• Latest news

«Երկրորդ իմունային համակարգը» փչացնում է անձնական կյանքը

10 մայիսի, 2018  18:53

Մարդիկ հավանաբար ունեն ոչ թե մեկ, այլ երկու իմունային համակարգ՝ առաջինը օրգանիզմը ախտածիններից ֆիզիկապես է պաշտպանում, իսկ երկրորդը գիտնականները կոչում են վարքագծային իմունային համակարգ (behavioral immune system): Մարդու մոտ վարքագծային իմունային համակարգի առկայության մասին հայեցակարգն ընդամենը 10 տարվա պատմություն ունի, սակայն նախկինում էլ շատ հետազոտություններ ցույց են տվել, որ մարդու վարքագիծը փոխվում է, երբ հայտնվում է այս կամ այն հիվանդությամբ վարակվելու սպառնալիք։

Մարդն անզեն աչքով չի կարող տեսնել բակտերիաները կամ վիրուսները, բայց նա ունակ է նույնականացնել մեկ այլ մարդուց հաղորդվող ազդանշանները (օրինակ հազը, տհաճ հոտերը կամ մաշկի ախտահարումը), որոնք նախազգուշացնում են վտանգի մասին։ Երբ մարդը որսում է այդ ազդանշանները՝ միանում է նրա վարքագծային իմունային համակարգը, որը սկսում է ազդել նրա վարքագծի վրա՝ ստիպելով պահպանել զգուշավորություն ու հեռավորություն։

Չնայած ամբողջ ակնհայտ օգտակարությանը՝ վարքագծային իմունային համակարգը կարող է նաեւ վնասակար լինել՝ խանգարելով հարթել սոցիալական կապերը։ ՄաքԳիլ համալսարանի (Կանադա) գիտնականները հավաստիացնում են, որ վարքագծային իմունային համակարգի ակտիվացումը հանգեցնում է կանխակալ վերաբերմունքի ձեւավորմանը այն մարդու հանդեպ, որից բխում է սպառնալիքի մասին ազդանշանը։

Գիտնականները որոշել են պարզել, թե ինչ է տեղի ունենում, երբ միաժամանակ ակտիվանում են երկու ֆունդամենտալ ու տվյալ դեպքում մրցակցող ցանկությունները՝ գտնել ու պաշտպանվել հիվանդությունից։ Նրանք հետազոտություն են իրականացրել՝ 18-35 տարեկան հետերոսեքսուալ մարդկանց մասնակցությամբ, որոնց մի մասը համացանցում է ծանոթացել (66 մարդ), իսկ մյուս մասը՝ իրական կյանքում՝ էքսպրես ժամադրություններում (121 մարդ)։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Persinality and Social Psychology Bulletin ամսագրում։

Վերջին դեպքում վարքագծային իմունային համակարգը հաճախ չար կատակ էր խաղում տղաների ու աղջիկների հետ․ ակտիվանալով՝ այն դեպքերի 80 տոկոսում ավտոմատ կերպով արգելակում էր շփումը շարունակելու խթանը, նույնիսկ երբ կամավորները շատ բարձր էին գնահատում զուգընկերոջ գրավչությունը։

Հետազոտության հեղինակ Նացումի Սավադի խոսքով՝ հիվանդությունների ենթագիտակցական վախն ազդում է նրա վրա, թե ինչպես են մարդիկ վերաբերվում միմյանց։ Հետաքրքրական է, որ վարքագծային պաշտպանական համակարգի աշխուժացումը կախված է նրանից, թե որքանով է մարդն ընկալունակ հիվանդության հանդեպ, որը կարող է սպառնալ նրան։ Այդ սկզբունքով է մշակվել «պոտենցիալ խոցելիության սանդղակը», որը որոշում է, թե ինչ չափով է դրսեւորվելու պաշտպանական մեխանիզմը։ Օրինակ՝ մի դեպքում վտանգի մասին արտաքին ազդանշանը կարող է առաջացնել թեթեւ գրգռվածություն, իսկ մյուս դեպքում՝ անդառնալի նողկանք, պարզաբանում են հոգեբանները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է