայում են օպերատորի ընտրության համար մրցույթի անցկացման մասին, ինչո՞ւ են սակագներն այդքան բարձր։ Սրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանները պետք է պարզվեն։

Դեղերը դեղատոմսերով դուրս գրելու նոր կարգի մասին կառավարության որոշումը, մասնագետի կարծիքով, նույնպես պետք է կասեցնել, քանի որ այն իրականում չի գործում։ Ու պետք է կազմակերպել լայնածավալ քննարկումներ բժիշկների հետ, որոնց հիման վրա այնուհետեւ պետք է վերանայել տվյալ որոշման բոլոր խնդրահարույց կետերը, որոնք բուռն հասարակական արձագանք են առաջացրել։

Առողջապահության նախարարության կառուցվածքը նույնպես պետք է վերանայվի։ Պետք է գործառույթները պատվիրակել նախարարությանն առընթեր մարմիններին՝ Առողջապահության պետական գործակալությանը, տեսչական մարմնին, Առողջապահության ինստիտուտին եւ այլն։ Դրանով իսկ բեռնաթափել ԱՆ աշխատակազմն ու դրա գործառույթները։ Երբ ԱՆ-ն դադարի զբաղվել գումարների բաշխումով՝ այդ ժամանակ այն իրոք կկարողանա զբաղվել առողջապահության քաղաքականությամբ, օրինակ դեռ դպրոցահասակների շրջանում առողջ կենսակերպի քարոզչությամբ։

Նաեւ Արսեն Թորոսյանը համարում է, որ «հիվանդապահությունից» առողջապահություն անցում կատարելու համար պետք է ուժեղացնել առողջապահության առաջնային օղակը։ Նախ, այստեղ պետք է բարձրացնել բժիշկների աշխատավարձերը, երկրորդ՝ ստեղծել աշխատանքի համար մրցունակ պայմաններ, ու եթե այդ պայմաններում որոշ պոլիկլինիկաներ փակվեն, ապա ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա՝ խորհրդային անախրոնիզմներից պետք է ձերբազատվել։ Բայց խոսքը պոլիկլինիկաները գրչի հարվածով փակելու մասին չէ, դա պետք է լինի բնականոն գործընթաց։ Պետք է նաեւ ներդնել նոր սքրինինգային ծրագրեր հիվանդությունների կանխարգելման համար ու այդ հարցում նույնպես առաջնային օղակի դերը պետք է բարձրանա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել